Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Կոլաբորացիոնիստների ու կոմպրադորների երկիր Հայաստանս

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, Ֆրանց Կաֆկայի գրչի համար հրաշալի նյութ կարող էր դառնալ՝ լրիվ աբսուրդի ժանրից: Այս փոքրիկ, չարքաշ երկրում անհեթեթ, մարազմատիկ,  անտրամաբանական, հոգեխանգարմունքի երեւույթների հազար ու մի օջախ կա: Մի օջախից մոտալուտ պատերազմի հոտ է գալիս, մյուսում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, կոկորդիլոսաբույծի քարոզարշավն է, հետո՝ նրա հաղթանակի խրախճանքը, երրորդում Գորիսի համայնքապետի դատավարությունն է, չորրորդում Աննա Հակոբյանը զոհված զինվորների  հարազատներին է հրավիրել, Սիլվա Հակոբյանի «Խաչիկ-Վաչիկ-Քաջիկի» տակ պարում են: Իսկ  Եռաբլուրում արցախյան վերջին գործողությունների ժամանակ զոհված Արարատ Թեւոսյանին են հուղարկավորում, այս բոլորին զուգահեռ՝ իշխանության ներկայացուցիչները հանրության ենթագիտակցության մեջ  կաթիլ-կաթիլ «ներմուծում են» թրքահպատակության անխուսափելիության կանխավարկածը:  

«Կոլաբորացիոնիստ», «կոմպրադոր» եզրույթներին  մինչեւ հիմա պատմության դասագրքերում ու ձեռնարկներում էինք հանդիպել: Ո՞վ կպատկերացներ, որ այդ եզրույթների բովանդակային կրողներով այս փոքրիկ երկիրը բերնեբերան լցված է: Կոլաբորացիոնիստներն ու կոմպրադորները հայ հանրությանն ամեն օր ուղերձներ են հղւմ, հստակ  ձեւակերպված ռեպլիկներով տեղեկացնում իշխանությունների քաղաքական ծրագրերի մասին:

Օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց.«Արցախն Ադրբեջանի կազմում լինելը պետք է քննարկվի», նշանակում է՝ սա վերջնական դիրքորոշում է: Արարատ Միրզոյանն ասաց. «Ադրբեջանի առաջարկներում  Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա», սա էլ է վերջնական դիրքորոշում:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները հերթափոխով են աշխատում. մի օր մեկն է կոլաբորացիոնիստական հայտարարություն անում, այնուհետեւ հանրությունը, ընդդիմադիր գործիչները երեք օր զբաղվում են այդ հայտարարության քննարկումներով ու քննադատությամբ, հաջորդ հերթափոխին մեկ ուրիշ կոլաբորացիոնիստ է նույնատիպ հայտարարություն անում, ու մարդկային  զանգվածը նորից զբաղվելու թեմա է ունենում: Այսպես օրեր են գալիս, մթնում, անց  կենում՝ Հայաստանն ու Արցախը մոտեցնելով աղետալի նոր իրադարձության:

Նախկինների ժամանակ բավականին ունեցվածք դիզած, պատ ծակող մականունով  կոմպրադորներից մեկը թուրքերի հետ բարեկամանալու պատրաստակամությունն ու ոգեւորությունն արդեն որերոդ անգամ հրճվանքով է արտահայտում,  թե՝  պետք է կարողանանք եղբայրություն անել, իրար ցավով ցավել. հարեւաններ ենք: 

Մյուսն էլ, թե՝ թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում անշարժ գույք են գնել: Թուրքիայի քաղաքացիները 72 անշարժ գույք են գնել, Ադրբեջանինը՝ 5:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ մտահոգվելու կարիք չկա, քանի որ ադրբեջանցիները ճամփորդական անձնագրով են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել:

Հետաքրքրական է. նույն ճամփորդական անձնագրով հայերը կարո՞ղ են Բաքվում անշարժ գույք ձեռք բերել: Մի պահ պատկերացնենք, թե Ադրբեջանի կադաստրի կոմիտեի ղեկավարին են այս հարցը տալիս:  Հարց տվողն, իհարկե, իր գերեզմանը նախօրոք պետք է փորած լինի:

Իսկ հայաստանյան լրագրողներն այսպիսի հարցեր են տալիս ու բարձր պաշտոնյաներից կոլաբորացիոնիստական անվրդով պատասխաններ ստանում՝ որոնցում հայկական ազգային, պետական շահի գիտակցումն իսպառ բացակայում է:

 Ալմաթիում, ԱՊՀ ՄԽՎ 30-ամյակի նիստի ժամանակ, երբ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկած 5 կետերը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան հակադարձել է՝ շեշտելով, որ Հայաստանն ընդունում է բոլոր 5 կետերը: Դահլիճը բուռն ծափահարել է, եւ այդ ծափահարությունները խիստ ոգեւորել են Ալեն Սիմոնյանին: Ալամթիի նիստի մասին հաղորդագրության մեխը դարձրել էին այդ ծափահարությունները: Ոչինչ, որ Գաֆարովան հայտարարել է, թե Բաքվում հայ ռազամագերիներ չկան, բանտարկվածները խիստ վտանգավոր հանցագործներ են, որոնց Ադրբեջանը չի հանձնելու Հայաստանին, այլ խստագույնս պատժելու է: Կարեւորը ԱՊՀ երկրների խորհրդարանների պատվիրակների ծափահարություններն են, որոնց այնքան սպասում էր Ալեն Սիմոնյանը:

Շռնդալից ծափահարություններով է ուղեկցվել   նաեւ կոկորդիլոսաբույծ Գարիկ Սարգսյանի քարոզարշավը Վեդիում, որին մասնակցել են բազմաթիվ քպականներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Այդ նույն ժամանակամիջոցում ադրբեջանցիներն Արցախի Փառուխ գյուղով մտել են Քարագլուխ ու տիրել բարձունքին, նաեւ  շրջակա ահռելի տարածքին: Ռազմավարական նշանակության այդ գոտին Ասկերանի ողնաշարն է. կոտրում ես այն, կորցնում ես Արցախից մնացած վերջին փշրանքը:

Սուրեն Պապիկյանի պաշտոնավարմամբ վերջնականապես վերջ դրվեց այդ գերատեսչության՝ անվտանգության ու պաշտպանության հարցերով զբաղվելու գործառույթին: Պաշտպանության նախարարի հիմնական գործառույթն այսուհետեւ պետք է լինի նախընտրական բուկլետ բաժանելը: Քպական պատգամավոր Արփի Դավոյանին էլ է զարմացրել, թե Սուրեն Պապիկյանն ինչո՞ւ չպետք է զբաղվի քարոզարշավով, նա Պաշտպանության նախարար է,  հո Գլխավոր շտաբի պետ չի:

Ուրեմն Սուրեն Պապիկյանը կոկորդիլոսաբույծի քարոզարշավը թողած՝ պիտի ռազմական հարցերո՞վ զբաղվեր: Էլ բանուգործ չունի՞ նախարարը:

Վեդի խոշորացված համայնքում ի դեմս Գարիկ Սարգսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ունի իր վստահված անձին, սեփական ներկայացուցչին: Հայտնի է, որ Արարատի մարզը եւս ադրբեջանցիների ռազմաքաղաքական ծրագրերում կա: Ու ոչ միայն Տիգրանաշենը, այլեւ Երասխը: Ուրեմն ենթադրելի է, որ Արարատում տարածքների հանձնման գործընթացն առանց ընդվզման ու բախումների, խաղաղ ու անվրդով կանցնի:

Գորիս խոշորացված համանքի ղեկավար Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց, բայց նա 5 տարի չի կարող հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին:

Ըստ էության՝ Առուշանյանի նկատմամբ հարուցված դատական գործերն այնքան թույլ ու անհիմն էին, որ նրան ազատ արձակելն անխուսափելի էր, բայց մի՞թե պարզ չէ, որ նա խիստ վերահսկողության տակ է լինելու: Ընտրված համայնքապետ լինելով հանդերձ՝ Առուշանյանը չի կարող ղեկավարել Գորիս համայնքը: Այսինքն՝  նրանից խլված լիազորությունների հետ չեզոքանալու են նաեւ Սյունիքը պաշտպանելու նրա ցանկությունն ու կամքը:

Արարատում հարցերը լուծված են, Ադրբեջանին հետաքրքրող Սյունիքի հարցերը նույնպես կարծես թե լուծվում են: Ի վերջո, հայտնի է, որ հեղինակավոր անհատներն են կազմակերպում հակաիշխանական ու հակաադրբեջանական պայքարը: Գարիկ Սարգսյանը Արարատում կապահովի իշխանամետ ու ադրբեջանամետ տրամադրությունները, իսկ Սյունիքում Առուշ Առուշանյանի ձեռքերը դժվար թե  ազատ լինեն:

Հաջորդը Տավուշն է: Հայտնի է, որ Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն արդեն 5 ամիս  կալանավորված է: Գաղտնիք չի, որ  նա իշխանություններին   ենթարկվողներից չէ. ընդվզել է, թե Տավուշից ոչ մի գյուղ չի կարող հանձնվել Ադրբեջանին, ինչից հետո նրա վրա  քրեական գործ է կարվել:

Մի բան պարզ է. այն, ինչ կատարվում է Հայաստանում ու Արցախում, հակատիեզերական է, բանականությունից դուրս է,  նորմալ մարդու ֆիզիոլոգիան ու միտքն ընկալել չեն կարող:

Երկրաշարժից հետո՝ շրջափակման մեջ, մթի, ցրտի, սովի պայմաններում մենք կարողացանք Արցախ ազատագրել, երկու հայկական պետություն կառուցել, երկու բանակ ունենալ: 30 տարի արյամբ պահված Արցախն այսօր կորցնում ենք ամբողջովին, անվերադարձ, Հայաստանի գոյության, պետականության  հարցն է հարցականի տակ: Փաշինյանն արդեն բացեիբաց է հայտարարում, որ  ոչ մի լավատեսական բան չի մնացել,  «համապարփակ խաղաղության պայմանագրիրն» են սպիտակ դրոշակի պես ծածանում այն դեպքում, երբ Ադրբեջանի  ռազմատենչ ախորժակն ավելի ու ավելի է գրգռվում:

Պատերազմի պատրաստվող թշնամու հետ խաղաղության սիլի-բիլին նման է մարմնավաճառի էժան ու նողկալի գալարումների:

Եվ ո՞վ կպատկերացներ, որ մի խեղկատակ 10 միլիոն հայության աչքի առաջ 1,5 տարում փոշի կդարձնի հայի 6000-ամյա պատմությունը, անցած ճանապարհը, քաղաքակրթությունը, պետականությունը, Հայրենիքը, կպղծի նրա ներկան ու կզրկի ապագայից:

ՆԱԻՐ ՅԱՆ