Խնդրում եմ չշփոթել․ սա գլխավոր դատախազի տարեկան զեկույց չէ․ ԲԴԽ նախագահը՝ «Իմ քայլի»-ի պատգամավորին

133

ԲԴԽ նախագահը և դատական իշխանությունը հաշվետու չեն ԱԺ-ին, հետևաբար պարտավորություն չունեմ պատասխանելու քաղաքական բնույթի հարցերին։ Այս մասին ԱԺ-ում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ արձագանքելով «Իմ քայլ»-ի պատգամավորի դիտարկմանը, որ ԲԴԽ նախագահը քաղաքական բնույթի հայտարարություն է արել։

«Խնդրում եմ չշփոթել՝ սա գլխավոր դատախազի կամ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույց չէ։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ես այստեղ եմ և ինձ տալիս եք 3 տարվա ընթացքում ծառացած բոլոր այն հարցադրումները, որոնք ցանկանում եք ուղղել դատական իշխանությանը։ Մենք պատրաստ ենք բաց քննարկման և ցանկացած պատգամավորի, որն ունի հարցեր դատական իշխանության վերաբերյալ, պատրաստ ենք հրավիրել ԲԴԽ՝ ցանկացած հարց քննարկելու համար, սակայն այսօր օրակարգում Վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2 թեկնածուների քննարկման հարցն է։ Քաղաքական, դատական իշխանության, իմ գործունեությանը վերաբերող հարցերին այսօր չեմ պատասխանելու։ Երեկ համբերատար փորձեցի պատասխանել, այսօր չեմ պատասխանելու»,-ասաց ԲԴԽ նախագահը։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԲԴԽ նախագահին կոչ արեց չսահմանափակել ԱԺ պատգամավորների հարց տալու իրավունքը, իսկ Ռուբեն Վարդազարյանին հարց տված պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց․ «Ինձ թվում է՝ դուք ընդունեցիք, որ քաղաքական էր ձեր հայտարարությունը։ Կարծում եմ՝ դուք հաշվետու եք ԱԺ-ին և ժողովրդին։ Մենք ներկայացնում ենք ժողովրդին և դուք պարտավոր եք պատասխանել մեր հարցերին, հաշվետու լինել, որովհետև դատական իշխանության նկատմամբ կա շատ մեծ անվստահություն»,-նշեց պատգամավորը։