ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին զորակցելուց հետո ընդդիմադիր պատգամավորներն ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Գրեթե ողջ աշխարհից հնչում են Ադրբեջանին ուղղված կոչեր, որպեսզի բացեն Լաչինի միջանցքի փակ ճանապարհը, իսկ ընդդիմությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց։
Ընդդիմադիրների նպատակը եղել է և մնում է նույնը՝ իշխանափոխություն ամեն գնով, այդ թվում Հայաստանի ինքնիշխանության ու սուվերեն տարածքների հաշվին։
Հիշեցման կարգով տառաճանաչ ընդդիմադիրների համար։
Նոյեմբերի 9-ի հայտարարություն. 6-րդ կետ.
«Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: