«Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում – այլազգիները դա կանեն». օրեր առաջ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան այս գրառումն էր արել: Այսօր, կառավարությունում նրան հանդիպած լրագրողներն առաջինը հենց դրա մասին հարցրին՝ ի՞նչ է ցանկացել ասել հանձնակատարը: «Քանի որ մենք անպաշտպանունակ երկիր ենք, քանի որ բնակչություն չենք ունենալու, գալու են մեզ հաղթեն, հողին տիրանալու են, ինչպես տիրացել են մեր հայրենիքի 9/10-րդին: Մի՞թե պարզ չի. դա կոչ է հայ ժողովրդին՝ երեխաներ ունենալ»,- իր գրառումը մեկնաբանեց Զարեհ Սինանյանը:
Այն, որ պետությունը պետք է պայմաններ ստեղծի ծնելիության աճի համար, Սինանյանը համաձայն է:
«Պետությունը պետք է պայմաններ ստեղծի, բայց 30 տարի չի ստեղծել: Պետությունն ինչ որ անում է, պետք է ավելին անի, բայց խոսքը նրա մասին է, որ մենք՝ որպես ազգ, խնդիր ունենք: Մենք բնակչության դեմոգրաֆիկ խնդիր ունենք: Խնդիրն արդեն կա, նոր չի. խնդիրը մինչև 2018 թվականի սարսափելի վարչարարությունն է»,- «նախկիններին» դատափետեց Սինանյանը:
Այն, որ մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք, «նախկիններն» էլ չէին ժխտում, բայց ծնելիության նվազ ցուցանիշի համար հստակ սահման գծել, ինչպես դա արեց Զարեհ Սինանյանը և ուղղորդել, թե դրա պատճառները մինչև 2018 թվականը եղած վարչարարության մեջ փնտրեք, մեղմ ասած…
Սփյուռքի գործերով հանձնակատարը նշեց, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատերազմից հետո բարդացել են: Եթե բացատրական աշխատանք չտարվի, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարներն ինչ նպատակով են օգտագործվել, ինչքան են օգտագործվել ու ինչքանով են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքագրվել են, խնդիր կլինի: «Սակայն այդ բացատրությունը, հաշվետվությունը նուրբ է: Ի՞նչ կպատահի հիմնադրամի եվրոպական, ամերիկյան կառույցների հետ, եթե բաց տեքստով սկսվի խոսվել այդ ամենի մասին: Դա գիտակցեք ու զգույշ եղեք: ԱՄՆ-ում, Եվրոպայում «Հայաստան» համահայկական հիմնադրամը գրանցված է որպես բարեգործական կառույց, որն ունի պարտավորություններ, եթե դուք սկսեք խոսել այդ պարտավորություններից դուրս թեմաների մասին, միանգամից կվտանգեք «Հայաստան» հիմնադրամի կարգավիճակն ամբողջ աշխարհով մեկ»,- նկատեց Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք, որ բարեգործական հիմնադրամից ՀՀ կառավարությանը նվիրաբերելու մասին ի պաշտոնե ու բարձրաձայն հայտարարել է անձամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Այսինքն՝ ի՞նչ է ակնարկում Զարեհ Սինանյանը. որ բոլորս թաքցնե՞նք ու հանկարծ Ամերիկայի, եվրոպական պետությունների ղեկավարների ականջը չընկնի՞, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարների մի մասը՝ մոտ 53 միլիոն դոլար, փոխանցվել է Հայաստանի կառավարությանը և չի ծախսվել բարեգործական նպատակներով, ինչի համար և հանգանակվել էր գումարը: Գաղտնիք չէ, որ նույն ԱՄՆ-ում նվիրատվություն կատարող քաղաքացիներն ազատվում են հարկերից, այսինքն՝ նրանք գումար չեն մուծում պետբյուջեին՝ վնաս հասցնելով այն երկրին, որի քաղաքացին են, որտեղ ապրում են, փող են աշխատում և այդ փողից բարեգործական նպատակով գումար են հանգանակում Հայաստանին:
Այսինքն՝ Սփյուռքի մեր հարգարժան հայրենակիցներ, միլիոններ եք հանգանակել հիմնադրամին, լավ եք արել, պարտավոր էինք, սսկվեք-նստեք, հաշվետվություն մի պահանջեք, որովհետև եթե Հայաստանի կառավարության հաշվետվության մասին իմանաք, չի բացառվում, որ նախ՝ այլևս գումար չեք նվիրի Հայաստանին, երկրորդ՝ այն երկրներում, որտեղ քաղաքացիություն եք ստացել ու ապրում եք, ո՞վ իմանա, գուցե դատաիրավական գործընթաց սկսեն Հայաստանի կառավարության դեմ:
«Ինչո՞ւ են «Հայաստան» հիմնադրամի փողերը նվիրաբերվել ՀՀ կառավարությանը» հարցի վերաբերյալ Զարեհ Սինանյանն ասաց՝ եթե մենք հաղթեինք պատերազմում, կամ պատերազմը չունենար այսքան ցավալի ավարտ, այս հարցը չէր տրվի:
Պարոն հանձնակատար, պատերազմն ինչ արդյունք էլ ունենար, այդ հարցը կտրվեր, որովհետև բարեգործական հիմնադրամն ու պետբյուջեն միմյանց հետ որևէ օրգանական ու բարոյական կապ ունենալ չեն կարող: Այդ հարցը ոչ պատերազմի մեղմ, ոչ էլ շատ ցավոտ կորուստների դեպքում չէր տրվի, եթե հիմնադրամի ամբողջ գումարը լումա առ լումա հասցեական ծախսվեր միայն ու միայն պատերազմի հետևանքները մեղմելու նպատակով, եթե այդ գումարով անհրաժեշտ բուժում, վիրահատություններ ստանային մեր վիրավոր զինվորները, մինչդեռ սոցցանցերում այսօր էլ հաշվեհամարներ են շրջանառվում ու հանրությունից գումարներ հանգանակվում վիրավորներին շտապ բուժօգնություն հասցնելու համար: Գիտե՞ք, որ վիրավորված զինվորներից շատերը սեփական միջոցներով են բուժվում, դեղորայք գնում, գիտե՞ք, որ ձեռք ու ոտք անդամահատած, ծանր վիրահատություններ տարած տղաները թրոմբի հետ կապված խնդիրներ են ունենում ու նոր վիրահատություն է հարկավոր, այն էլ՝ շատ շտապ:
Ի վերջո, այդ հարցը չէր տրվի, եթե պարգևավճարների մասին բոլորդ մոռացած լինեիք մեր երկրի համար ճգնաժամային 2020-ին ու ոչ պակաս ճգնաժամային 2021թվականին: