Աղմուկ, աղաղակ, միմյանց ուղղված մեղադրական ճառեր, միմյանց նախշելու վարպետության դասեր՝ արդեն վեց տարի: Եթե մինչեւ պատերազմը դա ապահովում էր տեսարանների ուշագրավություն եւ զբաղեցնում էր մարդկանց՝ առանց որեւէ օգտակար դերակատարման, արդյունք ունենալով Արցախի կորուստը, հետագայում, նաեւ՝ երկրի ինքնիշխան տարածքներից կորուստներ, ապա այժմ ոմանց մոտ միայն սրտխառնուք է առաջացնում, ոմանց մոտ՝ սթրես, ոմանց մոտ՝ հուսալքություն: Բայց եւ՝ միմյանց այպանող քաղաքական դասի հանդեպ հիասթափություն՝ բոլորից հավասարապես, նաեւ խթանելով արտագաղթը (ըստ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի տվյալի՝ անցած տարի երկրից հեռացել է երեսունվեց հազարից ավելի ՀՀ քաղաքացի):
Երկրի անվտանգային խնդիրներն օրեցօր խորանում են, իսկ մեր քաղաքական վերեւներում վերը նկարագրված վիճակն է՝ ամեն օր անհավանական ուժի նոր աղմուկ-աղաղակով, հատկապես ապրիլի հինգի բրյուսելյան եռակողմ հանդիպումից հիասթափության եւ Տավուշից տարածքներ հանձնելու՝ իշխանության նախաձեռնած խոսույթի ֆոնին, հատկապես վերջին խորհրդարանական քառօրյայի ընթացքում: Այս բոլորը դիտող նորմալ մարդուն կարող է թվալ, թե սիրողական մակարդակով փողոցային ներկայացումների մասնակից է:
Ե՞րբ է պետք աղմուկը: Երբ չկան լուծումներ, չկա դիմակայության կամք, չկան խելացի, անձնազոհ որոշումներ եւ այդ որոշումները կայացնելու ունակ մարդիկ: Աղմուկն օգնում է չնկատել բուն իրողությունը: Այն բոլոր դեպքերում, երբ պետք է աղմուկի տակ ինչ-որ բան սղղացնել, ինչ-որ բան անցկացնել, ինչ-որ պարտադրանքների ու պարտադրողների կամքը կատարել այնպես, որ աղմուկը ծածկի դա մարդկանց աչքից: Կամ՝ բոլորին թվա, որ համարժեք աշխատում են, այն ահռելի գումարներին համարժեք, որ որպես աշխատավարձ ստանում են պատգամավոր ու պաշտոնյա: Այս է կատարվում իշխանության եւ ընդդիմության օթյակներում:
Տավուշից սահմանազատումն սկսելու գաղափարն ինչո՞ւ է նետվել հրապարակ, երբ սահմանազատման հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն ասում է՝ կոմպրոմիս չկա, ԱԺ նախագահն ասում է՝ եթե համաձայնություն ձեռք չբերվի, պայմանագիր ստորագրելու գաղափարից էլ կհրաժարվենք: Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ Տավուշի մարզի մեր վերահսկողության տակ եղող տարածքները հանձնելն էլ երաշխիք չի, որ Ադրբեջանը չի հարձակվի, բայց էլի պիտի հանձնենք, որ չհարձակվի: Լո՞ւրջ: Կարծում եք՝ Ասկիպարը նույն Ոսկեպար անվան ադրբեջանական աղավաղումը չի՞: Կամ ոսկեպարցին կարող է հանգիստ ապրել՝ ադրբեջանական զինուժի հարեւանությամբ, բայց չէ՞ որ մի անգամ դա եղել է՝ չի ապրել, դրա համար էլ անվտանգային գոտի ենք ունեցել, հիմա դա ուզում եք հանձնե՞լ, որ նույն մշտական վտանգը գլխներիս կախված ապրե՞նք:
Մեր անվտանգային գոտին հանձնող իշխանությանը հայ մարդը կարո՞ղ է իշխանություն համարել:
