Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Հերթական արտակարգ իրավիճակը` կապված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ

Աշխարհը վերափոխվում է, վերափոխվում է աշխարհակարգը, «թեժ» օջախները գնալով ավելանում են, ըստ երեւույթին դրանք կավելանան նաեւ 2024 թվին: Պատերազմական օջախների (եթե Աստված կամենա) մարելուց հետո, որպես օրենք, ակտիվանում է «սառը պատերազմը»:

Ովքե՞ր են «սառը պատերազմի» գլխավոր դերակատարները: Իհարկե՛, առաջին հերթին հատուկ ծառայությունները, հատկապես հետախուզությունները: Իհարկե, ակտիվանում են նաեւ  ԶԼՄ-ները, ընդդիմությունները, քաղաքական գործիչները, V-րդ շարասյունները, պետությունների արկածախնդիր ղեկավարները, տարբեր գաղափարախոսությունները, ազգայնամոլական շարժումները, սակայն, առաջին հերթին եւ ամենակարեւորը՝ հետախուզությունները:

Իմ հոդվածների ընթերցողները արդեն մոտովորապես գիտեն` ի՞նչ բան է հետախուզություն, որոնք են աշխարհի  առաջատար հետախուզությունները, ինչով են դրանք զբաղվում եւ ի՞նչ վիճակում են այն պետությունները, որոնց ղեկավարները մատերի արանքով են նայում այդ խիստ կարեւոր կազմակերպության աշխատանքներին:

Համենայն դեպս  մի կարճ մեկնաբանություն. հետախուզության հիմնական գործառույթներն են՝ տեղեկատվության հավաքում եւ վերլուծություն, գաղտնի գործառույթներ: Ընթերցողը կհասկանա, որ մանավանդ վերջին բառակապակցությունը ընդգրկում է շատ հնարավոր եւ անհնարին գործողություններ, որոնք կապված են այդ ծառայության տեխնիկական, ֆինանսական, արհեստավարժ կադրերի հնարավորությունների, հայրենասիրության, թիրախ երկրների վերաբերյալ գիտելիքներ, եւ, վերջապես, ղեկավարների մտավոր ֆանտազիայի հետ:
Այս հոդվածս դրա մասին չէ, վերը նշվածը թողնում եմ ընթերցողիս երեւակայության, իսկ հոդվածումս խոսելու եմ դավաճանության մասին: Դավաճանություն կա եւ միշտ կլինի կյանքի շատ ոլորտներում, սակայն հետախուզության մեջ դավաճանությունը հավասար է «միջուկային պայթյունի», որից կարող են տուժել տվյալ պետության շատ ոլորտներ…

Եվ այսպես` Հաագայում է (Նիդերլանդներ)  հայտնվում ռուսական հետախուզության նախկին բարձրաստիճան սպա, հետագայում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկան՝ ոմն Իգոր Սալիկով եւ քաղաքական ապաստան է խնդրում:

Մի երկու խոսք «Վագներ» կազմակերպության մասին:

ՄՌԸ (մասնավոր ռազմական ընկերություն) «Վագները» ստեղծվել է 2014 թ., որպես «Սլավոնական զորամիավորման» իրավահաջորդ: Ակտիվորեն մասնակցել է մի շարք երկրներում ռազմական գործողություններին, այդ թվում Սիրիայում, Աֆրիկայում, Ուկրաինայում:

«Վագները» ղեկավարում էին Եվգենի Պրիգոժինը եւ Դմիտրի Ուտկինը: Այս զորամիավորումում մեծ թիմ էին կազմում ռուսական Գլխավոր Ռազմական հետախուզության նախկին եւ գործող սպաներ (թՀձ ԾԿ ՀՂ): Միավորումում  կան նաեւ շատ վարձկաններ` ինչպես նախկին զինվորականներից, այդպես էլ բանտարկյալներ ՌԴ-ի տարբեր կալանավայրերից:
2023թ. հունիսի 23-24-ին «Վագները» Պրիգոժինի գլխավորությամբ խռովություն սկսեց ՌԴ իշխանությունների, մասնավորապես` Պաշտպանության նախարար Շոյգուի եւ գլխավոր շտաբի պետ Գերասիմովի դեմ:

Չեմ ուզում խորանալ այդ իրադարձություններում, (այդ մասին գրել եմ արդեն) պարզապես նշում եմ, որ զինված խռովությունը սկսվելուց 2 ամիս հետո Պրիգոժինը եւ զորամիավորման որոշ հրամանատարներ զոհվեցին ավիավթարի հետեւանքով Տվերի մարզում: Իհարկե, այդ ավիավթարը  պատահական չէր:

Ուզում եմ ընթերցողին հայտնել նաեւ, որ մասնավոր ռազմական ընկերություններ կան ամբողջ աշխարհում: Օրինակ` ԱՄՆ-ում` «Ակադեմիա», («Սեւ ջրեր»), «Մոցարտի խումբ», Մեծ Բրիտանիայում` «G4S», Գերմանիայում` «Asgaard», Ֆրանսիայում` «Geos», Թուքիայում` «Sadat» եւ այլն:

Այդ ընկերությունների վարձկանները, որպես օրենք, չունեն բարոյական պատնեշներ, լավ  կռվում են, եթե ողջ են մնում, ապա լավ փող են աշխատում: Մի խոսքով, պետությանը ձեռտնու ուժեր են:

Վերադառնանք Սալիկովի հայտնությանը: Ըստ որոշ տվյալների` վերջինս ինչ-որ ժամանակաշրջան եղել է Դոնեցկի ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ գործառույթների 4-րդ բաժնի պետ, այնուհետեւ «Վագների» ավագ հրահանգիչ նույն վայրում:

Ամստերդամ նա ժամանել է կնոջ եւ 3 երեխաների հետ: Սալիկովը հայտարարում է, որ պատրաստ է բացահայտող ցուցմունքներ տալ ինչպես «Վագներ»-ի, այնպես էլ ՌԴ Պաշտպանության Նախարարության եւ երկրի ղեկավարության դեմ: Այդ ցուցմունքներում հնչելու են մեղադրանքներ վերոհիշյալների իրականացրած հանցագործությունների մասին ինչպես Սիրիայում, այնպես էլ Ուկրաինայում: Ցուցմունքների դիմաց նա իր եւ իր ընտանիքի համար քաղաքական ապաստան է խնդրում: Եթե իհարկե Միջազգային քրեական Դատարանը կընդունի այդ առաջարկն եւ ցուցմունքները:

Եվ այսպես, ո՞վ է Իգոր Սալիկովը, ով Նիդեռլանդներ է ժամանում Հարավային Աֆրիկայից:

Որոշ ռուսական աղբյուրներ հայտնում են, որ նա ռուսական «Ռեդուտ» մասնավոր ռազմական ընկերության (հիմնադրված է 2008թ.) վարձկան է եղել, սակայն, մինչ կազմակերպության մեջ ընդգրկվելը, մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների Ինդոնեզիայում, Արեւելյան Թիմորում, Զաիրում (Աֆրիկա), Իրաքում, Աֆղանստանում, Սոմալիում:

Իհարկե, Սալիկովը գործել է տարբեր ազգանունների «ծածկի» տակ: Նշվում է, որ 2022 թվից Սալիկովը մասնակցում է ռուսական հատուկ ռազմական գործողությանը (րտպՓՌՈսՖվՈÿ ՉՏպվվՈÿ ՏտպՐՈՓՌÿ) Ուկրաինայում, որտեղ նրա կողմից ղեկավարվող ջոկատը զբաղվել է Ուկրաինայի հատուկ ծառայության (հըձ) աշխատակիցների «որսով»:

Սալիկովը հայտվում է, որ ինքը վկա է «Վագների» ռազմական հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել Դոնեցկի հանրապետությունում, 2014թ.: Վերջինս հայտնում է նաեւ, որ «Գաստոմել-Գուչա» շրջանում հրաժարվել է գնդակահարել ուկրաինայի գերիներին, որի համար զինվորական հրամանագրով քրեական հետապնդման է ենթարկվել: Այստեղ, իհարկե, պարզ չէ, թե ինչպես է մնացել ազատության մեջ եւ շարունակել ծառայությունը:

Հարց – ինչպե՞ս կվերաբերվի Միջազգային քրեական դատարանը Հաագայում Իգոր Սալիկովին, կհավատա՞ն նրա ցուցմունքներին (կարծում եմ՝ այո – հեղինակ), կարո՞ղ են արդյոք նրա ցուցմունքները օգտագործվել Ռուսաստանի Դաշնության ռազմա-քաղաքական ղեկավարության դեմ` սկսված (2022 թվից) հետաքննության նյութերում: Ի՞նչ ապացույցներ ունի Սալիկովը, բացի իր բանավոր խոսքից: Քաղաքական ապաստան ստանալը, այլ ազգանունների տակ նրան ու ընտանիքին թաքցնելը՝ մի խոսքով, կյանքի եւ մահվան հարցերը (ամբողջ ընտանիքի) կախված է նրանից, թե որքան սենսացիոն եւ ճշմարիտ կլինեն նրա ցուցմունքները:

Դե իհարկե` «Վագները» կամ «Ռեդուտը» պաշտոնական հարցումներին ի պատասխան  կհայտարարեն, որ ոչ մի Սալիկով չեն ճանաչում: Իսկ գլխավոր հետախուզական վարչություն (թՀձ) ոչ մի հարցում էլ չի կարող անգամ հասնել:

Ո՞րն է դրդապատճառը, 25 տարուց ավել «Թեժ կետերում» կռված ռազմական հետախույզի անցումը իր պետության թշնամիների կողմը: Եվ ընդհանրապես, ինչո՞ւ է բազմաթիվ ստուգումներ անցած, ռազմա-քաղաքական երդումներ տված, հայրենիքի համար մեկ զինվորը՝ հետախույզը դիմում նման քայլի:

Ռուս իրավապաշտպանները գտնում են, որ Սալիկովի արած քայլի հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, բայց հերքել նրա քաջությունն ու վճռականությունը ոչ ոք չի կարող: Նա թերեւս առաջին ռուս զինվորականն է, որ ժամանել է Հաագա եւ պատրաստ է ցուցմունք տալ դատարանի առջեւ:

Սա իրավապաշտպանների կարծիք է: Ոլորտի մասնագետները, իհարկե, այլ կարծիք ունեն այս մասին (նման որոշումները  հանկարծակի  եւ առանց կողմնակի օգնության չեն ծնվում):
Ընթերցողն ազատ է իր կարծիքն ունենալ…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Գաղտնի ծառայությունների աշխարհից