Իրավական, բարոյական եւ եկեղեցաբանական դիտարկումներ
Վերջին շաբաթներին հայ հասարակությունում քննարկվում են մեղադրանքներ, որոնք վարչապետ Փաշինյանը եւ նրա համախոհները ներկայացնում են Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի հասցեին՝ իբրեւ թե վերջինս ընտանիք ունի: Այս մեղադրանքներն առայժմ որեւէ փաստական հիմքով չեն հաստատվել, իսկ Եկեղեցին դրանց չի արձագանքել պաշտոնապես: Սրանով մեկտեղ հարցականի տակ են դրվում ոչ միայն կաթողիկոսի անձը, այլեւ Եկեղեցու, պետության եւ հասարակության փոխհարաբերությունների հիմքերը:
Եկեղեցական կարգն ու մեղադրանքների քննությունը
Հայ առաքելական եկեղեցու բազմադարյա կանոնական ավանդույթը եւ եկեղեցական իրավունքը հստակ սահմանում են ընթացակարգեր՝ երբ կասկածներ կամ մեղադրանքներ են առաջադրվում հոգեւորականների դեմ: Բոլոր նման դեպքերում նախապատվությունը տրվում է ներքին, գաղտնի եւ կարգապահական քննության՝ իրավասու եկեղեցական մարմինների կողմից: Այս մոտեցման հիմքում ընկած են մարդու արժանապատվության, անմեղության կանխավարկածի եւ արդար դատաքննության սկզբունքները: Հանրային անհիմն ու անկանոն դատաստանը կամ քաղաքական շահարկումը հակասում են ոչ միայն եկեղեցական կարգին, այլեւ քրիստոնեական բարոյականությանը:
Ողորմության եւ վերականգնման սկզբունքը եկեղեցում
Եկեղեցին կոչված է լինել ողորմության եւ հույսի վայր, այլ ոչ հրապարակային դատապարտման ու նվաստացման: Այստեղ հարկ է նշել, որ Խոստովանության Սուրբ Խորհուրդը՝ որպես եկեղեցու կենտրոնական Միստերիաներից մեկը, կոչված է պաշտպանելու մեղավորի ներքին կյանքը, ապաշխարությունը եւ հաշտեցումը Աստծո հետ: Եկեղեցու բարոյագիտութան առանցքում մարդուն պատժելը չէ, այլ նրա վերադարձը եւ վերստին բարձրացումը դեպի երկնային արքայություն: Յուրաքանչյուրի՝ նաեւ հոգեւորականի սխալները, եթե դրանք ապաշխարությամբ ու խոստովանությամբ ներողություն են գտել ու թողություն են ստացել, չեն կարող դառնալ մշտական դատապարտման առիթ, ինչպես որ մարդը, ով մեկ անգամ դատապարտվել է հանցանքի համար, չի կարող անընդհատ նույն հանցանքի համար կրկին դատապարտվել:
Արժանապատվությունը, եկեղեցական ծառայության արժանությունը
Քահանայության, եպիսկոպոսության կամ կաթողիկոսության ձեռնադրման եւ օծման կարգերը ներառում են ոչ միայն արտաքին քննություն եւ համայնքային հաստատում, այլեւ ներքին՝ հատկապես խոստովանության եւ բարոյական վերլուծության պահ: Եթե օծումից հետո պարզվում է, որ նախկինում եղել են ապաշխարությամբ քավված մեղքեր, ապա դրանց անդրադառնալը նորից հակասում է ինչպես եկեղեցական, այնպես էլ քրիստոնեական սկզբունքներին:
Ձեռնադրության կամ օծման կարգի ընթացքին հավատացյալների ներկայությամբ, ձեռնադրողը հարցնում է խարտավիլակին ( հոգեւորական, որ կրոնավորի ձեռնադրության ժամանակ, զգեստավորված, հանդիսանում է ձեռնադրվողի հավատարմատարը, նրա մասին հրապարակավ վկայություն է տալիս-խմբ.), թե արդյոք թեկնածուն արժանի՞ է տվյալ ձեռնադրության: Տեղի է ունենում ընծայացուի հավատքի ուղղափառության քննությունը: Այնուհետեւ ապագա եպիսկոպոսի արժանավորության մասին Ամենայն հայոց հայրապետի առջեւ վկայում են Հայ եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաեւ հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ. իշխանավորներ ու ծառաներ, հարուստներ ու աղքատներ: Միայն նրանց կողմից արտահայտված վկայությունից հետո է շարունակվում ձեռնադրությունը:
