Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի: Կատարվում է քննություն, ինչպես սովորաբար ասվում է այդ դեպքերի մասին հաղորդագրություններում:
Իսկ նկատե՞լ եք, որ այդպիսի հաղորդագրությունները Հայաստանում գրեթե հայտնվել են հանրային ուշադրությունից դուրս: Հիշու՞մ եք, թե շատ տարիներ առաջ ինչ աղմուկ էր բարձրանում ոչ միայն այսպես ասած խաղաղ պայմաններում որեւէ զոհի կապակցությամբ, ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով որեւէ մահվան դեպքի կապակցությամբ, այլ նույնիսկ բռնության որեւէ միջադեպի:
Քանի՞ քանի այսպես ասած քաղաքացիական կառույցներ ու իրավապաշտպաններ կային, որոնց հիմնական զբաղմունքը հենց այդպիսի դեպքերն էին, որոնք Հայաստանի զինված ուժերի մի հրեշավոր նկարագիր էին կառուցում ամեն այդպիսի դեպքից հետո:
Հիմա ու՞ր են նրանք: Հիմա հազվադեպ մարդիկ են մնացել, որոնք շարունակում են այդ մակարդակում զբաղվել բանակում բռնությունների եւ մահվան դեպքերով, անկախ ամմեն ինչից:
Իսկ ու՞ր են մյուսները, ու՞ր է այն «կոհորտան», որ անասելի աղմուկ էր անում ամեն մի դեպքից հետո: Այսօր դրա բացակայությունը վկայում է, որ այդ աղմուկը ուներ մեկ խորքային նպատակ, այսպես ասած՝ պատճառահետեւանքային սնուցում՝ քաղաքական շարժառիթներ ու խնդիրներ: Իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական, որովհետեւ աղմկարարների գործունեության հիմնական ֆինանսավորման աղբյուրը որպես կանոն արտաքին էր:
Ստատուս-քվոյի փոփոխությունից, հայկական բանակը պարտության մատնելուց, Հայաստանի զինված ուժերը իբրեւ ռազմա-քաղաքական սուբյեկտ ըստ էության կազմալուծելուց հետո, այլեւս այնտեղ ներքին հարաբերությունների որակն ու մակարդակը այսպես ասած քաղաքացիական «բոմոնդի» ճնշող մեծամասնությանը հետաքրքիր չէ:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան





