Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Իրանն ու Թուրքիան քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարը

2023 թվականի հոկտեմբերի 7-ին սկիզբ առած  Իսրայելի ու «Համասի» միջեւ ռազմական լայնածավալ գործողությունների նկատմամբ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերաբերմունքը նախնական շրջանում  եղել է երկդիմի ու հակասական: Մի կողմից Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում պաղեստինցիների հետ հռչակված համերաշխությունը, որն ավելի ընդգծվեց հատկապես 2010 թ.մայիսի 31-ին Գազայի հատված մեկնող «Ազատության տորմիղի» հայտնի միջադեպից հետո, երբ իսրայելցի հատուկջոկատայինների կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավում սպանվեց անձնակազմի անդամներից իննը մարդ: Մյուս կողմից, Թուրքիայի նախագահը չի ցանկանում հրաժարվել տարածաշրջանային երկրների, Արեւմուտքի եւ հատկապես Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին նախապես հայտարարված եւ արդեն իսկ մեկնարկած գործընթացից:

Հակամարտության սկզբնական շրջանում Էրդողանը փորձում էր այս խնդրին մոտենալ աջակցություն արտահայտող հայտարարությունների ոգով եւ Գազային հասցեագրված զգուշավոր մարդասիրական օգոնություններ տրամադրելու, միեւնույն ժամանակ, «Համասից» հեռավորություն պահպանելու գործելաոճով: 

Դրանով հանդերձ, հոկտեմբերի 25-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպման ժամանակ Էրդողանն անթաքույց քննադատեց Իսրայելին եւ  պաշտպանեց «Համաս» կազմակերպությանը:  

Իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի Անկարա նախատեսված այցից առաջ Թուրքիան հետ կանչեց Թել Ավիվից իր դեսպանին: Այդ առիթով  Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին է մեղադրում Գազայում խաղաղ բնակչության սպանությունների համար, հավելելով, որ ինքը նպատակահարմար չի համարում  վերջինիս հետ որեւէ հարցի շուրջ քննարկումներ անցկացնել: 

«Համասի» նկատմամբ Էրդողանի քաղաքականության կտրուկ փոփոխությունը, ըստ քաղաքական մեկնաբանների, զգալիորեն  թուլացրել է Թուրքիայի միջազգային դիրքերը, միեւնույն ժամանակ՝ բարելավել հարաբերություններն Իրանի հետ:  

Նոյեմբեր 7-ին Իրանի պաշտպանության նախարարության շտաբում տեղի է ունեցել հանդիպում Իրանի պաշտպանության նախարար Աշթիանիի եւ Թեհրանում Թուրքիայի դեսպան Քըրլանգըչի միջեւ, որի ընթացքում, ինչպես կարելի էր սպասել,  քննարկվել է ռազմական ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարը: 

Ըստ իրանական մամուլի, նախարար Աշթիանին համոզմունք է հայտնել, որ Իսրայելին չի հաջողվելու Գազայի հատվածում հասնել իր նպատակներին, իսկ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի միջամտությունն ու իսրայելցի ոճրագործներին ցուցաբերվող աջակցությունն ավելի է խճճելու  տարածաշրջանի անվտանգային իրավիճակը: 

Ուշագրավն այն է, որ թուրք դիվանագետի հետ հանդիպման ժամանակ, հավանաբար իրանական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել է նաեւ   Հարավային Կովկասին վերաբերող թեման, որի կապակցությամբ ԻԻՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Իրանի պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման հարցն Իրանի սկզբունքային քաղաքականությունն է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

Լուսանկարում՝  Պաշտպանության նախարար Աշթիանին եւ դեսպան Քըրլանգըչը