Կամ ընդհանրապես՝ սահմանազատումն ինչպե՞ս կարող է առանց ողջ սահմանների երկայնքով համաձայնեցված ընդհանուր փաստաթղթի, ինչ-որ մեկի ցանկությամբ մի կետից սկսվել, աշխարհում այդպիսի գեթ մի օրինակ նշեք: Ալմա-Աթիի հռչակագրի տակ Ադրբեջանն երկու տարի ուշ է ստորագրել, բոլորովին այլ քարտեզներով: Եթե երբեւէ Ալմա-Աթիի հռչակագիրը վկայակոչելով ինչ-որ պայմանագիր ստորագրվի՝ դա ուզած պահի Ադրբեջանը կարող է անվավեր հայտարարել, քանի որ իր ստորագրությունը չկրող հռչակագրի ներքո կլինի այդ պայմանագիրը:
Սա ի՞նչ մեծ ֆարս է: Որքանո՞վ են մեր ընդդիմադիր եւ իշխանական էլիտաները մասնակից ֆարսին՝ գիտակցելով, կամ՝ ոչ: Եւ ի՞նչ խնդիր է լուծում այս ֆարսը՝ ժամանակ ե՞ն շահում, ինչ-որ բանի մասին տեղյակ լինելով, աղմուկ եւ ընդդմախոսություն հրահրելով են ուզում Ադրբեջանին հասկացնե՞լ, որ երկրի ներսում համաձայն չեն տարածք զիջել, կամ միգուցե ուզում են Ադրբեջանի հարձակումը հրահրե՞լ: Կրակի հե՞տ եք խաղում:
Եթե իրոք, ինչպես ընդդիմությունն է պնդում՝ երկրի գործերը շատ վատ են, վերջին աստիճանի վատ, ապա զարմանալի է, որ այդ վերջին աստիճանին համարժեք քայլը չի անում նույն ընդդիմությունը՝ միասնաբար պատգամավորական մանդատները դնելով եւ լրջորեն փորձելով ինչ-որ հակաքայլ անել: Եթե չեն դնում՝ ուրեմն այլ տեղեկատվության են տիրապետում, որը նրանց ստիպում է մեծ ֆարսին մասնակից դառնալ՝ խոսույթի մակարդակով միայն հակադրվելով նույն սպառված, չարչրկված, լլկված ձեւաչափով իշխանության հետ միասնաբար. մի կողմը՝ թե բա նախկինում ինքնորոշում ու պետականություն ունեցող Արցախ ունեինք- դուք տվեցիք Արցախը, հիմա էլ Հայաստանի տարածքներն եք տալիս, հողատու եւ դավաճան եք:
Ու իշխանությունն էլ ժանրի կանոններով վերադարձնում է «զդաչին», թե՝ չեք բացատրել մարդկանց, ու լավ էլ իմացել եք, որ Արցախի ինքնավարությունը հենց ի սկզբանե Ադրբեջանի կազմում է եղել: Լուծեիք Արցախի հարցը, երբ իշխանություն էիք, հողատուն ու դավաճանն էլ դուք եք:
Ու վերջ չունի անվերջ ձգվող ու անպտուղ այս խոսույթը՝ ամեն անգամ նույն բառերով, զրո օգտակարությամբ… մինչեւ մի նոր անդառնալիություն:
Իշխանության ներկայացուցիչների՝ որպես անվտանգային թեմաներով ընդդիմադիրների խոսակցությանը հակադարձում այն աստիճան հակադիվանագիտական է, այն աստիճան տնավարական բառապաշարով եւ բովանդակությամբ, այն աստիճանի հակասական (մի օր այս ասելով, մյուս օրն այդ ասածը հետ ողորմյա անելով), այն աստիճանի հակառակորդին նորանոր զիջումներ անելու հակվածությամբ, որ մնում ես ընդհանրապես տարակուսած, թե՝ լավ, էս միջին ընդունակությունների տեր մարդկանցով ո՞նց կարելի էր կառավարություն եւ Ազգային ժողով ձեւավորել ու ժողովրդի, հանրության ճակատագիր հանձնել նրանց, մի քանի իրազեկներին հանած:
Աղմուկով մարդկանց զբաղեցնելու տեխնոլոգիան աշխարհի չափ հին է, բայց մերոնք, դյուրահավատ կողմնակիցներ ունենալով, էլի ու էլի, ու անվերջ օգտագործում են դա:Որ մարդիկ մտածելու ժամանակ չունենան, չնկատեն քովիդ-նախարարուհու՝ անցած տարվա բյուջեի կատարողականի թվերի լվացումը՝ թե բա առողջ ծերացման խմբակներ են ստեղծվել, հարյուրավոր կյանքեր են փրկվել այսուայն ծրագրերի ներդրմամբ (իհարկե՝ միլիոնավոր դոլարների ծախսմամբ). լավ, էլի, աչքիս ոսպնյակն իսկի չեմ կարողանում փոխել, ձեր փող լվացող ծրագրերում ո՞վ կտեղավորվի, ի՛նչ «Առողջ եղե՛ք» , ի՞նչ մամոգրաֆիայի շարժական ծրագիր, երբ առողջապահության մեջ ծառայություններն անհասանելի մեծ գումարներ արժեն, օենքներն անտրամաբանական ուղղորդումներ են արել առողջապահական ծառայություններ ստանալու կարգերում, իսկ նախարարությանն ուղղված շատ դիմումներ ավտոմատ մերժվում են՝ առանց մարդու դեմքին նայելու, օնլայն հարաբերվելը գտածո է դարձել նախարարության համար:
Աղմուկը պետք է, որ չնկատեն, թե սոցապ նախարարն ի՞նչ հինգ մլն բնակչության հեռանկարի վրա է ապագա թիրախային ծրագրերի մասին ակնարկ անում՝ ոլորտի անցած տարվա կատարողականը ներկայացնելիս, արդոք արդեն պլանավորում կա՞ հնդիկներով, վերադարձի ցանկություն ունեցող ադրբեջանցիներով մեկ-երկու տարում Հայաստանում հասնել բնակչության թվի հինգ միլիոնանոց թիրախին: Կամ ո՞վ պիտի այս աղմուկին զուգահեռ կատարողականի թվեր լսի, որ տնտեսական վերլուծություններ անի, ինչպես ավելի վաղ տարիների, երբ միջանցքներում լրագրողները եւս քաղաքական միասնական կորպուսի հրահրած աղմուկի մասնակիցն են , այն աղմուկի, որը չի թողնում շատ բան նկատել:
Ըստ էության,ԱԺ վերջին աղմկաշատ քառօրյայի, այնտեղ հնչած մտքերի, վարչապետի տեսական ոգորումների, Տավուշից սահմանազատում սկսելու, այդ հարցում Ադրբեջանի հետ այդպես էլ համաձայնությունների բացակայության արձագանք որպես.
Այսպես կոչված՝ պատմական Հայաստանի եւ իրական Հայաստանի հակադրությունն անընդունելի է, դրա վրա նոր փիլիսոփայություն կառուցելը հակագիտական է, սիրողական եւ վնասակար՝ մեր ներկա մարտահրավերների տեսակետից: Այդ մասին խոսելն անգամ վնասակար է՝ եթե անգամ այդպես մտածողներ կան, թող լուռ մտածեն ու գործեն, բայց դա չբարձրաձայնեն, ջուր լցնելով բազմադեմ թշնամու ջրաղացին: Որովհետեւ նոր ենք կորցրել Արցախը, որի համար (ձեր ասելով՝ ոչ մեր հայրենիքի) հազարավոր տղաներ են զոհվել, որովհետեւ պատմական Հայաստանը լրացնում եւ զինում է ներկա Հայաստանին իրավական, պատմական, գենետիկ գործիքներով, մի բան, որ շատ կուզենային ունենալ այլ պետություններ, այդ թվում՝ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք մինչեւ օրս գողանում են մեր ունեցածը: Իսկ այդ գործիքներն ունեցողները հպարտությամբ ու պրագմատիկ կերպով օգտվում են դրանցից: Մի քանի տարվա ներկա Հայաստանի հակադրումը հինգ հազար տարվա պատմական Հայաստանին, երեսուն տարի հայկական պետություն եղած Արցախին՝ նմանվում է Արարատին նետված մի պստիկ քարի:
Մյուս կողմից՝ եթե նոր փիլիսոփայություն եք առաջարկում՝ նշեք, թե ինչ վերլուծական կենտրոնների, ինչ մասնագիտական կարծիքի վրա եք հիմնվել, ո՞նց կարելի է առանց մասնագիտական ծրագերի ու մոդելավորման, ռազմավարության մշակման, սիրողական մակարդակով տեսություն առաջարկել: Քանի՞ պատմաբան են այդ տեսության հեղինակների մեջ, ուր եք խցկում մեր ծագումնաբանությունը, ներկայությունն ու ազդեցությունը աշխարհի պատմության մեջ, զրոյացնում եք մի բան, որը շատ քոչվոր ժողովուրդների երազանքն է ունենալ եւ օգտագործել:
Արցախի կորստի շուրջ փոխմեղադրանքների առումով. ինչ արդարացում, ինչ պատճառաբանություն էլ բերվի, ինչ պատճառահետեւանքային կապ էլ մատնանշվի՝ Արցախի կորուստը Հայաստանի ներկա ողջ էլիտայի խղճին է, ու նախ՝ իշխանության: Արդարացումները, նախկինում բանակցություններ վարողների, Արցախի իշխանությունների վրա մեղքը բարդելը չի փրկի՝ Արցախը կորցրել է ներկա՛ իշխանությունը, ու վերջ: Եթե անգամ ուրիշներն են մեղավոր՝ նույն իշխանության բացթողումն է, որն ուժ չի ունեցել գործընթացները ձեռքը վերցնել ու տանել դրանք այնպես, որ անդառնալին չկատարվեր գոնե մեկ տարի առաջ, ու թույլ չտրվեր գոնե Արցախի հայաթափումը:
Իհարկե, խորհրդարանական ընդդիմության մի շարք հակադարձումներին դժվար է չհամաձայնել, քանի որ երկրում տեղի ունեցած ամեն բանի համար նախ իշխանությունն է պատասխանատու. բյուջեի կատարողականը կառավարության հնգամյա ծրագրով նախանշումների լրիվ հակառակն է գոնե Արցախի մասով, քանի որ Արցախի կորստով փոխվել են կոնկրետ Արցախի հետ կապված պարտավորությունները, երկրի անվտանգության մարտահրավերներն են ահագնացել: Իսկ որ բյուջեի կատարողականի քննարկումը ավելի շատ վերածվեց արտաքին վտանգների մասին փոխհրաձգության, դա էլ միգուցե նրանից է, որ արտաքին շփումներում հավասարակշիռ մոտեցումներ չեն ձեւավորվել, անհավասարկշռությունը մեծ է:
Բայց սա մեր ողջ հանրության մտահոգությունն է, ոչ թե միայն ընդդիմության մենաշնորհը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.– Երբ այս հրապարակումը պատրաստ էր, Ազգային ժողովում դիմակայության պաթոսը գագաթնակետին էր, այնպես էին մինյանց լվանում, որ դժվար էր գրավիչ թամաշայից կտրվել, որում նորից մոտիվը ընդդիմության յուրաքանչյուր ելույթի ավարտին պահանջվող կառավարության հրաժարականն էր, ու դրան նույնանման հակադարձումը իշխանական պատգամավորներից, ընդ որում՝ անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմությանը «հաթաթա» տալիս՝ թե « բա խի հրաժարական չեք տալիս», ու դեռ վարչապետն էր եզրափակելու ընդդիմության դատափետումը:
Սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ Ազգային ժողովում ընդդիմության հրավիրած հրատապ քննարկումից հետո, որն իշխանության առաջարկով փակ ռեժիմով էր ընթացել, ընդդիմությունը համանուն հայտարարություն էր դրել շրջանառության մեջ: Երեկ այդ հայտարարությունը դրվեց քվեարկության, որին իշխանական խմբակցությունը դեմ քվեարկեց: