Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հակառուսական տրամադրություններ Իրանում

Իրանին հասցված Իսրայելի հարվածից հետո

Իրանի խոստացած «Ճշմարիտ խոստում-2» գործողությանը հետեւեց  «Ապաշխարության օրեր» ծածկանունով  Իսրայելի գործողությունը, որի ընթացքում Թել Ավիվը երկրորդ անգամ հարվածեց Իրանին: ԻԻՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն, շնորհիվ Իրանի  բանակի գործադրած ջանքերի,  հնարավոր եղավ հասցված վնասն ու կորուստները նվազագույնի հասցնել:

Սակայն, հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից դժվար չէր հասկանալ, որ Իսրայելի հարձակումը սահմանափակ բնույթ չէր կրում, այլ  նախապես պլանավորված, լայնածավալ  ագրեսիա էր, որն Իրանի բանակի կողմից առհարկի հակահարվածի արժանացավ:  

Իսրայելի ագրեսիան դատապարտեցին արաբական երկրները, այդ թվում՝ Սիրիան, Քաթարը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Եգիպտոսը, Հորդանանը, Քուվեյթը,  Լիբանանն  ու Օմանի Սուլթանությունը, նույնիսկ՝ Էմիրությունները:     

Պակիստանն ու Թուրքիան  էլ միացան Իսրայելին դատապարտող երկրների  արշավին:

Հայաստանի ԱԳՆ-ն էլ մտահոգություն  հայտնեց տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ՝ X-ի իր էջում հրապարակելով հետեւյալ բովանդակությամբ հայտարարությունը.

«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսեւորվեց նաեւ անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում: Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»:

Իսկ Բաքուն, հաշվի առնելով Թել Ավիվի  հետ իր առանձնահատուկ հարաբերությունները, Իսրայելի ագրեսիյաի մասին որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ:

Թեեւ Ռուսաստանն  այդ առիթով  հայտարարություն տարածել է, սակայն Մոսկվայի հրապարակած տեքստը չեզոք ու անբովանդակ էր,  որտեղ  Իրանի ու Իսրայելի միջեւ լարվածությունը գնահատվում է որպես   տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք:   Հայտարարության մեջ Ռուսաստանը հորդորել է կողմերին՝  զսպվածություն ցուցաբերել, ճիշտ այնպես, ինչպես հայկական կողմին ուղղված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ժամանակ դիմում էր Բաքվին ու Երեւանին:  
Հարկ է նկատել, որ  «Ապաշխարության օրեր» ծածկանունով  Իսրայելի հարձակումից հետո հակառուսական տրամադրությունների աճ է նկատվում Իրանում:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ,  իրանական  Karvakargar   թերթի լրագրող Ալիաքբար Սաադաթին, ԻԻՀ  ԱԳՆ խոսնակ Բաղաիին ուղղված իր հարցը ձեւակերպելիս, անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության հարցում Ռուսաստանի վարած երկդիմի քաղաքականությանը, խնդրել է խոսնակին ներկայացնել ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի գլխավորած կառավարությունում արտաքին գերատեսչության դիրքորոշումը, իր ձեւակերպմամբ՝ «ագրեսոր Վլադիմիր Պուտինի  ստոր քաղաքականության» վերաբերյալ:

Մինչ հարցի հստակ ձեւակերպումը, իրանցի լրագրողն անդրադարձել է Ռուսաստանի երկբայական  քաղաքականությանն ու այն հավաստիացումներին, որ Մոսկվան, պայմանավորվածության համաձայն,  պետք է զինատեսակներ տրամադրեր Իրանին: Սակայն երկրի պաշտպանունակությունն  ամրապնդելու  համար խիստ կարեւոր ժամանակահատվածում Մոսկվան  հրաժարվում է Իրանին խոստացած զինատեսակները  տրամադրելու պարտավորությունից: Ըստ լրագրողի, Մոսկվան Իրանին հիշում է միայն այն ժամանակ, երբ ուկրաինական  ճահճից դուրս գալու համար իրանական արտադրության ԱԹՍ-ների պահանջ է զգում:   

Չնայած պաշտոնական Թեհրանն Իսրայելին  բացահայտ աջակցություն ցուցաբերելու հարցում  հրապարակայնորեն   մեղադրում է միայն Վաշինգտոնին, սակայն Իրանում շարունակում են աճել հակառուսական տրամադրությունները: 

Հակառուսական տրամադրությունների դրսեւորումներ կան նաեւ  Իրանի մեջլիսում: Օրենսդիր մարմնի  ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին մի առիթով քննադատել է  Աբու Մուսա, Մեծ եւ Փոքր Տոմբ կղզիների պատկանելիության, ինչպես նաեւ «զանգեզուրյան» միջանցքի  հարցերում Մոսկվայի երկդիմի մոտեցումները, այն որակելով, պատգամավորի բնորոշմամբ՝ որպես «մեկ նալին եւ մեկ մեխին խփելու»  քաղաքականություն: 

Իրանական «Rouydad24» կայքի տեսադաշտից նույնպես դուրս չի մնացել Իրանում հակառուսական տրամադրությունների աճը, որի համար, ըստ կայքի, հիմք է ծառայել  Իսրայելի հետ առճակատման ընթացքում Իրանին աջակցություն ցուցաբերելու պարտավորությունից Ռուսաստանի հրաժարումը,  ինչը հնարավորույթուն կտար Իրանին՝ բազմապատկել երկրի  պաշտպանունակությունը:

Այնուամենայնիվ, ներկա ժամանակահատվածի աշխարհաքաղաքական առանձնահատկությունն այնպիսին է, որ Իրանի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վատթարացումը չի բխում ո՛չ Թեհրանի, ո՛չ էլ Մոսկվայի շահերից: Այդ է պատճառը, որ լրագրողական համայնքի ու պատգամավորական միջավայրի տրամադրություններից  անկախ, պաշտոնական Թեհրանն ու Մոսկվան շարունակում են կարեւորել Իրան-Ռուսաստան հարաբերությունները, որի առհավատչյան ԻԻՀ եւ ՌԴ նախագահներ  Փեզեշքիանի ու Պուտինի ջերմ հանդիպումներն էին  Աշխաբադում եւ Կազանում:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