Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք

Անցած շաբաթ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը թողեց պաշտոնը՝ պաթոսով հարուստ մի տեքստով. «Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

«Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» արտահայտությունն ամենաշահագործվածն է ՔՊ պաշտոնյաների կողմից, եթե անգամ նրանց գործողությունները որևէ աղերս չունեն պետական օրակարգի հետ:

Այս իրավիճակը ես անընդհատ նմանեցնում եմ դատական ակտերի հետ, երբ դատավորները «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերով հերթական վճիռն են կայացնում արդարադատության դեմ:

Ինչքան հասկացանք, Ռոմանոս Պետրոսյանի նոր «առաքելությունը» լինելու է ՀԷՑ-ի պետականացումը, մի գործընթաց, որն ուղեկցվում է սահմանադրական խախտումներով, ինչն առաքելություն կոչելը, մեղմ ասած, խնդրահարույց է:

ՀԾԿՀ-ն, այնուամենայնիվ, Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ:

Պետրոսյանը ոլորտի մասնագետ չէ, նա Փաշինյանի թիմի առանցքային ներկայացուցիչ է, ՔՊ վարչության անդամ:

Հենց այստեղ էլ խնդիրներ են առաջանում:

Եթե նույնիսկ իրավական նորմերը ֆորմալ առումով պահպանված են, քաղաքական շահերի բախման և շահերի կոնֆլիկտի տեսանկյունից ՀԾԿՀ-ի գործողությունն ընկալվում է որպես քաղաքական միջամտություն:

Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը չունի քաղաքական չեզոքության բավարար ռեպուտացիոն երաշխիքներ, ինչը խորացնում է հանրային անվստահությունը գործընթացի նկատմամբ։

Հանրային ընկալման դաշտում որոշումը դիտարկվում է որպես իշխանության կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վերահսկողության վերցնելու փորձ, այլ ոչ թե օրինական կարգավորման միջոց։

Առնվազն տպավորություն է առաջանում, որ գործընթացի նպատակը սեփականատիրոջից կառավարման լծակների հեռացումն է:

Չմոռանանք՝ առջևում ընտրություններ են, իսկ ՀԷՑ-ի ռեսուրսն իշխանությանը պետք է:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց