Քարտեզագիտության եւ մշակույթի պատմության անվանի հետազոտող Ռուբեն Գալչյանը պատասխանում է Պրահայում (Չեխիա) լույս տեսնող «ՕՐԵՐ» ամսագրի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆի հարցերին
Ռուբեն Գալչյանը ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում, գաղթական հայերի ընտանիքում, ովքեր 1915 թվականին փախել էին Վանից՝ փրկվելով Ցեղասպանությունից եւ Իրան ժամանելով Հայաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի միջոցով: Թեհրանում դպրոց հաճախելուց հետո Ռուբենը կրթաթոշակ ստացավ Մեծ Բրիտանիայում սովորելու համար: 1963 թվականին ավարտելով Բիրմինգհեմի Ասթոնի համալսարանը՝ ստացավ ճարտարագետի կոչում: Նա աշխատել է գազի եւ նավթաքիմիական արդյունաբերություններում, սակայն Գալչյանի հետաքրքրությունը աշխարհագրության եւ քարտեզագրության նկատմամբ սկսվել է դեռ վաղ տարիքից: Իսկ լրջորեն ուսումնասիրել է այս թեման 1970-ականներից: 1981 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ նրան հասանելի են եղել քարտեզագրական բազմազան նյութեր: Նրա առաջին գիրքը՝ «Հայաստանի պատմական քարտեզները. քարտեզագրական ժառանգությունը» (I. B Tauris, London, 2004) վերնագրով պարունակում է քարտեզների եւ Հայաստանի քարտեզների հավաքածու, որն ընդգրկում է 2600 տարվա ժամանակաշրջան, քարտեզներ՝ որոնք նա հավաքել է աշխարհի տարբեր գրադարաններից: Նա մոտ տասը քարտեզագրական ու պատմական գրքերի հեղինակ է: Գալչյանը օտարալեզու տարբեր ամսագրերում տպագրված մի շարք քարտեզագրական հոդվածների հեղինակ է: Նա բազմաթիվ դասախոսություններ է կարդացել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Իրանում եւ Հայաստանում: Հայկական պատմական քարտեզագրությանը մատուցած ծառայությունների համար նա 2008թ. նոյեմբերին արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման: 2009թ. եղել է «Վազգեն Ա» մշակութային նվաճումների մեդալակիր: Նա ամուսնացած է, ապրում է Լոնդոնում ու Երեւանում:
–Պարոն Գալչյան, ինչպե՞ս նախաձեռնեցիք Հայաստանի քարտեզների գիրքը:
– Ճիշտն ասած՝ դպրոցական տարիքից հետաքրքրված եմ եղել քարտեզագրությամբ եւ քարտեզներով: Թավրիզում, որտեղ ծնվել եմ, մեր տան պատին Եվրոպայի քարտեզ կար: Հիշում եմ, հայրս ռուսական ռադիոն լսելով, քարտեզի վրա գծում էր, թե պատերազմի գիծը որտեղ է: Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերն էին: Այդ քարտեզից սկսվեց իմ հետաքրքրությունը քարտեզների նկատմամբ: Իհարկե, դպրոցական տարիներին փորձում էի քարտեզներով հետաքրքրվել, բայց Պարսկաստանում տարբեր քարտեզներին ծանոթանալու այդքան մեծ հնարավորություն չկար: Պարսկաստանի հեղափոխությունից հետո տեղափոխվեցի Անգլիա, ուր վեց ամսով աշխատանքի էին հրավիրել եւ այդ վեց ամիսը դարձավ 40 տարի:
–Ո՞ր բնագավառում էիք ուսանում կամ աշխատում, եթե չեմ սխալվում նավթարդյունաբերության ոլորտում էիք:
– Նախ բարձրագույն ուսումս ստացել էի այստեղ՝ Անգլիայում, մասնագիտությունս էլեկտրոնիկ ինժեներություն էր: Հետո վերադարձել էի Պարսկաստան եւ աշխատում էի նավթագազային եւ նավթաքիմիական արդյունաբերության մեջ՝ նավթային ընկերությունում: Դա 1964-1980 թվականներին էին: Իսկ պատերազմից հետո, երբ արդեն գործ չկար, ինձ աշխատանքի հրավիրեցին Լոնդոն: Իմ գալուց հետո Իրան-Իրաք պատերազմը սկսվեց ու այդպես էլ մնացի Լոնդոնում:
Անգլիայում արդեն առիթ ստեղծվեց ծանոթանալու ամբողջ աշխարհի քարտեզագրական մշակույթին: Միայն Բրիտանական գրադարանում 4,5 միլիոն քարտեզ կա: Այդ տարիներից սկսեցի մանրակրկիտ ուսումնասիրություններ կատարել: Նայում էի այդ հին միջնադարյան քարտեզները եւ զամարնում, թե ինչ բարձր որակի արվեստի աշխատանքներ կան դրանց մեջ, եւ ափսոսում էի, որ շատ մարդ դրանցից տեղյակ չի: Եւ սկսեցի նյութեր հավաքել, գրքեր կարդալ: Այժմ մոտ 300 հատոր քարտեզագրության գրքեր ունեմ, որոնք բոլորն իմ քարտեզների հավաքածուի հետ միասին 2013 թ. նվիրել եմ Մատենադարանին:
Ընդհանրապես, քարտեզների մասին գրքեր տպագրելու գաղափարն սկսվեց ընկերոջիցս՝ Շահենից, ով նախ առաջարկեց օրացույց տպագրել: Այդպիսով լույս տեսավ քարտեզներով մեծ օրացույցը, որը մեծ հաջողություն ունեցավ: Այնուհետեւ մի երեք տարի աշխատելուց հետո, նա առաջարկեց, որ պատկերագիրք հրատարակեմ: Այդպես 2004 թ. անգլերենով լույս տեսավ «Հայաստանը միջազգային քարտեզագրության մեջ» գիրքը: Շատ հետաքրքիր քարտեզներ կան դրանց մեջ: Այն դարձավ իր տեսակի մեջ բեսթսելլեր, իսկ հաջորդ տարի՝ 2005-ին Հայաստանում հրատարակվեց գրքի ընդլայնված տարբերակը՝ թարգմանված ռուսերենի եւ հայերենի: Այստեղ բերված քարտեզների օրինակները մաս են կազմում միջազգային քարտեզագրական մշակույթի՝ մ. թ. 500-600 տարի առաջվա քարտեզներից մինչեւ այսօր: Դրանք ներառում են ե՛ւ հունա-հռոմեական շրջանը, ե՛ւ իսլամական, վաղ քրիստոնեական, միջնադարյան շրջանները մինչեւ այսօր: Այս հրատարակության նպատակն էր ցույց տալ, թե օտար աշխարհագրագետներն ու քարտեզագետները ինչպես են ներկայացրել Հայաստանը:
–Քանի՞ քարտեզ եք ընդգրկել:
-Մոտ 130 քարտեզ:
–Որո՞նք են մեր ամենահին քարտեզները, եւ ի՞նչ զարգացում է ապրել հայ քարտեզագրությունը:
– Հայերենով հնագույն աշխարհագրական երկը միջնարդարյան «Աշխարհացույցն» է, որն արդեն ամենուր տպագրվել է, եւ որը պարունակում է գրավոր բացատրություններ աշխարհի, տարբեր երկրների, եւ հատկապես Հայաստանի եւ հարակից երկրների մասին: Դրանից առաջ մեզ չի հասել որեւէ այլ քարտեզագրական փաստաթուղթ:
Հայերեն հնագույն քարտեզը դա մի փոքրիկ աշխարհացույց բոլորակ է, պատրաստված անանուն հեղինակի ձեռքով, հավանաբար Կաֆֆայում: Դրանից շուրջ 3 դար անց կա մի այլ քարտեզ, որը 1990 թվականին Բոլոնիայի համալսարանի գրադարանում գտնված «1691» թվակիր հայերեն ձեռագիր քարտեզն է՝ պատրաստված Պոլսում՝ Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի ձեռքով: Այդ քարտեզը շատ մեծ է եւ ունի 120×320 սմ չափ, ուր ներկայացված են բոլոր հայկական կարեւոր եկեղեցիներն ու վանքերը՝ սկսած Արցախից մինչեւ Պոլիս: Քարտեզը նաեւ պարունակում է մանրամասն բացատրություններ՝ նշված կարեւոր վանքերի ու եկեղեցիների մասին, հատկապես նրանց, որոնք գտնվում էին Օսմանյան կայսրության սահմաններում:
Այնուհետեւ առաջին հայատառ տպագիր քարտեզը՝ 1695-ին Ամստերդամում հրատարակված «Համատարած Աշխարհացույցը», որը չնայած հնագույն հայկական քարտեզը չէ, սակայն առաջին հայերեն տպագիր քարտեզն է եւ ունի հույժ կարեւոր դեր մեր քարտեզագրական ոլորտում: Սա, իրականում հայերեն հնագույն տպագիր աշխարհացույցն է, պատրաստված արեւմտյան քարտեզագրական ոճով եւ կերպարանքով, որոնք հիմնականում գործածվում են մինչեւ օրս: 1747 թ. Վենետիկում լույս է տեսել Համատարած «Աշխարհացույցի» պարզեցված եւ փոքրադիր տարբերակը: 1751 թ. Վենետիկում լույս է տեսել պատմական Հայաստանի քարտեզը, ըստ հին եւ նոր քարտեզագետների եւ աշխարհագրագետների, որը կարելի է համարել Շիրակացու «Աշխարհացույցի» բացակայող քարտեզին փոխարինողը:
19-րդ դարում Վենետիկում հրատարակվել է շուրջ 15 քարտեզ, որոնցից ամենակարեւորներից է 1849 թ. Փարիզում փորագրված եւ Վենետիկում տպագրված «Աշխարհացույց պատկերաց ըստ Արքունի աշխարհագրաց Գաղղիոյ, Անգլիոյ, Գերմանիոյ եւ Ռու-սաց» ատլասը, փորագրված Յովհանն Ամիրայ Տատեանի ծախսով:
19-րդ դարում մեծ թվով քարտեզներ են պատրաստվել եւ հրատարակվել Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում, սկսելով եվրոպական մի քանի երկրների քարտեզներով, իսկ 1850 թ. այստեղ հրատրակվեց առաջին հայկական գունավոր գլոբուսը, որն ունի շուրջ 60 սմ տրամագիծ եւ տեղադրված էր փայտե եռոտանու վրա: Գլոբուսի հեղինակներն էին Արսէն Այտընեանը եւ Հ. Պալճեանը:
Մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը Եվրոպայի տարբեր քաղաքներում, ինչպես օրինակ Բազելում, Բեռլինում, Փարիզում եւ Պոլսում հրատարակվել են հայերեն քարտեզներ, իսկ 19-րդ դարի կեսերին Ցարական Ռուսաստանում հայերի հրատարակած քարտեզներն ընդհանրապես ռուսերենով էին: Առաջին հայալեզու քարտեզներն սկսեցին հրատարակվել 1882թ.ին հիմնականում Թիֆլիսում, ապա մինչեւ 1910 թ. դրանք հրատարակվել են մեծ մասը Թիֆլիսում, մի քանիսն էլ Բաքվում:
1904 թ. Ժնեւի Հայ ուսանողների միությունը հրատարակել է Հ.Պ. Մանիսաչեանի պատրաստած «Հայաստան եւ Հարեւան երկրներ» կոչված մանրակրկիտ քարտեզը:
Քսաներորդ դարասկզբում հայերեն ձեռագիր քարտեզներ է պատրաստել վանեցի Մկրտիչ Խերանյանը, որոնցից մեծ մասը գծված են մեծ հոգատարությամբ եւ գեղեցիկ կերպով ներկայացված են կտորի վրա:
Խորհրդային կարգերի ընթացքում հայկական քարտեզագրությունը վերելք է ապրել: 1923-1940 թթ. Երեւանում լույս է տեսել ավելի քան 90 բազմատեսակ հայերեն քարտեզ, որոնց մեծ մասը վերաբերում են ԽՍՀՄ-ի տարածքին ու 15 հանրապետություններին:
–Ո՞րն էր այս քարտեզներում ամենակարեւորը, որը դուք համարում եք արժեքավոր:
– Ինձ համար անմեակարեւորն այն է, որ բոլոր քարտեզներում, նույնիսկ, երբ Հայաստանն իբրեւ անկախ պետություն գոյություն չի ունեցել, քարտեզագետներն այդ շրջանը կոչել են Հայաստան: Նաեւ նկատել եմ, որ մինչեւ միջնադար 13-14րդ դարեր, ընդհանրապես սահմաններ չկային երկրների միջեւ: Նշվում էին կա՛մ ժողովուրդների անունները, կա՛մ ուղղակի երկրների՝ առանց սահմանների: Քանի որ այն ժամանակ սահմանները շատ փոփոխական էին, հաճախ էին իշխանները հարեւանների հողերը գրավում եւ հստակ սահմաններ չկային: Քանի որ այդ տարածքում ապրում էր հայ ժողովուրդը, ապա այդ պատմական տարածքը նրա անունով մնաց մինչեւ 1925 թվականը: Այդ տարիների ամերիկյան հանրագիտարաններում դեռեւս Հայաստանի տեղում գրված է Արմենիա: Չնայած այդ ժամանակ հայերին արդեն բնաջնջել էին այդտեղից, բայցեւայնպես գրում էին: Մինչեւ որ Աթաթուրքը պարտադրեց, որ այդ տարածքի վրա այլեւս Հայաստան չգրեն, քանի որ Ցեղասպանության հետեւանքով, այդտեղ այլեւս հայեր չկային: Ու այդ ժամանակ էր, որ որոշեցին ամբողջ Թուրքիայի այդ տարածքը Անատոլիա կոչել: Մինչդեռ Անատոլիան այսօրվա Թուրքիայի երկու երրորդն է, միայն՝ 60 տոկոսը: Ցավոք, ամերիկահայ որոշ պատմաբաններն էլ ասում են Հայաստանը Անատոլիայի արեւելքում է, փոխարենը ասեն, որ Հայաստանը Անատոլիայից Արեւելք գտնվող տարածքն է:
–Ի՞նչ տարածում ստացավ այդ գիրքը:
-Այս գիրքը շատ վաճառվեց: Դեռեւս 2012 թվականին 3000ից անցել էր սրա վաճառքը, մինչեռ ընդհանրապես նման գրքերը մինչեւ 200 օրինակ են վաճառվում: Քանի որ աշխարհում նման գրքեր քիչ են գնում, ըստ իմ անգլիացի հրատարակչի գիրքս բեսթսելլեր էր դարձել: Բացի այն, որ վաճառվում է Ամազոն կայքում, նաեւ բաժանել եմ Ամերիկայի եւ Եվրոպայի կարեւոր գրադարաններին:
–Ինչպիսի՞ շարունակություն ունեցավ ձեր աշխատանքը:
– Հետագայում մասնագիտացա միջնադարյան քարտեզագրության մեջ: «Հայաստանը միջնադարյան քարտեզների մեջ» գիրքը հրատարակվեց հայերեն եւ անգլերեն լեզուներով, որն ավելի մասնագիտական քարտեզագրական հրատարակություն է: 2007-ին հրատարակեցի «Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան» գիրքը, որտեղ նաեւ պատկերներ կան եւ որը վերլուծական պատմաաշխարհագրական տեղեկատվություն է տրամադրում ընթերցողներին այս տարածքի վերաբերյալ: Այս գրքում ցույց եմ տվել, թե Հայաստանը որտեղ է եղել, Վրաստանը երբ է հայտնվել այս քարտեզներում, իսկ Ադրբեջանը միայն 1918 թվականին է առաջին անգամ երեւացել քարտեզներում: Դրանից առաջ Ադրբեջան անունով երկիր կոչվել է միայն Պարսկաստանի հյուսիս-արեւելյան նահանգը՝ Ատրպատական անունով:
Այդտեղ նշել եմ նաեւ այն, որ մ.թ.ա. երկրորդ դարում Ալեքսանդր Մեծի զորավարներից մեկը՝ Հերակլեսը, հասել է մինչեւ Իսպանիա վարձկան զորքերով՝ որոնց մեջ էին պարսիկները, մարերը եւ հայերը: Այս վարձկան զորքերը մնացել են այնտեղ եւ չեն վերադարձել իրենց երկրները: Հետո էլ անցել Հյուսիսային Աֆրիկա եւ այնտեղի անքաղաքակիրթ ժողովուրդներին քաղաքակրթություն են սովորեցրել եւ զարգացրել:
Դրանից հետո Արմեն Հախնազարյանի հետ խորհրդակցելով, 2009-ին հրատարակեցի «Հորինված պատմություն.Ադրբեջան եւ Հայաստան.Կեղծիքներ ու Փաստեր» գիրքը՝ անգլերեն,ապա՝ 2010-ին՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով:
Սա ամբողջովին նվիրված է ադրբեջանական պատմական խեղաթյուրումներին, հերքում ենք նրանց կողմից տպագրված կեղծիքները: Մասնավորապես իրենք ասում են, որ հայերը ոչնչացնում են իրենց մշակույթը, իսկ մենք գրքում ցույց ենք տալիս, որ հակառակը, Ադրբեջանն է ոչնչացնում հայկական մշակույթը: 47 միջազգային քարտեզ եմ վերցրել եւ վերլուծել եմ այդ քարտեզները եւ ցույց եմ տվել, թե որտեղ կա Ադրբեջան նշված, եւ իրենց հորինած քարտեզներն եմ ցույց տվել, այդ թվում, որ Պարսկաստանի մեկ երրորդը համարում են Ադրբեջան:
–Ադրբեջանը մեծ աշխատանք է տանում հակահայ քարոզչության ասպարեզում, կեղծ գրքեր են տպագրում եւ տարածում: Ձեր կատարած աշխատանքը որքանո՞վ է հակազդում նրանց: Հայկական պատմագիտությունը խորհրդային տարիներին հոդվածների ձեւով անդրադարձել է այդ կեղծիքներին, բայց լուրջ գրքեր լույս են տեսել միայն վերջին տասնամյակներին:
-Նույնը ես եմ իմ գրքում գրել, որ սովետական տարիներին միայն հոդվածներ էին գրել, այն էլ հայերեն լեզվով, որոնք հասանելի չեն միջազգային հանրությանը: Իմ կարծիքով, դրանց անդրադարձը պետք է լինի միջազգային հարթակներում եւ անգլերեն լեզվով, որպեսզի դա հասանելի լինի օտարներին: Հարեւան հանրապետություններին թույլ չէր տրվում հրատարակել: Ես այժմ նրանց հրատարակած գրքերին եմ անդրադառնում, բայց հետաքրքրական է, որ դրանք վաճառքում չկան, իրենք բաժանում են ըստ ցանկության եւ կարիքի: Իրենց գրքերում եւ դասագրքերում գրում են, որ 5000 տարվա պատմություն ունեն եւ իրենք են քաղաքարկթություն բերել այս տարածաշրջան: Դեռեւս 2009 թվականին կարծեմ Ալիեւը իրենց ակադեմիայում պարզ ասաց, որ կպարգեւատրի նրան, ով ապացուցի, որ Արցախ-Ղարաբաղի տարածքում հայ չի ապրել: Իսկ 2012 ին արդեն ասաց, որ ուրախ է, որ իր առաջարկն ընդունվել է եւ արդեն լավ աշխատանքներ են տրագրվել այդ մասին:
Իմ գրքերից մեկում ես անդրադառնում են այդ պատմական կեղծիքներին: «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում՝ Պարսկաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի քարտեզի վերագծումը» գիրքը նվիրված է մեր շրջանի պատմությանը: Հատկապես գրել եմ այն մասին, որ վերջին 35 տարիներին, դեռ խորհրդային ժամանակներից Ադրբեջանը աշխատել է երկու ուղղությամբ՝ հերքել, որ Կովկասի Հարավային շրջանում հայեր են ապրել որեւէ ժամանակ, երկրորդ՝ որ այդ շրջանում գոյություն ունեցած բոլոր քրիստոնեական հուշարձանները, ոչ թե հայկական են, այլ ալբանական են, Աղվանքի մշակույթին են պատկանում եւ դրանից ելնելով, իրենց ներկայացնում են իբրեւ տարածաշրջանի բնիկներ, իսկ հայերը՝ նորեկներ:
Այդ հարցին նվիրված գրքում կատարել եմ պատմական եւ քարտեզագրական հետազոտություններ, ինչպես նաեւ անդրադարձել եմ լեզվաբանական հարցերի, թե լեզուն, որ այնտեղ խոսում են, որտեղից է եկել, որ Ադրբեջանն անունը որտեղից է առաջացել եւ երբ են անվանել Արաքսից հյուսիս տարածքին՝ Ադրբեջան, այն է՝ 1918 թվականից: Իրենց ակադեմիկոսներն այս առումով երկու խմբի են բաժանվում: Մի մասն ասում է, որ մենք բնիկ թուրքեր ենք եւ պետք է մեզ կոչենք թուրք, քանի որ եկել ենք Կենտրոնական Ասիայից, մյուսներն էլ ասում են՝ «Չէ, մենք աղվանցիների շառավիղներն ենք, մենք աղվանցի պետք է կոչվենք»: Ասում են, որ աղվանցիները քրիստոնյաներ էին, եւ այս տարածքի բոլոր եկեղեցիներն ու հուշարձանները աղվանական էին:
Այստեղ պետք է նշեմ, որ 9-12դ դարից այլեւս քրիստոնյա աղվանները չնչին թիվ էին կազմում: Դրանց 95-98 տոկոսը կրոնափոխ էին եղել եւ դարձել էին մահմեդական: Մի քանի հազար ուդիներն էին, որ մնացել էին քրիստոնյա եւ մինչ օրս կան: Այսինքն 9-12 դարերից այլեւս քրիստոնյա աղվաններ չկային: Մեր եկեղեցիներն ու վանքերը հիմնականում կառուցվել այդ տարածքում 10-19-րդ դարերում: Հարց է առաջանում: Ինչպե՞ս իսլամացած աղվանները կառուցեցին քրիստոնեական եկեղեցիներ ու վանքեր: Արդյո՞ք դա հնարավոր բան էր, որ այդ գործը կատարվեր:
Հաջորդը, դիմելով միջնադարյան ճանապարհորդներին, հույն կամ այլազգի, որոնք անցել են այս շրջանով 10րդ դարից սկսած գրել են, թե ինչպես Հայաստանի գյուղերով ու քաղաքներով անցան, որ օրինակ Գյանջայում (Գանձակ), ըստ իտալացի ճամփորդների ապրում էին միայն պարսիկներ ու հայեր: Ստրաբոնը նույնիսկ գրում է, որ Աղվանքի տարածքում 26 ցեղեր էին ապրում, խոսում էին տարբեր լեզուներով: Այսօր էլ Ադրբեջանում կան դեռ այդ ցեղերից՝ թալիշեր, ուդիներ, լեզգիներ եւ այլն: Նրանց բոլորին ադրբեջանցիներ են դարձնում: Նոր շրջանի պատմության մասին խոսելիս, 17-19-րդ դարի կեսերի մասին իրենց պատմաբանները գրում են, թե որ քաղաքներն են հայաբնակ, որտեղ են հայերը բնակվել, հարկ են վճարել պարսիկ խանին, ինչպես տեղացի ժողովուրդը, որն ի դեպ գրել է պարսկերենով: Բայց թարգմանելով այդ գրքերը՝ դարձնելով ադրբեջաներեն, տառափոխելով, բոլոր հայերի անունները վերացրել են,պարզապես չեն գրել կամ նշել են որպես աղվաններ: Այսինքն այդ գրքերը կեղծելով են թարգմանել:
Կարեւոր մի բան կա, թե ինչու 1918 թվականից հետո տեղաբնակներն սկսեցին իրենց կոչել ադրբեջանցի: Այն ժամանակ երկիրը ղեկավարում էր մուսաֆատ նացիստական կուսակցությունը, ղեկավարը՝ Ռասուզադեն, պարտադրեց, որ հանրապետության անունը դնեն Ադրբեջան, բայց ժողովուրդը մինչեւ 1936 թվական ինքն իրեն թուրք էր կոչում: Միայն կոմունիստական կուսակցության ճնշմամբ եւ պարտադրանքով, նրանց անունները փոխեցին ադրբեջանցու: Ինչո՞ւ պարտադրեցին, քանի որ Ստալինն ասում էր, որ ամեն մի հանրապետություն պետք է ունենա իր հնագույն եւ ուրույն մշակույթն ու պատմությունը: Իսկ երբ երկիրը գոյություն չի ունեցել եւ ժողովուրդն էլ եղել է հիմնականում թրքախոս ցեղեր, Ադրբեջանն իր ինքնությունը պահելու նպատակով պարտադիր յուրացրել ու յուրացնում է ամբողջ տեղական մշակույթն ու պատմությունը:
Նմանապես կենտրոնական Ասիայի հին երկրները, որոնց քաղաքները պարսկական քաղաքակրթության օազիսներ էին եւ ոչ թե երկրներ, որոնք զարգացած պարսկական մշակույթի կենտրոններ էին: Կենտրոնական Ասիայում ապրում էին հիմնականում քոչվոր ցեղախմբեր, որոնք 17-18 դդ.-ից ղեկավարվում էին խաների ու էմիրների կողմից եւ հպատակվում էին Ռուսաստանին: 1926 թ. կոմունիստական գաղափարախոսության շնորհիվ այս երկրները սկսեցին ստեղծել իրենց կեղծ պատմությունը եւ յուրացնել պարսկական մշակույթը: Նույնիսկ Ստալինը մի տեղ գրել է՝ եթե պատմություն չունեք, կարող եք դա հորինել: Այդ մասին մեջբերումներ եմ արել իմ գրքում:
-Ի դեպ, նույն կեղծիքների մասին ասում են նաեւ Վրաստանի պարագայում: Արդյո՞ք այդ շրջանն էլ ուսումնասիրում եք:
-Տեղյակ եմ, բայց այդ թեման չեմ ուսումնասիրում: Ինձ թույլ չեմ տա առանց խորը տեղեկատվություն ունենալու այդ գործով զբաղվել: Խնդիրը շատ մանրակրկիտ հետազոտության կարիք ունի:
– Վերջերս մի քանի լեզուներով լույս տեսան նաեւ ձեր հանրամատչելի գրքերը դպրոցական եւ հետաքրքրասեր հանրության համար. «Հայաստանի սահմանների 2600 տարվա պատմությունը»: Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի են ունենում սահմանազատման եւ սահմանագծման շուրջ բանակցություններ, ի՞նչ դեր կարող է կատարել այդ գիրքը այս հարցում եւ դուք ի՞նչ խորհուրդ եք տալիս, որո՞նք են Հայաստանի Հանրապետության իրական սահմանները: Բացի այդ, այդ գրքում դուք նաեւ ցույց եք տալիս նոր ժամանակներում ինչպես են փոփոխվել Հայաստանի սահմանները, Ադրբեջանի կողմից կեղծված քարտեզները եւ նոր տարածքների զավթումը:
-Վերջին տասնամյակը Հայաստանում ապրելով անդրադարձա, որ մեր ժողովուրդը կրթություն ստանալով խորհրդային դպրոցներում, բավարար եւ ճշգրիտ տեղեկություն ու պատկերացում չունի իր երկրի աշխարհագրական պատմության եւ հատկապես սովետական օրերին կատարված իրադարձությունների մասին: Այս նյութը բացակայում է նաեւ դպրոցական դասագրքերից: Մի քանի տարի առաջ, ժամանակի Կրթության նախարարի հետ խոսելով, առաջակեցի այս նյութն անվելացնել դասագրքերում: Ինձ ընդառաջեց, բայց պաշտոնյաների անտարբերության եւ այլ պատճառներով գործն առաջ չգնաց: Ուստի որոշեցի ինքս գտնել միջոցներ եւ պատրաստել մի գիրք, որի արդյուքը եղավ ձեր վերը նշած հրատարակությունը:
Գիրքն ունի երեք հիմնական մաս: Առաջինը՝ համառոտ ներկայացնում է Հայաստանի աշխարհա-քաղաքական քարտեզագրության պատմությունը: Երկրորդ մասը ներկայացնում է Հայաստանի առկայությունը վերջին 2600 տարվա քարտեզներում, հատկապես պատրաստված օտարների ձեռքով, միաժամանակ շեշտելով դրանցում Ադրբեջանի բացակայությունը, որը տեւեց մինչեւ 1918 թ.:
Երրորդ մասը մանրամասն անդրադառնում է Հայաստանի առաջին հանրապետությանը եւ նրա խնդիրներին, ապա թե ինչպե՞ս Հայաստանի տարածքները կոմունիստական կարգերն ընդունելուց հետո Լենինի ու Ստալինի ձեռքով հանձնվեցին հարեւաններին, ապա թե ինչպե՞ս ստեղծվեցին անկլանվերն ու Հայաստանի արոտավայրերը տրվեցին Ադրբեջանին: Նաեւ այն մասին, թե ինչպիսի կեղծված քարտեզներ էին ներկայացվում հանրությանը:
Բարեբախտաբար ԿԳՄՍ նախարարը գիրքս ընդունեց որպես ուսումնական նյութ եւ տվեց պատկան հրամանագիրը, որի վրա հիմնելով գրքերիցս 2000 օրինակ ուղարկեցի Հայաստանի բոլոր դպրոցներին:
–Այդ սահմանագծման կամ սահմանազատման հանձնաժողովների նիստերին ձեզ հրավիրե՞լ են, ձեր կարծիքը հարցրե՞լ են:
-Երկու հանդիպում եմ ունեցել, որոնցից երկրորդը արդյունավետ էր: Առաջարկ եղավ ապագայում եւս հանդիպել, որին ես ընդառաջեցի ու հայտնեցի ամեն տեսակի օժանդակության պատրաստակամությունս:
–Ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը ցանկանում օգտագործել 1975 թվականի խորհրդային քարտեզները, այլ ոչ թե ավելի վաղ շրջանի, որոնցում, ինչպես դուք եք քանիցս նշել, Հայաստանն ավելի պաշտպանված է եւ ոչ մի անկլավ չի եղել:
-Նշված զինվորական քարտեզները միակն են, որոնք երկկողմ վավերացված են 1969-70թթ. և 1991 թ., սակայն, ինչպես նկատեցիք, դրանք ունեն մի քանի խնդիր:
Ա – Այդտեղ առկա են անկլավները, որոնք քարտեզի վրա երեւացել են 1936-39 թթ. առանց որեւէ հիմքի ու օրինական փաստերի ու որոշումների: Ադրբեջանը պետք է անկլավների ստանալու վերաբերյալ փաստեր ու որոշումներ ներկայացնի:
Բ – Ադրբեջանի սահմանադրական ակտի 2-րդ եւ 3-րդ հոդվածները նշում են, որ իրենք 1918-20 թթ. Ադրբեջանի ժառանգորդներն են ու Խորհրդային Ադրբեջանը չեն ճանաչում: Այս դեպքում ո՛չ իրավասու են անկլավներ պահանջելու եւ ո՛չ էլ Խորհրդային Ադրբեջանին նվիրված հայկական տարածքները պահպանելու, որոնք շուրջ 1200 քառ. կմ. են, եւ տրվել են ԽՍՀՄ-ի կողմից, իրենց չճանաչած Խորհրդային Ադրբեջանին:
Գ – 1928-36 թթ. Հայաստանից ավելի քան 1000 քառ. կմ. արոտավայր է հատկացվել Ադրբեջանին, 1923 թ. որոշմամբ երկրում Կարմիր Քրդստան գավառ ստեղծելու նպատակով, բայց երբ դրա հիմնադրումը չեղարկվեց, Հայաստանից վերցված տարածքները չվերադարձվեցին:
Ի վերջո, մենք պետք է թիրախում ունենանք՝ հասնել Սովետական Հայաստանի 1926 թ. սահմաններին, որտեղ Հայաստանի տարածքը, ըստ Խորհրդային ատլասների, 30,948 քառ.կմ. էր, իսկ Ադրբեջանինը 84,400 քառ.կմ., եւ ոչ թե 86,600: Սրանք են նաեւ այն սահմանները, որն անցյալում ՌԴ նախագահ Պուտինը հիշեցնում էր, որ միայն Մոսկվան դրանք ունի:
Կուզենայի ավելացնել, որ բացի վերոհիշյալ գրքերից, հրատարակել եմ նաև այլ գրքեր, հիմնականում քարտեզագրական ու պատմա-մշակութային նյութերով, որոնք հասանելի են իմ կայքում՝ www.roubegalichian.com.
Հարցազրույցը վարեց ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԸ
«Օրեր», 9-12 (97) 2023