Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Պյոտր Մակեդոնցեւ. «Թավշյա հեղափոխությունից» մինչեւ Արցախի… ի՞նչ

Վերջերս հրապարակվել են ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտի» երկու սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ, որոնք, ըստ ռուսաստանցի քաղաքագետ Պյոտր Մակեդոնցեւի, պատկերացում են տալիս Հայաստանում առկա հասարակական-քաղաքական միտումների մասին: Այդ արդյունքներին նա անդրադարձել է ԵԱՏՄ եւ հետխորհրդային այլ տարածքներում գործող ԵԱԴեյլի-ի (EADaily) լրատվական գործակալության կայքում զետեղված մայիսյան ծավալուն մի հոդվածում:

Առաջին հարցումը վերաբերել է Հայաստանի անվտանգությանը: Հարցվածների թվի 54%-ը մեր անվտանգությունն ապահովող գլխավոր երկիրն են համարել Իրանը, 52%-ը՝ Ֆրանսիան եւ 50%-ը՝ Ռուսաստանը: Հարցվածների համապատասխանաբար 37 եւ 22 տոկոսը որպես անվտանգության երաշխավորների հավատում են ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը:

Հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի գլխավոր քաղաքական գործընկերների գնահատման հարցում: Այժմ այդպիսիք են համարվում Ֆրանսիան (75%), Իրանը (67%), ԱՄՆ-ը (52%), Ռուսաստանը (50%), ԵՄ-ն (36%), Չինաստանը (33%) եւ Վրաստանը (22%): Ի համեմատություն, 2022 թվականին Հայաստանի գլխավոր քաղաքական գործընկերներ էին համարվել Ռուսաստանը (57%), Ֆրանսիան (50%), ԱՄՆ-ը (38%) եւ Իրանը (23%): Ընդ որում Ռուսաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից հետո երրորդ տեղում է հայտնվել այն երկրների շարքում, որոնք, հարցվածների կարծիքով, տնտեսապես սպառնում են Հայաստանին (դա այն դեպքում, երբ փողի ու միջոցների էական մասը հանրապետություն է գալիս ՌԴ-ից), իսկ այս ցուցանիշն աճել է՝ 17%-ից հասնելով 28%-ի:   

Այսպիսով ստացվում է, որ հայ հասարակության մեջ առկա է Ռուսաստանի նկատմամբ համակրանքի անկում, որն ուղեկցվում է Ֆրանսիայի հանդեպ վերաբերմունքի բարելավմամբ: Մինչդեռ, նկատում է վերլուծաբանը, վերջինս այդպես էլ ոչինչ չի արել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար, նախագահ Մակրոնը եւ Ֆրանսիայի կառավարությունը մտադիր չեն կատարել Սենատի եւ Ազգային ժողովի 2022 թ. ընդունած հայանպաստ բանաձեւերը:

Ի՞նչ է պատահել Հայաստանի բնակչությանը, հարցնում է Մակեդոնցեւը եւ պատասխանում. ամեն ինչ սկսվել է 2018 թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից», որի արդյունքով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Դեռ 2018 թվականին ԵԱԴեյլի-ին նշել էր, որ Հայաստանի նոր իշխանությունների խնդիրներից մեկը կլինի հայ ազգային ինքնագիտակցության խորհրդանիշների փոփոխությունը: Արդեն այն ժամանակ տեսանելի էր, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները «թավշյա անարյուն հեղափոխությունը» ներկայացնելու են իբրեւ ազգային վերելքի հիմք, իսկ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ Հայաստանը Լեռնային Ղարաբաղին վերամիավորելու 1988 թվականից սկսված պայքարը մղելու են հետին պլան:

Երկու տարվա ընթացքում, մինչեւ 2020 թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմը, գրում է քաղաքագետը, Հայաստանի վարչապետն արեց ամեն հնարավորը՝ Ղարաբաղի հարցում ստեղծված ստատուս քվոն խախտելու համար, ինչը լրիվ համապատասխանում էր Ադրբեջանի շահերին: Մասնավորապես, նշվում է հոդվածում, 2019 թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում արած մի «սադրիչ» հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», Փաշինյանն ի չիք դարձրեց երկարամյա ամբողջ բանակցային գործընթացը եւ, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին առիթ տվեց ձեռնամուխ լինելու ղարաբաղյան հակամարտության ուժային լուծմանը: Ընդ որում Փաշինյանը շարունակում էր Ռուսաստանին կոչել խաղաղությունն ապահովելու, ասես հենց սկզբից իր վարած  քաղաքականության հետեւանքների պատասխանատվությունը դնելով վերջինիս վրա: Միաժամանակ սկսելով կարծես  հատուկ փչացնել հարաբերություններն իր «գլխավոր դաշնակցի» հետ: Մոսկվայում դա, իհարկե, չէին կարող չնկատել:         

Ի դեպ, հոդվածագրի վկայությամբ, 2020 թ. դեկտեմբերի վերջին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հաղորդել է, թե 44-օրյա պատերազմի սկսվելուց 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին փաստաթղթերի փաթեթով նամակ է ուղարկել: Հայաստանի ղեկավարությանը ՀԱՊԿ-ի ուղարկած նյութերում ուղղակի ասվել էր գալիք պատերազմի մասին, որում Ադրբեջանը ստանալու է Թուրքիայի եւ սիրիացի գրոհայինների աջակցությունը: Նշվել էր եւ տարածաշրջանում Ադրբեջանի օգտին ռազմական հավասարակշռության խախտման, ինչպես նաեւ դիվանագիտական ու տեղեկատվական ճակատներում Հայաստանի անհաջող վիճակի մասին: Միաժամանակ այդ նյութերում Հայաստանի իշխանություններին կոչ էր արվել  անխուսափելի պատերազմի հանդիման ՀԱՊԿ-ի հետ զորավարժություններ անցկացնել:  Սակայն այդ զգուշացումն անտեսվել էր թե՛ Գրիգորյանի, թե՛ անձամբ Փաշինյանի կողմից:
Շատ ծավալուն հոդվածի վերջում ռուս քաղաքագետն, համփոփումն, 44-օրյա պատերազմը, Արցախի ու Հայաստանի Հանրապետության համար այսօր ստեղծված վիճակը համարում է հենց Փաշինյանի կառավարման, նրա իշխանության արտաքին կողմնորոշումների ու դրանց փոփոխականության արդյունք:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