Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Տխուր արձանագրություններ Եվրանեսթից

Փետրվարի 21-22-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերագային համալիրում,   տեղի ունեցան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի, ինչպես նաեւ  քաղաքական, էներգետիկ, տնտեսական եւ սոցիալական  հանձնաժողովների նիստերը:

Երեւանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պատգամավորներին:

Քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է Հարավային Կովկայի անվտանգությանը վերաբերող հարց. այդ համատեքստում  քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման:

Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդը վերահաստատել է, որ պատերազմը հակամարտությունները լուծելու միջոց չէ,  եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ պետք է ստանա ամբողջական, խաղաղ բանակցային լուծում:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին հարցն ընդգրկված  չի եղել, սակայն Հարավային Կովկասում անվտանգության թեմայի քննարկման ժամանակ պատգամավորները բարձրաձայնել են ռազմագերիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում անդրադարձել է այս խնդիրներին, բայց առանձին բանաձեւ, օրակարգային հարց, առավել եւս՝ փաստաթուղթ  այս թեմաներով նախատեսված չի եղել:

«Մենք պարբերաբար խոսում ենք Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին,  նաեւ Ալիեւից ենք լսում խաղաղության համաձայնագրի մասին ուղերձներ, սակայն  խոսքերը եւ գործողությունները պետք է համապատասխանեն: Նիստի մասնակից հայ պատվիրակները շեշտել են Ադրբեջանում պահվող ռազմագերիների անհապաղ վե¨ադարձի մասին, սակայն ադրբեջանցի պատգամավորների արձագանքն այն եղավ, որ նրանք  տարանջատում  մտցրին  պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերեվարվածների միջեւ»,- ասել է Մարիա Կարապետյանը:

Ադրբեջանցի պատգամավորները հայտարարել են, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան, բոլորը վերադարձվել են Հայաստանին: Նրանք, ովքեր Բաքվի բանտերում են, ընդամենը օրինախախտներ են:

Նրանք նաեւ պնդել են, թե արցախյան հակամարտությունը լուծված է:

Պնդմանը հետեւել  է  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից  Արման Եղոյանի արձագանքը. «Ադրբեջանի պատվիրակները մի քանի անգամ կրկնեցին դա: Երեւի ուզում են իրենք իրենց համոզել, որ հակամարտությունը վերջացած է: Հակամարտությունը չի կարող վերջանալ միայն այն պատճառով, որ այդ մասին հայտարարում են՝ առանց վերացնելու պատճառները»:

Եղոյանը թեման մեկնաբանել է՝ հիմքում դնելով Ադրբեջանում քարոզվող ու խրախուսվող հայատյացության քաղաքականությունը:

 «Այդ պատճառներն ավելի խորն են, դա Ադրբեջանում ատելությունն է հայերի  եւ այն ամենի հանդեպ, ինչը կապված է Հայաստանի հետ: Բերեմ ամենաթարմ  ապացույցներից մեկը՝  հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից ջնջելը:

Ցանկանում եմ  եվրոպացի գործընկերների ուշադրությունը հրավիրել հետեւյալ  փաստի վրա: Ի՞նչ է կատարվել Նախիջեւանում հայկական գերեզմանների, խաչքարերի  հետ. ոչնչացրել  եւ գետն են  լցրել:

Սովետական Ադրբեջանում կես միլիոն  հայեր է ապրել, հիմա հարց՝  որտե՞ղ են  նրանք: Օրինակ՝ Բաքվի, Սումգայիթի հայերն ո՞ւր են, նրանց հետ ի՞նչ է եղել: Եթե ասում եք, թե Ադրբեջանը բազմամշակութային, բազմազգ  երկիր է, ապա ո՞ւր են այդ հայերը»,-ադրբեջանցի պատգամավորներին հարցրել է Արման Եղոյանը:

Ի դեպ, ադրբեջաբցիներն իրենց ելույթում նշել են, թե իբր հայերը՝ որպես էթնիկ խումբ, Ադրբեջանում վերաինտեգրվելու, վերահաստատվելու հնարավորություն ունեն:

Արման Եղոյանը պնդել է, որ հակամարտությունները լուծվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, մեկմեկու կյանքը, իրավունքները  հարգելու մթնոլորտում միայն:

Եվրանեսթի նիստերից մեկին շնորհանդես է ներկայացվել, որի ընթացքում ցուցադրվել է Լեռնային Ղարաբաղի տարածքը: Ադրբեջանցի պատգամավորներն անմիջապես բողոքել են: Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության եւ ձեռներեցության հանձնաժողովի նախագահ Թայիր Միրկիշիլին դժգոհել է. «Դուք սլայդի վրա քարտեզ եք ցույց տվել, որի վրա Ադրբեջանի մի մասը ոչ կոռեկտ է ներկայացված: Կարծում եմ՝ սա սադրանք է»:

Ադրբեջանցիները պահանջել են, որ ցուցադրվելիք շնորհանդեսներն ու սլայդները նախօրոք ստուգվեն  հետո միայն ցուցադրվեն էկրանին:

Անգամ եթե հայ պատգամավորները  հակադարձել են ադրբեջանցիներին, դրանք արձագանքի մակարդակում են եղել, ոչ ավելի: Հայաստանին, Արցախին վերաբերող օրհասական, կենսական, անվտանգային, իրավական նշանակության որեւէ հարց Եվրնաեսթի օրակարգ չի մտել, մինչդեռ  շատ արագ օրակարգ է մտել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հարցը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց  երկու օր անցկացվեցին  բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում էին իրավապաշտպաններ, ադրբեջանագետներ, ընդդիմադիր գործիչներ: Իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաեւ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներ:

«Ինչպե՞ս կարող էիք թույլ տալ, որ Երեւան գան մեր որդիներին սպանողները: Գուցե հենց այդ երկու պատգամավորների հարազատներն են սպանել մեր տղաներին: Թույլ չտայիք, պայման դնեիք՝ կա՛մ վերադարձնում եք ռազմագերիներին, կա՛մ բոյկոտում ենք ադրբեջանցիների մասնակցությունը Եվրանեսթին: Մեր զավակները կյանք են տվել մայր հողի համար, հիմա այդ հողի վրայով քայլում են երկու ադրբեջանցիներ, մենք ինչպե՞ս հանդուրժենք դա: Դեռ որքա՞ն են այս իշխանությունները մեր ցավն անարգելու, ադրբեջանցիների առաջ սողալու»,- բողոքում էին հերոսածին մայրերը:

Փետրվարի 22-ի երեկոյան երիտասարդ դաշնակցականները բողոքի ակցիա են կազմակերպել «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, որտեղ հյուրընկալվել են Եվրանեսթի բազմազգ մասնակիցները, այդ թվում՝ ադրբեջանցիները:

Շատ չանցած՝ կարմիր բերատավորները, բիրտ ուժ կիրառելով, սկսել են բերման ենթարկել խաղաղ ցուցարարներին, նրանցից մեկի ձեռքը կոտրվել է: Բերման է ենթարկվել նաեւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Այս փաստը Հայաստանի ժուռնալիստների մոիւթյան նախագահ Սաթիկ Սեյրանյանը խստորեն դատապարտել է՝ նշելով, որ ոչ ոք իրավունք չունի լրագրողի աշխատանքը խոչընդոտել, եթե նա ցույց է տվել իր մասնագիտությունը հաստատող փաստաթուղթ:

Բերման ենթարկված 26 ցուցարարների  նկատմամբ խուլիգանության հոդվածով քրեական գործ է հարուցվել:

Ի՞նչ հետեւություն կարելի է անել այս ամենից: Ի՞նչ են պատմելու ադրբեջանցիներն իրենց երկրում: Բնական է՝ պիտի գլուխ գովեն, թե Հայաստանում իրենց հարգեցին, պատվեցին, հյուրասիրեցին, հայ ոստիկաններն ուժեղ հսկողությամբ ապահովեցին  իրենց անվտանգությունը: Եվրանեսթի նիստերին խոսել են՝ ինչ ուզել են, պահանջել են՝ ինչ ուզել են, Արցախի տարածքները ցույց տալու համար աղմուկ են բարձրացրել,  հայերին անվանել են սադրիչներ: Նաեւ հյուրանոցի պատուհաններից տեսել են, թե հայ կարմիրբերատավորներն ինչպես են վազվզում հայ ցուցարարների մեջ, գոռում. «Սաղին մտցրեք ավտո, տարեք սաղին, ոչ մեկին չթողեք» ու չափահաս-անչափահաս՝ բոլոին  բերման ենթարկում:

