Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաչատուր Մխիթարյան. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող արցախցիների վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը»

Անահիտ Հովսեփյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

«Ազգի» նախորդ շաբաթվա՝ սեպտեմբերի 12-ի համարում հարցազրույց էինք հրապարակել Գերմանահայ իրավաբանների միության վարչության անդամ փաստաբան Խաչատուր (Քրիստիան) Մխիթարյանի հետ: Զրույցի առանցքը Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների՝ ԳԴՀ-ում ապաստանի հայցին է վերաբերում: Ստորեւ՝ զրույցի երկրորդ մասը:

–Պարոն Մխիթարյան, դատարաններում նկատո՞ւմ եք բռնագաղթի ենթարկված մարդկանց պատմածի նկատմամբ հավատ, երբ մեր հայրենակիցներն ասում են, թե իրենք Ադրբեջան չեն կարող վերադառնալ: Դատավորների վերաբերմունքից զգացե՞լ եք ապրումակցում:

-Ես այլ կերպ կձեւակերպեի: Մինչ հասնենք այն փուլին, երբ դատարանը կզբաղվի Ադրբեջանում առկա վտանգների մասին քննարկումով, պետք է առաջին հերթին եւ հիմնականը լինի այդ անձանց կարգավիճակը պարզաբանելը: Մինչեւ կարգավիճակի մասին պարզաբանումը չլինի, դատարանը մարդասիրական իրավունքի վերաբերյալ  որոշում չի կայացնի: Մինչ այժմ վեճի առարկան եղել է այդ մարդկանց կարգավիճակը եւ ծագման երկիրը, քաղաքացիությունը: Այս համատեքստում դատարաններն անաչառ տպավորություն են թողել: Բոլոր հրատապ վարույթները, որոնցով հրատապ վճիռ է կայացվել, ավարտվել են դրական ելքով: Հրատապ որոշումների իմաստը հետեւյալն է՝ այդ մարդկանց արտաքսումն արգելվում է այնքան ժամանակ, մինչեւ վերջնական դատավճիռ չի հրապարակվում: Քանի որ դատական հայցը չի կանգնեցնում արտաքսումը, պետք է լրացուցիչ որոշում լինի: Եւ այդ որոշումների ընթացքում դատարանները նախնական կարծիք են հայտնում: Նախնական կարծիքները կայացվել են հիմնականում Կասելի վարչական դատարանի կայացրած երկու որոշումների հիման վրա: Հաշվի առնելով այդ որոշումները, մնացած վարչական դատարանները դրական կարծիք են հայտնել, որ Ներգաղթի եւ փախստականների դաշնային գերատեսչության որոշումները կասկածի տակ կարող են դրվել, հետեւաբար լրացուցիչ քննության առարկա պետք է դառնան: Ես այդպիսի 15-ից ավել դրական որոշումներ ունեմ, որտեղ դատարանն արգելել է արտաքսումը: Այդ որոշումները որոշ չափով իրավական ուժ են ստեղծում նաեւ հետագա քննության համար եւ ուղղություն են ցույց տալիս, բայց վերջնական որոշում չեն: Դատարանների տրամադրվածությունը այդ անձանց կարգավիճակի պարզաբանման վերաբերյալ դրական է: Դատարանն անաչառ է եւ պատրաստ է լսել այնպիսի կարծիքներ, որ առաջին հերթին անսովոր են նմանատիպ գործերի համար: Քանի որ ապաստանին վերաբերող գրեթե բոլոր դեպքերում քաղաքացիությունը քննարկման առարկա չէ:

–Կա կարծիք, որ ՀՀ-ում մեկ տարի բնակված արցախցին չի կարող ԳԴՀ-ում ստանալ փախստականի կարգավիճակ: Ճի՞շտ է այդ կարծիքը:

-Կարելի է նաեւ այդպես ձեւակերպել, թեեւ իրավաբանությունը մաթեմատիկական ճշգրտությամբ չի աշխատում, այլ՝ յուրաքանչյուր առանձին դեպք առանձնահատուկ  քննության է արժանանում: Բայց կան ընդհանուր կանոններ. Դատարանները որոշ հարցերի շուրջ (ծագման երկրի եւ այնտեղ մշտական բնակություն ունենալու վերաբերյալ) ունեն կանխավարկած եւ կարծիք, որ պիտի հաշվի առնվի: Այդ առումով  մինչեւ մեկ տարի մի տարածքում բնակվածների համար կարող է ժամանակավոր բնակության վայր համարվել եւ չպետք է անպայման նշանակի, թե վերջնական բնակավայրն այդտեղ է: Մեկ տարուց ավելը համարվում է երկարաժամկետ կամ հիմնական բնակություն, ըստ միջազգային իրավական պրակտիկայի: Գերմանիայի վարչական դատարանը հղում է անում Կանադայում հրապարակված որոշումներին, որով ասում է նաեւ, թե հիմնական բնակությունը պարունակում է որոշակի շարունակականություն: Դրան հղում անելով՝ Գերմանիայի վարչական դատարանները եկել են այն եզրակացության, որ մեկ տարի սահմանումը տրամաբանական է: Թեեւ Կարլսռուհեի վարչական դատարանի դատավորն ինձ ասաց, որ որոշ դեպքերում նույնիսկ ավելի քիչ ժամանակահատված կարող է բավարար համարվել, եթե այդ տարածքում արդեն արմատավորում է եղել: Այսինքն՝ եթե կա բնակության հաստատում, գրանցում, աշխատավայր, ընտանիքի տեղափոխում: Կոպիտ ասած՝ երբ մարդը Արցախից Հայաստան է եկել, տուն է գնել կամ վարձակալել, աշխատատեղ է ձեռք բերել,  ընտանիքի հետ այնտեղ ինտեգրվել, քաղաքացիություն է ձեռք բերել, դա արդեն համարվում է նրա հիմնական վերջին բնակավայրը: Բայց իբրեւ ընդհանուր սահմանում կարելի է մեկ տարին ընտրել, եւ դա մինչեւ հիմա «աշխատել է»: Կասելի վարչական դատարանի այդ գործում քննվող ընտանիքի անդամները 11 ամիս էին բնակվել Հայաստանում, եւ դա բավարար էր, որ պնդեինք, թե Հայաստանը չի եղել իրենց մշտական կամ վերջին բնակավայրը:

– Իսկ ունե՞ք հայցվորներ, որ Արցախի բռնագաղթից հետո գնացել են Ռուսաստան, կամ այլ երկիր, հետո նորից՝ Հայաստան, հետո եկել Գերմանիա: Կամ ՌԴ-ից , այլ երկրից՝ ուղիղ ԳԴՀ:

-Նոր հայցվորներ ունեմ, բայց նրանց գործը դեռ դատարանում չէ: Կուզենայի պարզաբանել, թե ինչու է վերջին բնակավայրը կարեւոր: Քննության առարկան առաջին հերթին քաղաքացիության երկիրն է: Միայն այն ժամանակ, երբ քաղաքացիություն չկա,  քննվում է այն երկիրը, որ վերջին հիմնական բնակության վայրն է եղել: Սա Ապաստանի մասին 3-րդ հոդվածի տրամաբանությունն է: Եթե պարզվի, որ ՀՀ քաղաքացի է, անկախ այն բանից, թե որտեղ է բնակվել, առաջին հերթին Հայաստանն է համարվում ծագման երկիր, որի վերաբերյալ պետք է գնահատական հնչի:

–Իսկ եթե արցախցին մեկնել է ՌԴ կամ Ուկրաինա, ունի այդ երկրի քաղաքացիություն, բայց քանի որ այնտեղ պատերազմ է, եկել է Գերմանիա, կարո՞ղ է ստանալ ԳԴՀ-ում փախստականի կարգավիճակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնագաղթի արհավիրքից տրավմա ունեցողը պատերազմող երկրում չի կարող մնալ:

-Ապաստանի օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ Գերմանիան իրավասու չէ քննել այն մարդկանց դիմումները, որ կարող են պաշտպանություն ստանալ ԵՄ-ից դուրս գտնվող պետություններից որեւէ մեկում: Դրա մեջ կարող է մտնել նաեւ ՀՀ-ն: Հայաստանը կարող է դիտարկվել որպես այլընտրանքային ապաստան տրամադրող երկիր: Նույնը վերաբերում է այլ երկրների, ՌԴ-ին, Ուկրաինային: Գերմանիան տեսականորեն կարող է հղում անել այդ հոդվածին եւ պնդել հետեւյալը. Քանի որ անձը (անձինք) այնտեղ առնվազն ունեցել են բնակության  թույլտվություն, այդ երկիրն իր (իրենց) համար ապահով, այլընտրանքային երկիր է հանդիսանում, եւ մերժել դիմումը: Շուտով բազմաթիվ գործերի վերաբերյալ կարեւոր որոշումներ պետք է կայացվեն: Դրանց միջոցով արդեն կձեւավորվի ամբողջական նախադեպային դատական պրակտիկա: Սկիզբը դրվել է Կասելի որոշումներով, պետք է լրացվի այլ որոշումներով, որ Գերմանիայում արցախցիների վերաբերյալ ունենանք նախադեպային իրավունք: Վերջնական որոշումները Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ գնահատական են պարունակելու նաեւ: Թեեւ Գելզենքիրհենի վարչական դատարանի հրատապ որոշման մեջ արդեն նախնական գնահատական տրվել է:  Այդուհետ կամփոփվի ամբողջ գործը, եւ այդ մարդկանց կարգավիճակի հարցն իր հանգուցալուծումը կստանա: Պետք է հաշվի առնենք, որ այս գործերը վերաբերում են սահմանափակ քանակով անձանց, նրանց՝ որ Հայաստանում մեկ տարուց ավելի չեն բնակվել, եկել են Գերմանիա: Նրանք, որ հնարավոր է հետագայում գան, արդեն այդ կատեգորիայում չեն գտնվելու, եւ այս տրամաբանությամբ չեն քննվի նրանց գործերը: Հետեւաբար սա վերաբերում է սահմանափակ թվով մարդկանց, սպեցիֆիկ մի խմբի, որոնց վերաբերյալ հետաքրքրական որոշումներ են կայացվել, կայացվելու:

Այս գործերի քաղաքական նշանակությունը. Այս մարդիկ ունեն փախստականի կարգավիճակ, քանի որ Ադրբեջանը խախտում է նրանց իրավունքները՝ այդ մարդիկ չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք, տվյալ դեպքում՝ ԼՂ (Արցախ), քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Անկախ նրանից, թե Հայաստանը եւ Ադրբեջանն իրար հետ ինչ են պայմանավորվում, մարդկանց իրավունքների իրացման տեսական հնարավորությունը չի կարող կասեցվել որեւէ պետության կողմից, քանի որ նրանք այդ պետությունների քաղաքացի չեն: Առավել հստակ՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը չեն կարող այդ մարդկանց իրավունքների վերաբերյալ այնպիսի  որոշումներ կայացնել, որ կկասեցնեն նրանց իրավունքները:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Գերմանիա

Նախորդ գրառումը

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

Հաջորդ գրառումը

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

Լրահոս

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական