Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Թուրքական ապրանքի մուտքը հեշտացնելու և հայ արտադրողին խոչընդոտելու նոր «ելք»

2025 թվականի հունվարի 1-ից Քպ իշխանությունը նոր նվեր է պատրաստել այն արտադրողների համար, ովքեր գործում են շրջանառության հարկի դաշտում։

Նախկինում գործող 3.5 տոկոս հարկը արտադրական գործունեություն իրականացնողների շրջանառության նկատմամբ փոխվել է և դառնալու է 7 տոկոս։

Ընդամենը 100 տոկոսով է բարձրանալու,  հարգելի հայ արտադրողներ։

Փորձենք հասկանալ, թե դա ինչ է նշանակելու տեղական հումքի վրա գործող կոոպերատիվների, արտելների, կոշիկի, տրիկոտաժի, հուշանվերների, գյուղմթերքի արտադրությունների համար։

Առնվազն երկու անգամ բարձրացող հարկը, դիցուք,  մեկ միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտի համար 35.000 դրամից դառնալու է 70.000դրամ։

Եթե դրան հավելենք հնարավոր ստուգման ակտի անխուսափելի տուգանքը՝ թաքցված շրջանառության հարկի գումարի և դրա 100 տոկոսի չափով տուգանքի հանրագումարը, ապա պատկերը առավել անմխիթար է դառնում։

Ամենախոցելի վիճակում են հայտնվելու գյուղմթերք արտադրողները։

Ծախսերի նվազեցման որևէ փաստաթուղթ նրանց մոտ չի գեներացվելու, և այդ տնտեսությունները ամբողջովին են զգալու երկու անգամ աճած հարկի «պերճանքը»։

Ակնհայտ է, որ այս ամենն արվում է տեղական արտադրողների զարգացումը կասեցնելու համար։

Բայց ինչո՞ւ։

Բացատրությունը մեկն է՝ թուրքական ապրանքի մուտքն են հեշտացնում։

Իսկ հարևան Թուրքիայում պետությունը հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում է թուրք արտադրողներին՝ նրանց համար ստեղծելով հարկերի նվազեցման հնարավորություն, հարկային արձակուրդներ, պետական վճարների զեղչում և  այլ օժանդակություններ։

Հարգելի արտադրողներ, վստահ եղեք,  որ հարկերի այս բարձրացումը վերջինը չէ և շարունակվելու է այնքան, մինչե դուք լքեք Հայաստանը կամ աշխատանքի անցնեք թուրքերի մոտ։

Հրայր Կամենդատյան, տնտեսագետ