ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց այդ երկրի վարչակազմի փոփոխությունից 6 օր առաջ։
ԱՄՆ-Վրաստան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը ստորագրվել է 2009 թ-ի հունվարի 9-ին, իսկ հունվարի 20-ին արդեն պաշտոնապես նախագահ դարձավ Բարաք Օբաման։ Այսինքն՝ թուղթը ստորագրվեց վարչակազմի փոփոխությունից 11 օր առաջ։
Սա կարող է խոսել այն մասին, որ մեր տիպի երկրների համար ԱՄՆ-ում կա ավանդույթ. հեռացող վարչակազմերը ստորագրում են նման փաստաթուղթ՝ ի նշան համատեղ նախկին աշխատանքի։
Եթե Վրաստանի համար սա ժեստ էր Սահակաշվիլիի արկածախնդիր ու ընդգծված խելագար հակառուսականությանը, որը հանգեցրել էր տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական վատացմանը (այսինքն ժեստ էր արդեն կայացած փաստին), ապա Հայաստանի պարագայում դա կարող է համարվել բոնուս՝ ապագա տարածքային կորուստների և ՌԴ-ի հետ հարաբերությունների էական սրման համար։
Պակաս կարևոր չէ, թե ով է փոխարինում փաստաթուղթ ստորագրած վարչակազմերին։ Դեմոկրատ Օբաման այլ թեմա է, հանրապետական Թրամփը՝ իր հեղափոխական հայացքներով՝ լրիվ այլ։
Թրամփը կարող է ընդհանրապես չհիշել այս փաստաթղթի մասին և կառուցել խիստ պրագմատիկ հարաբերություններ մեր տարածաշրջանում, կամ ընդհանրապես չկարևորել Հարավային Կովկասը։
Այդ դեպքում մեզ կմնան միայն տարածաշրջանային երկրների և Ռուսաստանի հետ վատացող հարաբերությունները։
Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»