Եթե հետագայում հայտնի դառնա, որ նախքան օծումը եղել են որոշակի սխալներ, պետք է հիշել՝ ապաշխարության եւ ներողամտության շնորհով մեղքերը ներված են, իսկ օծումից հետո անձը սկսում է նոր կյանք՝ Աստծո եւ համայնքի առաջ: Հետեւաբար եկեղեցական ծառայության ընթացքում կատարված ծանր ու շարունակվող խախտումները միայն կարող են հիմք դառնալ կարգապահական միջոցների համար: Իսկ դա քննում է, ինչպես վերը նշեցինք, հատուկ հոգեւոր կարգապահության խորհուրդը:
Եկեղեցու ունեցվածքը՝ սեփականություն, ժառանգականություն եւ հանրային շահ
Վերջին քննարկումներում հաճախ հնչում են մեղադրանքներ, թե կաթողիկոսը եկեղեցու սեփականատերն է, եւ նրա մահվանից հետո ունեցվածքը կարող է անցնել նրա ժառանգներին: Այս տեսակետը խորապես հակասում է եկեղեցու իրավական ու հոգեւոր հիմքերին: Հայ առաքելական եկեղեցին, ինչպես բոլոր ավանդական եկեղեցիները, իրավաբանական անձ է՝ իր ունեցվածքով, որը երբեք չի պատկանում որեւէ հոգեւորականի կամ նրա ընտանիքին: Եկեղեցական ողջ գույքը պատկանում է ինստիտուցիային՝ ամբողջ համայնքին, եւ ժառանգաբար չի անցնում որեւէ անհատի կամ նրա հարազատներին: Կարծել, թե կաթողիկոսի մահից հետո եկեղեցու ունեցվածքը կարող է անցնել նրա ենթադրյալ ժառանգներին, նույնքան անհեթեթ է, որքան ասել, թե վարչապետի մահից հետո Հայաստանի Հանրապետությունը՝ իր քաղաքացիներով հանդերձ, կարող է դառնալ նրա ժառանգների սեփականությունը:
Եկեղեցու եւ պետության տարանջատման սկզբունքը
Ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներից մեկը եկեղեցու եւ պետության տարանջատումն է: Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականները պետական պաշտոնյաներ չեն, այլ ծառայում են եկեղեցուն: Պետական իշխանությունների միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, կամ մամուլի միջոցով եկեղեցականների վրա ճնշում գործադրելը՝ հակասում են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական կարգին: Բարձրաստիճան հոգեւորականներին աշխարհիկ անուններով անվանելը, ինչպես նաեւ զրպարտությունն ու կոլեկտիվ մեղադրանքները անընդունելի են թե՛ եկեղեցական, թե՛ հասարակական տեսանկյունից եւ խաթարում են ազգային միասնությունը:
Եզրակացություն
Եկեղեցու եւ հասարակության երկարաժամկետ բարօրության համար վճռորոշ է զսպվածությունն ու պատասխանատվությունը, հատկապես նման բարդ իրավիճակներում: Արագ դատողությունները, շահարկումները կամ հրապարակային մեղադրանքները կարող են խորացնել պառակտումը եւ խաթարել այն արժեքները, որոնք կառուցում են ազատ ու պատասխանատու հասարակություն: Անհրաժեշտ է վերադառնալ հիմնարար սկզբունքներին՝ արժանապատվություն, արդարություն եւ քրիստոնեական ողորմություն:
ՏԻՐԱՏՈՒՐ ՔԱՀԱՆԱ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հոգեւոր հովիվ