ՀԲԸՄ-ն աշխարհի առաջնորդներին և ԶԼՄ-ներին կոչ է անում բացահայտել հայերին էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի կեղծ պատրվակները

22

20 սեպտեմբերի, 2023 թ.

Երեկ, մինչ պետությունների ղեկավարների և միջազգային լրագրողների ուշադրությունը սևեռված էր Նյու Յորքում կայացող ՄԱԿ-ի ամենամյա գլխավոր ասամբլեայի վրա, Ադրբեջանը որոշեց իրագործել իր անօրեն ծրագրի հաջորդ փուլը՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով Արցախի պաշտպանական ուժերի դեմ՝ նպատակ հետապնդելով Արցախի ժողովրդին դուրս հանել իր հայրենի հողից։ Ադրբեջանը նաև հայտարարեց, որ խաղաղ բնակչությանը «տարհանելու անվտանգ ճանապարհ» կտրամադրվի։

 Այս ենթադրյալ բարեգութ քայլը ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլ նաև համաշխարհային լրատվամիջոցների կողմից պատշաճ և համապատասխան համատեքստով չի ներկայացվում: Հետևաբար՝ սա միայն նպաստում է, որ Ադրբեջանն իրագործի իր ծրագիրը՝ տարածաշրջանից մաքրելով հայկական կյանքի, հայ մշակույթի և պատմության բոլոր հետքերը:

 Կեղծ պատրվակով, թե Արցախի պաշտպանական ուժերը հրահրել են ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողությունները՝ իբր ականապատելով ինչ-որ տարածքներ, որի պատճառով ադրբեջանցիներ են մահացել, Ադրբեջանը ևս մեկ անգամ արդարացնում է իր ագրեսիվ գործողությունները չհիմնավորված պնդումներով, որոնք միջազգային հանրությունը և համաշխարհային լրատվամիջոցներն առանց երկմտելու ընդունում են որպես բացարձակ ճշմարտություն։ Հենց այս կեղծ ռազմավարությունն է թույլ տալիս Ադրբեջանին խախտել ՄԱԿ-ի կողմից սահմանված՝ էթնիկ զտումներն ու ցեղասպանությունը կանխելու դեմ օրենքներն ու կոնվենցիաները: Փաստացի, Ադրբեջանի ռազմական լկտի գործողությունները և հարկադրված տարհանումները ցինիկ ուղերձ են համաշխարհային հանրությանը, որն ուղարկվում է հենց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի աշխատանքային շաբաթվա ընթացքում: Ադրբեջանն աշխարհին հայտնում է, որ ի զորու է դեմ գնալ աշխարհակարգի օրենքներին։ Նրանց պնդումների ճշմարտացիությունը չի ստուգվում ոչ մի մարմնի կողմից կամ կիրառած ագրեսիան չի դիտարկվում որպես ցեղասպան վարքագիծ՝ չնայած նրան, որ վերջերս այն դատապարտվել է իրավապաշտպան մարմինների և փորձագետների, ինչպես նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների պետական ​​պաշտոնյաների կողմից:

Հաշվի առնելով տասնամյակներ շարունակ՝ ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմն ու դրան հաջորդող ժամանակաշրջանը, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ բոլոր հնարավոր հանցագործությունները հայերի դեմ իրագործելու փաստը՝ համաշխարհային առաջնորդներն ու լրատվամիջոցներն ամենայն լրջությամբ պետք է հետաքննեն Ադրբեջանի կողմից հորինված պատմությունները և խուսափեն չեզոք հայտարարություններից և զեկույցներից, որոնք հայերին ներկայացնում են ամենատարբեր տեսանկյուններից, բայց ոչ որպես ակնհայտ զոհ։

ՀԲԸՄ-ն հավատացած է, որ ժամանակն է վերջ տալու Հայաստանի և Ադրբեջանի միջև «երկու կողմերի մեղավորությունը» շեշտող լուռ քաղաքականությանը՝ հաշվի առնելով Արցախում ծայրահեղ ծանր վիճակը:

«Միջազգային հանրությունն այդպես էլ չկարողացավ ճշգրիտ ձևակերպում տալ այս հակամարտությանը, իսկ այդ ընթացքում Արցախի ժողովուրդն իր պապենական հողերից վտարվելու շեմին է հայտնվել», — նշում է աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպության՝ ՀԲԸՄ-ի նախագահ Պերճ Սեդրակյանը։

 «Բազմաթիվ փաստագրված վկայություններ կան, որոնք ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի դեմ բռնություն չի նախաձեռնել, այլ  փոխարենը մշտապես փնտրել է իրավական ուղիներ՝ պահպանելու Արցախի պատմական կարգավիճակը՝ որպես ինքնավար քաղաքական միավոր։ Հայերը փորձեցին ինքնապաշտպանվել ռազմական ճանապարհով միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել՝ զրկելու հայերին իրենց ինքնորոշման իրավունքից։ Ըստ ամենայնի՝ Ադրբեջանը հավատացած է, որ շրջափակված, ճնշված և էթնիկ խտրականության ենթարկված մարդկանց խումբն իրավունք չունի պայքարելու իր ապրելու իրավունքի համար»,- շարունակեց Սեդրակյանը:

Ադրբեջանը մշտապես եղել է ագրեսիա նախաձեռնողը, ինչը հանգեցրել է մի շարք  մահացու և հանցավոր գործողությունների, այդ թվում՝ Արցախի իննամսյա շրջափակմանը, քիմիական զենքի կիրառմանը, ռազմագերիների խոշտանգումներին, հայկական եկեղեցիների և քրիստոնեական սրբությունների պղծմանը և քաղաքացիական անձանց թիրախավորված հրետակոծմանը։ Այս բոլոր հանցագործությունները պետք է հաշվի առնվեն ընթացիկ ճգնաժամի մասին զեկուցելիս կամ մեկնաբանելիս։

«Համատեքստը, ծանրակշիռ ապացույցները և անկողմնակալ փաստահավաք առաքելություններն են ճշմարտության և արդարության հասնելու միակ ճանապարհն այս դեպքում»,- ասում է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ և ԶԼՄ-ների հետ կապերի փորձագետ Արդա Հարաթունյանը: «Դա աշխարհի պարտքն է հայերի հանդեպ, ովքեր մեծապես տուժել են նման կեղծ հավասարությունից և կողմնակալ զեկույցներից։ Երբ արդյունքը ժողովրդավարական և խաղաղ ժողովրդի ոչնչացումն է և անմեղ մարդկանց, այդ թվում՝ երեխաների սպանությունը, լիարժեք և ճշգրիտ լուսաբանումը վճռորոշ է»։