Եթե ազգային իշխանություն ունենայինք, բողոքի ցույցերը հենց նրա՛նք պետք է կազմակերպեին, նրա՛նք պետք է  նախաձեռնեին ընդվզում, բոյկոտ, պահանջ: Նրա՛նք պետք է ամեն քայլի դիմեին, անգամ սիրաշահեին եվրոպացի պատգամավորներերին, որպեսզի վերջիններս ադրբեջանցի պատվիրակներից  պահանջեին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:

 Իսկ եղավ ճիշտ հակառակը՝ Հայաստանի անատամ իշխանություններն ամեն բան արեցին ադրբեջանցիների ուզածով, անգամ պատվախնդրության, արժանապատվության, արդար ցասումի ցույցերը ճնշեցին՝ ի տես իրենց բարեկա՜մ ադրբեջանցի երկու պատգամավորի:

Ու այս ամենը՝ ընդամենը երկու ադրբեջանցու համար: Նրանք եղել են նաեւ Երեւանի պարսկական Կապույտ մզկիթում, միասին նկարվել այնտեղ: Նրանցից Թաիր Միրկիշիլին նաեւ գրառում է արել. «Մենք Կապույտ մզկիթում էինք: Սա, որքան գիտենք, Ադրբեջանի միակ հուշարձանն է, որ պահպանվել է Երեւանում: Չնայած այն հանգամանքին, որ նրա պատերին կան այլ պետության մասին արձանագրություններ, սակայն նրա պատերը, ճարտարապետությունը, ներքին ոգին մեզ են պատկանում: Մենք զգացինք այդ հարազատությունը, կարծում եմ՝ մզկիթն էլ է դա զգացել: Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այդ մզկիթում»:

Հայաստանի իշխանություններից, Երեւանի քաղաքապետարանից, բնականաբար, որեւէ արձագանք, առավել եւս հակադարձում երկու երազկոտ ադրբեջանցիներին, չենք սպասում, բայց հույս ունենանք, որ գոնե իրանցիները չեն լռի:

Պարսկական Կապույտ մզկիթը՝ ադրբեջանակա՞ն: Երբ 1730-40-ականներին Նադիր Շահի ժամանակներում կառուցվել է Կապույտ մզկիթը, Մուհամմեդ մարգարեի մտքով անգամ չէր անցնի, որ 2 դար հետո Լենին-Ստալին բռնակալները ադրբեջանցի անունով ինչ-որ միավորում են հորինելու, ուրիշի հայրենիքից բռնազավթած տարածքներում մի ցուցատախտակ տնկեն ու վրան գրեն՝ Ադրբեջան, որպեսզի այն տարածաշրջանի գլխին դառնա պատուհաս:

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը դիվանագիտական սպանիչ նրբերանգով կարել է ադրբեջանցիների բերանը այսպիսի պատասխանով. «Իրանական արվեստի խորհրդանիշ հանդիսացող Կապույտ մզկիթը շատ ակտիվ դերակատարում է ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում որպես աղոթատեղի եւ հավաքատեղի Հայաստանում ապրող մահմեդականների համար, ինչպես նաեւ ունեցել է զբոսաշրջային գրավչություն: Շատ հաճելի է, որ դարավոր գրվածքները պահպանվել են: Կարո՞ղ եք դրանք կարդալ»:

Պատմության մեջ կմնա, որ 1990-ններից՝ 30 տարի, ոչ մի ադրբեջանցու ոտք չի մտել Հայաստանի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն, իսկ Փաշինյանի իշխանության օրոք այդ պղծումը կատարվեց: Փաշինյանը կշեռքի մի նժարին դրեց երկու ադրբեջանցու, մյուսին՝ 26 հայ ցուցարարների ու նրանց դեմ քրեական գործ հարուցեց:

Պատմության մեջ կմնա, որ Փաշինյանի կառավարման ժամանակ ՝ 2021 թվականի փետրվարի 21-22-ը, նրա կամակատարները ջերմորեն ընդունել են ադրբեջանցի պատվիրակներին, նրանց դուդուկի տակ «Տրնգի» պարել, հրամանները կատարել, բայց, օրինակ, «Յասաման» ռեստորանը հրաժարվել է Եվրանեսթի պատվիրակներին հաց տալ, քանի որ այդ կազմում նաեւ ադրբեջանցիներ են եղել:

Ադրբեջանցիներն էլ որոշել են դուրս չգալ հյուրանոցի իրենց համարներից եւ այնտեղ էլ սնվել են:

Մեղմ ասած՝ գող, սիրտը՝ դող…

ՆԱԻՐ ՅԱՆ