Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Խաղաղությանը պատրաստվելիս

Վերջին 9 տարում զորակոչիկների թիվը 44 տոկոսով նվազել է: Պաշտպանության ոլորտի հիմնախնդիրներն այն աստիճանի են սրվել, որ ՀՀ իշխանությունները ձեռուոտ են ընկել: Բայց հարց է՝  նրանք ուզո՞ւմ են բանակ ունենալ, կամ  ինչպիսի՞ բանակ են ուզում ունենալ, ո՞րն է ՀՀ ԶՈՒ-ի նրանց պատկերացումը: Գաղտնիք չէ, որ նախկինում ստեղծված պաշտպանական համակարգը՝ ռազմական ու զինվորական կազմով, նրանք մերժում են: 44-օրյա պատերազմից 3 տարի է անցել: Թշնամին օր օրի ավելացնում է ռազմական բյուջեն, իսկ մենք դեռ վազքի մրցույթ ու Նոր տարուց 2 ամիս շուտ տոնածառ ենք զարդարում:

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտպանության ոլորտի նախագծեր է առաջ քաշել՝ փողի դիմաց բանակից ազատվել, դրան զուգահեռ՝ զորակոչի տարիքը 18-27-ի փոխարեն բարձրացնել-հասցնել 40-ի:

Ակնհայտ է, որ ժողովրդագրական անմխիթար պատկերին հուսադրող չէ նաեւ զորակոչիկների ամենամյա թվաքանակը: Դրա համար էլ իշխանությունները ծառայությունից խուսափողներին (մեծ մասամբ արտերկրում ապրող ու ՀՀ ԶՈՒ-ում չծառայած տղամարդկանց) դատուդատաստանի առաջ կանգնեցնելու փոխարեն, նրանց գրպանն են մտնում՝ փող տուր, մի՛ ծառայիր:

Հայկ Սարգսյանի նախագծով սահմանվում է՝  27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի եւ պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետբյուջե վճարել 10 մլն դրամ, եւ վճարել 15 մլն դրամ՝ ամբողջ ծառայության դիմաց:

Իսկ եթե զորակոչային տարիքի շեմը բարձրանա մինչեւ 40, հավանականությունն ինքնին կմեծանա, որ չծառայելու փոխարեն, 2,5-15 միլիոն դրամ վճարողների թիվը մեծ կլինի: Բացի այդ, արտերկրում ապրող եւ ՀՀ ԶՈՒ-ում չծառայած տղամարդիկ լրացուցիչ խնդիրներ կունենան. եթե մինչեւ հիմա սպասում էին 27-ը լրանալուն, որ օդանավակայանից միանգամից զինկոմիսարիատ չտանեն, այսուհետեւ պիտի սպասեն, որ 40-՞ը լրանա:

Այսպես թե այնպես, ամենահավանական տարբերակը մնում է չծառայելու կամ մասամբ ծառայելու փոխարեն, պետբյուջեին մուծվելը:

 Բացի այդ,  մինչեւ 40-ը, հնարավոր է 2,5-15 միլիոն դրամ հավաքել:

Ժամանակը ցույց կտա, թե զորակոչին ուղղված օրենսդրական փոփոխությունները դեպի ո՞ւր կտանեն՝ բոլորին բանակ բերե՞լ, թե՞ բոլորի գրպանները մտնել:

Իրականում այսօրինակ հարցերը պատերազմում դառը պարտություն կրած ու շարունակվող պատերազմի մեջ գտնվող երկրի բարձր ամբիոններից քննարկելն անպատվաբեր ու ամոթալի է. թշնամի երկրներում ուշի-ուշով հետեւում են հայաստանյան պետական ու ոչ պետական հաստատություններում հնչող ամեն խոսքին ու շարժումին: Ու քննարկել, օրենքի նախագիծ դարձնել փողով բանակից ազատվելու առաջարկը, երբ ատամները սրած հարեւան երկիրն ամեն օր իր բանակի, զինվորների պատրաստակամության, մինչեւ Երեւան հասնելու ու «Արեւմտյան Ադրբեջանն» ազատագրելու կոչեր է հնչեցնում, ուղղակի խայտառակություն է:

Բայց երբ հաշվի ենք առնում իրական փաստը, որ պաշտոնական Երեւանն ամեն ինչ անում է  թշնամուն գոհացնելու եւ նրան բավարարելու համար եւ ոչինչ չի անում նրան բարկացնելու,  նրանից ինչ-որ բան թաքցնելու եւ մեր ազգային արժանապտվությունը բարձր պահելու համար, այդ պահից սկսած՝ ԱԺ-ից, Կառավարությունից կամ այլ հարթակներից հնչող բոլոր խոսքերն ու հայտարարություններն ընկալվում են նորմայի սահմաններում ու բնական ընթացակարգով:
Այո, Ալիեւը պիտի տեղյակ լինի, որ Հայաստանում փողով բանակից ազատվելն այլեւս կոռուպցիա չի համարվում: Ինչի համար ՀՀ իշխանությունները մեղադրում էին նախկիններին, հիմա արդեն օրինական տեսք ու բովանդակություն է ստանում՝ մուծվիր ու բանակից ազատվիր:
Ալիեւը պիտի իմանա, որ զորակոչիկիների թիվը 44 տոկոսով պակասել է, որ Հայաստանը Ֆրանսիայից Վրաստանի տարածքով «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ է բերել, որոնք, ըստ շրջանառվող լուրերի, Ուկրաինա պետք է ուղարկվեին, բայց այնտեղից ասել են, որ դրանք արագ խոցելի են, իրենց պետք չեն: Եվ «Բաստիոնները» բերվել են «ժողովորդավարության բաստիոն»:

Եվ անպայման պետք էր ինչ-որ կերպ դրա մասին ասվեր, թեկուզ ոչ պաշտոնական հարթակներից, բայց Վրաստանից «ժողովրդավարության բաստիոն» տեղափոխվող «Բաստիոնների» լուսանկարները պետք է տարածվեին: «Բանակի համար զենք չեն առնում, 3 տարի է, մի «Կալաշնիկով» էլ չեն բերել» ասողների բերանը փակելու համար պետք է ինֆորմացիայի ու լուսանկարների «միամիտ» արտահոսք լիներ, որ այն, ինչ պիտի գաղտնի պահվեր, ինքնագովազդվելու համար «ալամ-աշխարը» ու հատկապես իշխանություններին քննադատողները տեսնեն ու սսկվեն:

Իսկ ինֆորմացիայի ու լուսանկարների «միամիտ» արտահոսքի հաջորդ օրը իսրայելական ԶԼՄ-ները թնդացրին՝ մինչեւ հիմա գաղտնի էինք պահում, թե ո՛ր երկրին ենք 1,2 միլիարդ դորալրի  BARAK MX զենիթահրթիռային համակարգ վաճառել, հիմա արդեն հայտարարում ենք՝ Ադրբեջանին: Բան ունե՞ք ասելու… դուք գնացեք տոնածառ զարդարեք, Սամբոյի առաջնություն անցկացրեք ու 71 երկրի առաջ՝ ուղիղ եթերում, հայտարարեք՝ սամբոն ընտանիք է, ընտանիքը՝ ուժ, ուժը՝ խաղաղություն:

Փաստացի՝ նոյեմբերի 16-ին էլ ամբողջ լրահոսը հեղեղվեց Հնդկաստանից Հայաստան մատակարարվելիք 150 հազար միավոր նռնակի լուսանկարով, լրացուցիչ տեղեկությունն էլ վրադիր, թե 2 ամիս առաջ MIL ընկերությունը Հայաստան է մատակարարել 5 միլիոն միավոր 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:

Նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերեցին Փաշինյանի հայտարարությունը, թե հաջորդ տարի Հայաստանի պաշտպանական ծախսերի ավելացումը խաղաղության նախապատրաստում է, ոչ թե պատերազմի:

ՆԱԻՐ ՅԱՆ