Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«Ճշմարիտ խոստում-2»

Իրանն իր հռչակած «կարմիր գծերը» խախտողնրին զգուշացնում է

Իրանը երկրորդ անգամ կատարեց իր  խոստումն   ու  «Ճշմարիտ խոստոմ-2» գործողությունների շրջանակում, այս անգամ «Ռասուլալլահ» ծածկագրով իր տարածքից հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի ռազմավարական նշանակության օբյեկտներին:

Բազմաթիվ անպատասխան հարցերով ծանրաբեռնված աշխարհն այսօր մեծ իրադարձությունների շեմին է  կանգնած:

Իսրայելի պատասխանն ինչպիսի՞ն է լինելու:

Ենթադրվում էր, որ Իսրայելին խոստացած երկրորդ հարվածի համար Իրանի  համբերության բաժակը դեռեւս հագենալու տարողություն ունի, եւ դրա ժամանակը  հնարավոր է ձգել մինչեւ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ  ընտրությունները, որով էլ պայմանավորված են այսօր մեր շուրջը ծավալվող գրեթե  բոլոր իրադարձությունները:  Իրանի խոստացած հարվածի անսպասելիությունն էլ հենց դրանով էր պայմանավորված: Իսկ Իսրայելի հակադարձման անսպասելիությունն ապահովելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվելու:

Թեհրանում  ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից ուղիղ երկու ամիս անց, հոկտեմբերի 1-ին, Թեհրանը  մեկ անգամ եւս ցույց տվեց իր վճռականությունը՝ Իրանի հռչակած «կարմիր գծերը» խախտող երկրներին զգուշացնելու համար:

BBC-ին, վկայակոչելով իր սեփական աղբյուրները,  հայտնում է, որ Իրանի հրթիռներին հաջողվել է ճեղքել  «Երկաթե գմբեթ»  կոչված Իսրայելի բազմաշերտ ՀՕՊ համակարգն ու հարվածներ հասցրել  Իսրայելի ռազմավարական նշանակության  թիրախներն, այդ թվում՝  Իսրայելի 28-րդ  օդային ռազմաբազային:

«Ալ-Ալամը» տեղեկացրել է, որ  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀԿՊ) կողմից Թել Ավիվի ուղղությամբ արձակվել է շուրջ 400 հրթիռ: Նույնքան հրթիռների մասին է տեղեկացրել նաեւ Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին  ասել է, որ Թեհրանն իր հրթիռային հարձակումների ժամանակ կործանիչ հարվածներ է հասցրել  Իսրայելի  երեք ռազմական բազաներին, այդ թվում այն բազային, որն օգտագործվել է   Հըզբալլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահին սպանելու համար: Բաղերին հավելել է, որ Նասրալլահի սպանությունը կազմակերպվել է Իսրայելի Hatzerim ավիաբազայից:

ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաեւ ասել է, որ իրանական հրթիռների թիրախում եղել են բացառապես ռազմական նշանակետեր, եւ առիթն օգտագործելով զգուշացրել է Իսրայելին, որ եթե Թել Ավիվը փորձի թիրախավորել  Իրանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Իրանի պատասխան հարվածը լինելու է նախորդ հարձակման բազմապատիկը, եւ հարվածների թիրախում են հայտնվելու բոլոր ենթակառուցվածքները: 

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսրայելին ուղղված  հրթիռակոծություններից հետո հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու մի շարք այլ երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների հետ եւ խոսել իրանական կողմի ձեռնարկած գործողությունների, Գազայում եւ Լիբանանում տիրող լարված իրավիճակի շուրջ:

Ինչպես ԻՌՆԱ գործակալությունն է փոխանցում, Աբբաս Արաղչին իր գործընկերների հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանն իր գործողությունների համար հիմք է  ընդունել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը, եւ ռմբակոծել  է բացառապես Իսրայելի ռազմական եւ անվտանգային օբյեկտները:

Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ նախանշված գործողություններն ավարտվել են, ու եթե Իսրայելը փորձի դրանց հակադարձել, Իրանի պատասխանն ավելի հուժկու է լինելու:   

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ, դիվանագետ