Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ օգուտ ակնկալել տարածաշրջանային տնտեսական զարգացումներից

Արամ Սաֆարյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Կարո՞ղ են արդյոք տնտեսական զարգացման խթանները նպաստել անվտանգության ավելի բարձր մակարդակին

Մոտենում է արձակուրդների շրջանը: Հեղինակավոր վարկանիշային կառույցները պատրաստվում են հրապարակել վեց ամսվա ընթացքում տնտեսական զարգացման ցուցանիշները: Որոշ տնտեսական ձեռքբերումներ ուղղակի զարմանալի են թվում եւ կարիք կա լրացուցիչ վերլուծություն անելու դրանց իրական սոցիալական ազդեցությունների եւ հետեւանքների հարցում: Այս հոդվածի նպատակն է ցույց տալ Հարավային Կովկասում ընթացող նկատելի տնտեսական գործընթացները, որոնք ստիպում են մտածել իրական խաղաղության եւ անվտանգության ավելի բարձր մակարդակի հասնելու հնարավորությունների մասին: Կարեւոր է բաց չթողնել այդ հնարավորությունները:

Եվրասիական ինտեգրման գործընթացում արձանագրված են անվիճելի հաջողություններ

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ իրենք ելնում են այն բանից, որ Հայաստանը իրենց դաշնակիցն է եւ հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունները շատ կարեւոր են: Ըստ նրա, 2023թ. արդյունքներով հայ-ռուսական տնտեսական համագործակցության շատ բարձր մակարդակ է արձանագրված, որը կազմում է ավելի քան 7,3 մլրդ. դոլար: Ընդ որում, այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է երկու անգամ: Տեմպերը շատ լավն են, տնտեսությունը զարգանում է շատ լավ,- մեջբերում է Ա. Օվերչուկին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը: Նա հիշեցրել է նաեւ, որ Հայաստանը ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ շրջանակներում: Մեր կողմից ավելացնենք, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության այդ ցուցանիշը մոտ երեք անգամ ավելի բարձր է, քան, օրինակ, Ռուսաստան-Ադրբեջան տնտեսական համագործակցության նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Եվս մեկ հետաքրքրական ցուցանիշ: Համաշխարհային բանկը հաշվարկել է 2023թ. արդյունքով շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշները: Դրանց համաձայն, Հայաստանի ցուցանիշը կազմել է 7330: Ադրբեջանի նույն ցուցանիշը կազմել է 6680: Վրաստանի նույն ցուցանիշը կազմել է 6680: Ռուսաստանի՝ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը 2023թ. ավելացել է եւ կազմել է 14250: Համեմատության համար, Թուրքիայի նույն ցուցանիշը կազմել է 11650: Իրանի նույն ցուցանիշը կազմել է 4680: Սա նշանակում է, որ մեր առեւտրատնտեսական հարաբերությունների արդյունքում տարածաշրջանում մենք արձանագրել ենք ամենաբարձր ցուցանիշը, որն արդեն միայն երկու անգամ է զիջում Ռուսաստանի ցուցանիշին:

Անհամբերությամբ սպասում ենք Հայաստանի վիճակագրական ծառայության կիսամյակային տվյալներին, որոնց վերլուծությունը կարող է օգնել բացատրելու, թե ի՞նչ ազդեցություն ունի այս զարմանալի իրողությունը Հայաստանի իրական սոցիալական իրավիճակի վրա:

Հետաքրքրական է նաեւ, որ Արեւմուտք-Ռուսաստան փաստացի առճակատման պայմաններում Ռուսաստանը բարձրացրել է իր ՀՆԱ-ի ցուցանիշը: Համաշխարհային բանկը եզրակացրել է, որ Ռուսաստանը եւ Բուլղարիան այսուհետ իրենց այդ ցուցանիշով գտնվում են արդեն ոչ թե զարգացող երկրների, այլ հաստատվել են զարգացած երկրների խմբում: Այստեղից քաղաքական գործիչերն աշխարհում իրարամերժ երկու եզրակացություն են անում: Առաջինն այն է, որ արգելամիջոցների առատությունը եւ հիբրիդային պատերազմները ոչ թե թուլացրել են Ռուսաստանին, այլ ուժեղացրել են նրան: Հետեւաբար, ճնշումը Ռուսաստանի վրա պետք է փոխարինել երխոսությամբ եւ բանակցություններով: Մյուս կողմից կա դիամետրալ հակառակ եզրակացությունը: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Վաշինգտոնում լրջորեն քննարկվում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական ճնշումներն էլ ավելի ուժեղացնելու թեման եւ այդ գաղափարի կողմնակիցները համոզված են, որ միայն էլ ավելի ուժեղ ճնշումներով հնարավոր կլինի զսպել Ռուսաստանին:

ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի մասնակցության թեման վերջին շաբաթներին  կարծես թե սկսել է մարել: Այլեւս չեն լսվում հայտարարություններ ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ: Ընդհակառակը, մեր փորձառու դիտորդները գալիս են եզրակացության, որ վերջին երկու տարիներին հայկական բիզնեսի (հատկապես խոշոր բիզնեսի) գլխին ոսկե մուսոնային անձրեւ է տեղում: Տեղին է նշել, որ մենք սպասում ենք օգոստոսի երկրորդ կեսին, երբ Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար տնտեսագետները կհրապարակեն 11-րդ ընթացիկ տնտեսագիտական հետազոտության արդյունքները Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին ԵԱՏՄ-ում մեր երկրի անդամակցության համատեքստում:

Տրանսպորտային միջանցքները պետք է աշխատեն անխափան

Հայաստանը առաջ է քաշել նախաձեռնություն «Խաղաղության խաչմերուկ» դառնալու վերաբերյալ: Այս նախաձեռնությունը իրականում խանդ եւ լարվածություն է առաջացրել տարածաշրջանային հարեւանների մոտ: Ադրբեջանը ցանկանում է ամբողջովին իրենով անել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը: Ինչպես հայտնի է, Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի մասին նախաձեռնությունը պատկանում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այս նախաձեռնության իմաստն այն է, որ Հնդկաստանից ապրանքները Իրանի նավահանգիստներով պետք է հասնեն Հարավային Կովկաս, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա եւ այնտեղից շարժվեն դեպի Ռուսաստան: Այդ նախաձեռնությունը արդյունավետ դարձնելու համար Իրանը զարգացնում է իր նավահանգիստների թողունակությունը: Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայնեցված դառնում է գլխավոր միջանցքը, որը կապում է Իրանը Ռուսաստանին: Այս նպատակով նա համոզել է Ռուսաստանի գործընկերներին ներդրումներ կատարել ադրբեջանական երկաթուղիներում եւ ավտոճանապարներում՝ թողունակությունը անգամներ ավելացնելու համար: Ըստ Ադրբեջանի ծրագրերի, Հայաստանին եւ Վրաստանին այս տրանսպորտային միջանցքում, լավագույն դեպքում, երկրորդական տեղ է հատկացվելու: Այսօր քչերն են հավատում, որ, օրինակ, Աբխազիայով անցնող երկաթուղին կարող է վերագործարկվել, ինչը Հայաստանը եւ Վրաստանը կդարձներ բանուկ տարանցիկ միջանցքներ Թեհրանը Մոսկվային կապելու գործում:

Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպիսի հմտությամբ ադրբեջանցիներին եւ թուրքերին հաջողվեց Հայաստանը հեռացնել Ռուսաստանից, դառնալ Ռուսաստանի ամենավստահելի տնտեսական գործընկերը տարածաշրջանում եւ ապրանքային հոսքերը ծառայեցնել իր ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք դեռ երեք տարի առաջ գրում էինք այն սպառնալիքի մասին, որը կախվելու է մեր երկրի գլխին, եթե մենք հեռանանք Ռուսաստանից եւ միայնակ մնանք թուրք-ադրբեջանական ողորմածության առջեւ: Իրադրությունը զարգացավ հենց այդ ամենավատթար սցենարով, եւ այսօր Ռուսաստանի հետ փաստացի տնտեսական ամենամեծ ծավալներն ունեցող Հայաստանը տարածաշրջանային խոշոր նախագծերի հարցում ոչ մի էական առավելություն չունի: Այդ առավելությունները ամբողջովին գնացել են դեպի Ադրբեջան եւ Թուրքիա:   

Զբոսաշրջիկների եւ ռելոկանտների ազդեցությունը մեր տնտեսության վրա

Հայաստան եկող ռուսաստանցիների թիվը չի պակասում: Անցյալ տարվա տվյալներով Հայաստան մտած զբոսաշրջիկների 55 տոկոսը ռուսաստանցիներ են եղել: Նրանց թիվը կազմել է ավելի քան 1,1 մլն. մարդ: Շատ դժվար է ճշգրիտ ասել, թե ինչքան ռուս ռելոկանտ կա Հայաստանում, բայց ակնհայտ է, որ նրանք պատկառելի ներկայություն ունեն մեր հասարակական ու մշակութային կյանքում: Պետք է հասկանալ այնպես, որ մինչեւ Ուկրաինական ճգնաժամը մի հասկանալի լուծում չստանա,այս մարդիկ չեն վերադառնալու իրենց տները: 2023թ. իրողություններից մեկն էլ այն էր, որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները կազմել են բոլոր տրանսֆերտների մոտ 70%-ը եւ դրանց մեջ ռուս ռելոկանտների ստացած փոխանցումների ծավալը ավելի մեծ է եղել, քան ռուսաստանցի եւ հայաստանցի հայերի ստացած փոխանցումների ծավալը:

Ճշմարտություն է նաեւ, որ կա հակառակ միտումը. անընդհատ մեծանում է Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Հայաստանից դեպի ԱՄՆ  կատարվող դրամական փոխանցումների ծավալը: Մեր քննարկումները ռուսաստանցի ռելոկանտների հետ բերում են այն եզրակացության, որ Հայաստանում նրանց լավ են վերաբերվում, չեն նեղացնում եւ չեն օտարացնում մեր հանրային կյանքից: Նույնը չի կարելի ասել ետխորհրդային մյուս երկրների մասին, որտեղից ռելոկանտները փորձում են հեռանալ դեպի Արեւմուտք՝ որեւէ տեղ, որտեղ նրանց կընդունեն: Ընդհանուր առմամբ, մեր հասարակության այս նոր խավի մասնակցությունը տնտեսական կյանքին 2022 եւ 2023թթ. շատ էական է եղել: Կարծում ենք, որ ինչքան էլ բարդ լինեն քաղաքական հարաբերությունները պաշտոնական Երեւանի եւ պաշտոնական Մոսկվայի միջեւ, ռուս զբոսաշրջիկները եւ ռելոկանտները շարունակելու են ժամանել Հայաստան, նույնիսկ ավելի մեծ չափերով:

Ինչպե՞ս Հարավային Կովկասը դարձնել ավելի անվտանգ ու կանխատեսելի

Իրանի Իսլամական Հանրապետությունում ընտրվել է նոր նախագահ: Նրանից իրանական հասարակությունը ակնկալում է հետեւողական քայլեր երկրի տնտեական հարցերը լուծելու ուղղությամբ: Իրանը ծանրակշիռ երկիր է եւ էական ազդեցություն ունի Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում: Իրանցիների ներկայությունը Հայաստանում նույնպես էական է եւ իր ծավալներով զիջում է միայն ռուսաստանցիների ներկայությանը: Հայաստանում սպասում են այն ժամանակներին, երբ Թուրքիայի հետ սահմանները կբացվեն եւ թուրքական կապիտալը կմտնի Հայաստան: Այս հարցում հասարակության մեջ մեծ անհանգստություն կա: Բայց միաժամանակ սառը դատողները հասկանում են, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում սա անխուսափելի հեռանկար է: Կարելի էր այս ժամանակի ընթացքում մի լուրջ, գիտականորեն հիմնավորված քննարկում անցկացնել այն հարցի կապակցությամբ, թե ի՞նչ պետք է անել Հայաստանում թուրք-ադրբեջանական հնարավոր ներթափանցումը չեզոքացնելու համար: Բայց պարզ է, որ Հայաստանի իշխանությունը բոլորովին չի ցանկանում այս թեմայով կոմպետենտ եւ օբյեկտիվ գիտափորձագիտական հրապարակային քննարկում իրականացնել: Շատ ափսոս: Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ մինչեւ աշուն պատրաստ է ստորագրելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ: Սակայն Բաքվում կարծում են, որ այդ պայմանագիրը կստորագրվի, լավագույն դեպքում, այս տարվա վերջում կամ եկող տարվա սկզբին: Առաջադրված պայմաններն էլ հայտի են: Մենք կարծում ենք, որ բարենպաստ տնտեսական գործընթացները խելամիտ դիվանագիտության եւ ակտիվ քաղաքական կեցվացքի պայմաններում կարող են դուռ բացել ավելի անվտանգ գոյության եւ կանխատեսելի ապագայի համար:

Պարզ ասած, քաղաքական նպատակը պետք է ձեւակերպվի այնպես, որ վստահելի բարեկամների եւ կանխատեսելի գործընկերների թիվը ոչ թե անընդհատ նվազի, այլ, ընդհակառակը, անընդհատ ավելանա: Հայաստանի իշխանությունը արդեն բավական ժամանակ ուներ իր եւ ուրիշների սխալների վրա սովորելու համար: Հիմա անհրաժեշտ են հասարակության մեծ մասի վստահությունը վայելող հասկանալի ու կանխատեսելի քայլեր: Տնտեսության վերոհիշյալ զարգացման միտումները կարող են քաղաքական կայունության վրա ազդող գործոններ լինել: Բայց այն մոգական բառերը, որոնք աշխարհի մեծերը կասեն ի լուր բոլորի, որոնք անվտանգ կդարձնեն Հայաստանը եւ կդարձնեն այն նաեւ ապահով գործարարության, ավելի բարձր մշակույթի ու հեռանկար ունեցող գիտության երկիր, դեռ չեն հնչել: Այդ բառերը աշխարհի ուժեղների շուրթերով հնչեցնելու համար լուրջ ու խելացի քաղաքականություն է պետք վարել:  

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Քաղաքական վերլուծաբան,

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Նախորդ գրառումը

Հաւա՞տք, թէ՞ սնահաւատութիւն

Հաջորդ գրառումը

Կարեն Դավիթխանյան. Ականավոր պարսկահայերի լրագրող ​​ժառանգը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը
*

Կարեն Դավիթխանյան. Ականավոր պարսկահայերի լրագրող ​​ժառանգը

Լրահոս

Ընդդիմությունն առաջիկա խորհրդարանում ջախջախվելու է, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները. ինչ ուզենք՝ կանենք. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2026

Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո...

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել` ընդդեմ ԿԸՀ-ի

19/06/2026

Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026թ. հունիսի 17-ի...

«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության հայտարարությունը

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարությունը Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը կախված է եղել նրանից, թե իշխանությունը...

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ...

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026

Այսօր առավոտյան քրեական վարչությունից եկել էին մեր տուն՝ հորս ձերբակալելու, - հայտնում է Ռուբեն Հակոբյանի դուստրը։ Քննչական կոմիտեից «Արմենպրես»-ին հայտնել...

Ատելությունն է ամենակարևոր գործոնը, որը միավորում է փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի հետ. Արման Աբովյան

19/06/2026

Պարզապես պետք է հասկանալ, որ փաշինյանական իշխանությունների գործողությունների տրամաբանությունը թելադրվում է բացառապես արտաքին խաղացողների շահերով, իսկ այդ քաղաքականության հիմնական շահառուն...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական