Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ընտրություններում ռուսական մամուլը Էրդողանին է պաշտպանում, բայցև չի անտեսում նրա պարտվելու հավանականությունը

Ապրիլի 25-ին երեկոյան, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մասնակցում էր Kanal 7 և Ülke TV Kanal- ի համատեղ հարցազրույցին, ուղիղ եթերում հանկարծ վատթարանում է նրա ինքնազգացողությունը: Ülke TV-ի հաղորդումների գլխավոր խմբագիր Հասան Օզթուրքն անմիջապես զգուշացնում է ռեժիսորին, հաղորդումը շուրջ 25 րոպե ընդհատվում է: Վերադառնալով եթեր՝ Էրդողանն ասում է, թե ստամոքսը սաստիկ մրսեցրել է, ներողություն է խնդրում հեռուստադիտողներից, և հարցազրույցն ավարտվում է նախատեսվածից շուտ, այսինքն՝ չի կայանում:

Միջազգաjին առաջնակարգ լրատվամիջոցները իսկույն արձագանքում են Էրդողանի ինքնազգացողության վատթարացմանը՝ սրտի կաթվածի, ուշաթափության տարբեր եզրակացություններով: Մինչ այդ,  Էրդողանի առողջության վատթարացման միջադեպը քողարկող, նրա առողջական վիճակի մասին քար լռություն պահպանող հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթթին Ալթունը ստիպված, այն էլ կեսգիշերին միայն՝ ժամը 24-ին, վերոնշյալ եզրակացությունները որակելով ապատեղակատվություն՝ ասում է. «Որքան էլ ապատեղեկատվություն տարածելու լինեն, թուրք ազգն իր առաջնորդի հետ է, Էրդողանն ու նրա «Արդարություն և բարգավաճում»  կուսակցությունը  հաղթանակով է դուրս գալու մայիսի 14-ի ընտրություններից»:

Նրա խոսքը լրացնում է Էրդողանի կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը՝ միջազգային լրատվամիջոցներին մեղադրելով «անամոթաբար սուտ լուրեր» տարածելու մեջ, իսկ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նշում է, որ նախագահի առողջական վիճակը «շատ լավ» է, նա շարունակելու է նախընտրական քարոզարշավը, պարզապես, ինչպես ինքն է ասել, թեթևակի մրսել է:

 Որքան էլ Օքթայը «շատ լավ» ասի, Էրդողանը չեղարկել է ապրիլի 26-ին Քըրըքքալե, Յոզղաթ, Սվազ, իսկ 28-ին Ադանա այցելելու ծրագիրը՝ հայտարարելով, որ հանրահավաքներն իր փոխարեն կվարի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

Ինչպես հայտնի է, նա ապրիլի 27-ին մասնակցեց «Աքքույու»  ատոմակայանի լիցքավորման արարողությանը, բայց առցանց, տեսակապի միջոցով, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելին՝ առցանց այդ լիցքավորումն իրականացվել է 4 ժամ ուշացումով:

Արարողությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան անցավ միջուկային տերությունների շարքը, Եվրահանձնաժողովը, միջուկային էներգիան որակելով», կանաչ էներգիա», ցրել է իրենց մտավախությունները: Նա միաժամանակ նշեց, որ ատոմակայանն ամբողջ հզորությամբ կգործի 2028-ին և 10 %-ով կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջը, ուստի ծրագրվում է կառուցել ևս 2-3 ատոմակայան: Պուտինը  «Աքքույու» ատոմակայանը համարեց Թուրքիայի և Ռուսաստանի խոշորագույն նախագիծը:

Արարողությանը ներկա է եղել «Rosatom»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը:

Նախ պետք է ասել, որ Եվրոպայում ատոմակայանը չի համարվում «կանաչ», այսինքն՝ վերականգնվող էներգիայի աղբյուր, եթե այդպես լիներ, ապա Գերմանիան ընթացիկ տարվա ապրիլի 15-ին չէր փակի երկրի վերջին ատոմակայանը: Ինչ վերաբերում է «Աքքույու» ատոմակայանից ակնկալվող էլեկտրոէներգիային, չմոռանանք, որ այն  կառուցել է ռուսական «Rosatom» ընկերությունը՝  թույլ չտալով  շինարարական  աշխատանքներին թուրքական որևէ ընկերության մասնակցությունը:

 Ընդ որում, ատոմակայանի շահագործումն էլ հենց «Rosatom»-ն է իրականացնելու, ինչի մասին ընդդիմադիր «HalkTV»-ի էկրանից նշեց Մոսկվայի թղթակից Հաքան Աքսայը: Դա նշանակում է, որ ռուսական նշված ընկերությունն ատոմակայանի արտադրած էլեկտրոէներգիան վաճառելու է Թուրքիային, որքան էլ այն կառուցված լինի այդ երկրի տարածքում: Թերևս,  այդ առումով պատահական չէր «Halk TV»-ի քաղաքական մեկնաբան Էմին Չափայի հարցադրումը. «Եթե մենք ռուսներից ենք գնելու, ապա ի՞նչ իմաստ ուներ մեր երկրում ատոմակայան կառուցելը, դրա արտադրած էլեկտրաէներգիան կգնեինք Ռուսաստանից»:

Թղթակից Աքսայն անդրադարձավ նաև ատոմակայանի լիցքավորման արարողությանը Պուտինի մասնակցության խնդրին:

Ինչպես հայտնի է, Էրդողանը դեռևս մարտի 30-ին հույս էր հայտնել էր, որ Պուտինն անձամբ ներկա կլինի ատոմակայանի լիցքավորման արարողությանը, ապրիլի 3-ին, սակայն, Մոսկվան դա հերքեց: Ինչո՞վ դա բացադրել հարցին ի պատասխան՝ Աքսայն ասաց. «Այդպիսի արարողություն Էրդողանն արդեն մի քանի անգամ կազմակերպել էր, դա նկատի առնելով Պուտինը մերժեց հրավերը, թե ի՞նչ կարիք կա: Հավանաբար Էրդողանը, առաջիկա ընտրություններին ընդառաջ, ուզում էր հանդես գալ հանդիսավոր մի նախաձեռնությամբ:

Հնարավոր է, որ Պուտինը չի ցանկանում ինքնաթիռով թռչել: Մոսկվան գիտակցում է, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակը խնդրահարույց է լինելու Ռուսաստանի համար, որովհետև վերջինին ընկալում է որպես Արևմուտքի խամաճիկ, ինչն ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն կարծես հաստատել է Մոսկվային հասցեագրած ազդանշաններով:

 Ահա թե ինչու ռուսական մամուլը,  թեև Էրդողանին է պաշտպանում, բայցևայնպես,  չի կարողանում նաև անտեսել վերջինի պարտվելու հավանականությունը»:

Հակոբ Չաքրյան