Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փաշինյանի ժողովրդավարության «էվոլյուցիան»

     Փաշինյանը պատասխանեց հարցերի: Այս անգամ ՝ ոչ լրատվանմիջոցների ու հանրային հատվածի ներկայացուցիչների, այլ՝  միայն  Հանրային հեռուստաընկերության հարցերին:  Ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ հռչակած Փաշինյանն այլեւս չի կարող շփվել  ժողովրդի եւ որեւէ  խմբի հետ՝ անգամ առցանց ասուլիսի ձեւաչափով, անգամ  զտված ու ընտրովի  հարցերով:

    2018-ի իշխանափոխությունից հետո երկրի առաջին դեմքի մասնակցությամբ ասուլիսները մի քանի ժամ էին տեւում:  Նա, իհարկե, դժկամությամբ եւ բուռն էր արձագանքում  քննադատական հարցերին,  բայց, փաստն այն է, որ այդ ասուլիսնեը տեղի էին ունենում առկա ձեւաչափով: Լրագրողների հետ հանդիպումների համար ընտրվում էին հատուկ դահլիճներ, անգամ ՝ քաղաքներ:  

     Ե՞ րբ իրավիճակ փոխվեց:  2020-ի 44-օրյա պատերազմից, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրելուց ու Արցախի մեծ մասը հանձնելուց հետո Փաշինյանի անմիջական շփումը մեդիայի հետ բացառվեց:

  Ասուլիսների ձեւաչափը փոխվեց:  Նա սկսեց պատասխանել  նախապես ստացված, ընտրված ու զտված հարցերին, մինչեւ որ հայաստանյան  լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվեց նրան որեւէ հարց ուղղել:

     Ու թեեւ սեպտեմբերի 30-ի  հարցազրույցի ընթացքում սենյակում ու տեսախցիկների մոտ նա  մենակ չէր,  տպավորություն էր, թե հարցերի հեղինակն էլ է ինքը, պատասխաններինն էլ:  Մի քանի րոպե անց (երեւի չդիմանալով քննադատություններին,  որոնք քաղաքացիներն անում էին մեկնաբանությունների դաշտում ) հանրայինը փակեց նաեւ մեկաբանությունների բաժինը:   Այստեղից թերեւս կարելի է մեկ հետեւություն անել՝   փաշինյանական «ժողովրդավարության»  վերջը եկել է:

  Նա  այլեւս պատրաստ չէ լսել պարզ ճշմարտություններ, այլապես էլի քաղաք ու համապաստախան դահլիճ կընտրեին, կհրավիրեին լրագրողների: Ու թերեւս նրանց ներկայությամբ այս հարցազրույցի 90 կամ ավելի տոկոսը այլ կերպ կհնչեր.  լրագրողների  մեծ մասը տարիներ շարունակ լուսաբանել ու քաջ տեղյակ է հայաստանյան ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին: