Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում. ուստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը եւ կատարելագործումը: Այս մասին Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
«Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։
Ապաստան հայցողների եւ փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարեւոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների եւ տարեկան հաղորդումների, անդրազգային եւ ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ եւ ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը:
Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը եւ կատարելագործումը:
Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության եւ խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:
Պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային եւ միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները եւ ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները եւ պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման եւ վերջինիս անփոփոխելիության հարցում»,- նշվում է իր ուղերձում: