Արդեն երկու ամիս շարունակ մայրաքաղաքը ալեկոծվում է տրանսպորտի թանկացման լուրերից։
Բնակչությունը փորձում է տարատեսակ մանուկ պաշտոնյաների բացատրությունների, կեղծ հաշվարկների ետևում գտնել որևէ խիղճ, որևէ կարեկցանք և տնտեսագիտական բացատրություն, գիտելիք։
Զո՛ւր հույսեր:
Քաղաքական այս վարչախումբը երբեք ետ չի կանգնելու իր հակաժողովրդական քաղաքականությունից, և խոշոր հաշվով Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչողի համար բնավ էական չէ տրանսպորտի թանկացումը։
Այո, այդ վարչախումբը, նրա առանցքային դեմքերը, տեղերում դրանց մանկլավիկները ահռելի ակտիվների տեր են դարձել, անընդհատ գերթանկարժեք առանձնատներ, մեքենաներ են գնում, կահավորում և այդ ամենն անում են բյուջեի հաշվին կամ բյուջե չգնացող ֆինանսների հաշվին։
Այս իմաստով բացառիկ բնութագրական է մայրաքաղաքը կառավարող պաշտոնյաների օլիմպիական հեռավորությունը հասարակ մարդկանցից։
Միջին վիճակագրական երևանցին երբեք չէր կարող պատկերացնել, որ նիհարիկ, դալուկ, օրվա գարեջրի փողը չունեցող ջահելները կարող են արագ կերպով հասնել և անցնել տեղի և արտասահմանյան շքեղ կյանքով ապրողներին, կատարել զեխ ու շվայտ ծախսեր բյուջեի հաշվին։
Քաղաքապետ աշխատողը խոստովանեց, որ այո, ինքը մոտ ութ միլիոն դրամ արժեցող տոմսով է ուղևորվել ԱՄՆ։ Եվ դա այն դեպքում, երբ նրա պատվիրակության անդամները նույն ինքնաթիռի նույն սալոնում թռիչքի համար վճարել են 10 անգամ էժան։ Խոստովանողը քպ անդամին հատուկ վարքագծով մեղքը գցեց իբր ինչ-որ թերացողների վրա, իբր ինչ-որ սխալ պլանավորման վրա և խոստացավ վերականգնել վատնված գումարը։ Դե, սրանց արդեն վեց տարի ճանաչում ենք և գիտենք ուղնուծուծով։
Հիմա դիմում եմ երևանցիներին ու ներկայացնում, թե այդ տոմսի գնով ինչ կարելի էր անել:
Խոսքը ութ միլիոն դրամի մասին է։
1. Ութսուն հազար երևանցիներ կարող էին մեկ անգամ օգտվել քաղաքային տրանսպորտից։ Ութսուն հազարը Երեւանի բնակչության 10 տոկոսն է։
2. Քսանհինգ հազար երևանցիներ կարող էին մեկական հաց գնել։ Հավատացեք, որ թոշակառուներից շատերը հացի փող իսկ չունեն։
Երեւանի քաղաքապետը առնվազն պետք է հրաժարական տա և լքի մայրաքաղաքի կառավարման ղեկը։
Գիտակցել է պետք, որ նրա ցանկացած պնդում, խոսք, հանձնարարական այլևս չունի վստահություն և լրջագույն խաթարում է բերելու հանրային կառավարման մեջ։ Հրաժարականը մի ուշացրեք:
Երևանցին սպասում է ձեր քայլին։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