Ապրիլի 18-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միակողմանիորեն հայտարարեց, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Դրան հաջորդեց նրա «քաղաքակիրթ» գործընկերոջ ելույթը Բաքվից, որով սույն հանցագործ պետական կազմավորման պարագլուխը պահանջեց Հայաստանից ոչ միայն պարզապես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև Արցախը նրա կազմում, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությունից պահանջեց լքել այն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Ենթադրելով, որ այս երկու գործընկերների ելույթները փոխհամաձայնեցված էին և նպատակ ունեին ահաբեկել հայ ազգին, ցանկանում եմ ի պատասխան հայտարարել հետևյալը՝
1. Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում: 1918-1920 թվականներին, երբ այդ պետությունը արհեստականորեն կազմավորվել է օսմանյան զենքի հովանավորությամբ, Արցախը եղել է վիճելի տարածք, և կառավարվել է Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից, իսկ Ազգերի Լիգան էլ այն դիտարկել է հայաբնակ տարածք և նախատեսել է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետության մաս:
Հետագայում, թեև այն օկուպացվել է խորհրդային զորքերի կողմից և հարկադրաբար մտցրվել Խորհրդային Ադրբեջանի կազմ, Արցախը օժտված է եղել ինքնավար մարզի կարգավիճակով, և խորհրդային օրենքներով իրավունք է ունեցել անջատվել Խորհրդային Ադրբեջանից, ինչից այն օգտվել է, օրինական հանրաքվեով անջատվելով Ադրբեջանից 1991 թ. դեկտեմբերին: Այդ պահից ի վեր, Արցախը զենքը ձեռքին պաշտպանել է իր անկախությունը, կայացել է որպես գործող պետություն, և Ադրբեջանը չի կարողացել հաստատել իր վերահսկողությունը նրա վրա, չնայած մի քանի ագրեսիվ պատերազմներին, զանգվածային ռազմական հանցագործություններին, և Արցախի բնակչության նկատմամբ շարունակվող հոգեբանական տեռորին:
2. Իր իսկ «Պետական անկախության մասին» Սահմանադրական ակտով ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը, ուստի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում անիմաստ է: Ադրբեջանի և Արցախի միջև սահմանները կարող են որոշվել բանակցությունների միջոցով, այն պայմանով, որ Ադրբեջանը ճանաչի Արցախը որպես իրավահավասար բանակցող կողմ:
3. Հայաստանի Հանրապետությունը նախկինում երբևիցե որևէ ակտով չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խորհրդային սահմաններում: 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա պարբերական հղում են կատարում երկու գործընկերները, ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին, և չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանը խորհրդային սահմաններում ճանաչելու համար, քանի որ այն պահին, երբ Ադրբեջանը միացավ այդ հռչակագրին, այն արդեն իսկ չէր վերահսկում Լեռնային Ղարաբաղը:
4. 2007 թ հրապարակված, և 2009 թ. Ադրբեջանի և Հայաստանի կողմից որպես բանակցությունների հիմք ընդունած Մադրիդյան սկզբունքներում հստակորեն արձանագրված է, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով, որը հենվում է նրա բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա: Ավելին, ուժի կիրառումը որևէ կերպ չի կարող չեղարկել այդ իրավունքը, որը բխում է ՄԱԿ կանոնադրությունից և ԵԱՀԿ Հելսինկիի Եզրափակիչ ակտից՝ արդի միջազգային իրավունքի երկու հիմնաքարային փաստաթղթերից:
5. Եւ վերջապես, ՀՀ Սահմանադրությունը չի օժտում վարչապետի պաշտոնում գտնվող անձին՝ ճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականությունը: Կառավարությունը միայն իրավունք ունի բանակցել միջազգային պայմանագրեր, իսկ դրանք ուժի մեջ են մտնում միայն Սահմանադրական դատարանում հաստատվելուց, Ազգային ժողովում վավերացվելուց, և Նախագահի կողմից ստորագրելուց հետո:
Ուստի ցանկացած պաշտոնատար անձ, որը փորձում է խոսել կամ գործել Հայաստանի անունից առանց համապատասխան լիազորության, փաստացի խախտում է ՀՀ սահմանադրական կարգը, և վաղ թե ուշ ենթարկվելու է պատասխանատվության՝ իր լիազորությունների չարաշահման և սահմանադրական կարգի տապալման համար:
Ամփոփելով վերոնշյալը, կուզեի վերահաստատել, որ ոչ Հայաստանի վարչապետի պաշտոնում գտնվող անձը, և ոչ էլ նրա մարդատյաց գործընկերը որևէ իրավասություն չունեն՝ բռնակցելու Արցախը Ադրբեջանին, տեղահանելու և հայրենազրկելու նրա քաջարի ժողովրդին, և փակելու մեր պատմության վերջին էջը: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հայ ժողովուրդը դադարեցնի դիմադրությունը, անմռունչ ենթարկվի նրանց կամքին, թույլ տա իրեն կռտել և պատվազրկել, և գլխիկոր հեռանա իր պատմական հայրենիքից:
Համոզված եմ, որ որքան էլ այս երկուսը փորձեն ահաբեկել մեզ, դա տեղի չի ունենա, մենք արդեն հիմա բարձրացնում ենք մեր գլուխը, և պատրաստվում ենք պայքարի նոր փուլի՝ մեր կյանքի իրավունքի և ազատության համար: Յուրաքանչյուրս այսօր պետք է մեր մեջ հաղթահարենք մեր ներքին վախերն ու երկմտանքը, գիտակցենք, որ սա պայքար է մեր ազատության, արժանապատվության և մեր հավաքական ազգային ապագայի համար, և մեր հստակ և կազմակերպված գործողություններով խափանենք թշնամու մարդատյաց պլանները: Աստված զորավիգ մեր հայրենիքին և ազգի բոլոր պայքարող զավակերին։