Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Երեւանի դեմ Բաքվի անդադրում արշավը

ԱՄՆ-ը զե՞նք է մատակարարում Հայաստանին

Օրերս Euronews-ը  ակամայից  միացել  է Հայաստանին զենք ու զինամթերք մատակարարող երկրների  բացահայտման գործին լծված  ադրբեջանական մամուլի արշավին ու  ընդամենը հիմք ընդունելով ադրբեջանական Caliber.az վեբկայքի հրապարակումները նշել, որ ԱՄՆ-ը զենք է մատակարարում Հայաստանին ու հավելել.

«Իր վաղեմի հակառակորդ Ադրբեջանի նկատմամբ երկու անգամ պարտություն կրելուց հետո, ռազմական գործընկերներ ու դաշնակիցներ ընտրելու հարցում Երեւանի մոտեցումները փոփոխության են ենթարկվել»:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն շտապեց հերքել այդ տեղեկատվությունն ու հայտարարեց, որ ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երեւանին:

Ընդ որում, Հայաստանին մատակարարվող զենքերի լոգիստիկ խնդիրները կարգավորելու հարցում Իրանը նույնպես հայտնվել  է մեղադրյալի աթոռին:

Caliber.az-ի փոխանցմամբ, Հնդկաստանում եւ Ֆրանսիայում արտադրվող զենքերն Իրանի տարածքով Հայաստան տեղափոխելիս, մաքսային ստուգումների անվան տակ, Թեհրանն իր մասնագետների միջոցով տեխզննման է  ենթարկում,  ինչը, իբր,  Իրանին հնարավորություն է տալիս արդիականացնել երկրում  արտադրվող զենքերը:

Caliber.az-ը անգամ նշում է, որ Երեւան առաքվող  155 մմ տրամաչափի թնդանոթով հագեցած ֆրանսիական «Սեզար»  համակարգը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում զննության ենթարկվելու համար, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանությունը բողոք է ներկայացրել: Caliber.az-ի պնդմամբ, հակառակ Ֆրանսիայի զգուշացումների, Իրանը շարունակում է իր ուսումնասիրությունները:  

Բնականաբար, այս կարգի հորինածին տեղեկատվություններն անմիջապես  հերքվում են մեղադրանքների թիրախ հանդիսացող երկրների պատկան մարմինների  կողմից:  Սակայն Բաքուն շարունակում է ոչ միայն Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու պարբերական բնույթ կրող  իր անհիմն մեղադրանքները, այլեւ միջազգային մամուլը ծառայեցնում  իր  հեռագնա նպատակների համար:

Բոլորովին վերջերս էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին էր որակել Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է  ստորագրել:

Հիշեցնենք, որ Լոնդոնում հրապարակվող եւ Սաուդյան Արաբիաի կողմից ֆինանսավորվող «Iran International» կայքի միջոցով հրապարակվող նյութերի հավաստիությունը հաճախակի են վիճարկվում:

 «Iran International» կայքը,  վկայակոչելով իրանական ծագումով անանուն մի աղբյուր, տեղեկացրել էր, որ Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, Թեհրանը Երեւանին պետք է տրամադրի կամիկաձե ԱԹՍ-ներ: Ըստ նույն աղբյուրի, մի քանի ամիս առաջ ստորագրված երկկողմ համաձայնագիրը բաղկացած է տարբեր  ենթաբաժիններից:
Կայքին տեղեկատվություն փոխանցած անանուն աղբյուրը, ըստ «Iran International»-ի, բարձրաստիճան ռազմական պաշտոնյա է, եւ իբր վերջինիս անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից  ելնելով՝ նրա ինքնությունը չի բացահայտում:  
«Iran International» կայքի տրամադրության տակ եղած «գաղտնի»  տեղեկատվության համաձայն, Իրանը Հայաստանին է տրամադրելու նաեւ անօդաչու  թռչող սարքեր, այդ թվում՝  Shahid 136,  Shahid 129, Shahid 197 եւ Mohajer ԱԹՍ-ներ:

Ըստ նույն համաձայնագրի, Իրանը նաեւ  Հայաստանին կտրամադրի «Խորդադ-3», «Մաջիդ», «Խորդադ-15» եւ «Արման» տիպի  հակահրթիռային պաշտպանության  համակարգեր:
Նշված է նաեւ, որ Հայաստանի ու Իրանի պաշտպանական գերատեսչությունները  «Iran International» կայքի ՝ այդ կապակցությամբ տրված հարցերին չեն արձագանքում:

Ռազմական եւ անվտանգային հարցերի վաշինգտոնյան վերլուծական կենտրոնում աշխատող  իրանցի փորձագետ Ֆարզին Նադիմին, ըստ լոնդոնյան կայքի,  այդ առիթով  հայտնել է, որ նման  ծավալների հասնող գործարքը, այդ տարածաշրջանի չափանիշներով, բավականին ուշագրավ է:
Նա հավելել է, որ Իրանը նախկինում էլ անօդաչու թռչող սարքեր եւ այլ կարգի սպառազինություն է վաճառել  հայկական կողմին, սակայն ծավալները երբեք այդքան մեծ չեն եղել:
Կայքը նաեւ Հայաստանի 2024 թ. պաշտպանական նպատակների համար նախատեսված 1,4 միլիարդ դոլարի հասնող  բյուջեն համեմատել է  2020 թվականի բյուջեի հետ եւ նշել, որ աճը կազմել է 81 տոկոս:

Կայքի հաշվարկներով, Իրանի հետ ռազմական համագործակցության համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմում են ընթացիկ տարվա  պաշտպանական նպատակների համար նախատեսված Հայաստանի բյուջեի 1/3-ը:

«Iran International» կայքը, վկայաբերելով որոշ վերլուծաբանների տեսակետները, ենթադրում է, որ  Հայաստանը հավանաբար Թեհրանի խոստացած 500 միլիոն դոլար վարկից է կարողանալու այդ խոշոր գնումն իրականացնել:

«Iran International»-ը հավանական է համարում, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունը ներառելու է նաեւ այլ ասպեկտներ, այդ թվում՝ ռազմական տեղեկատվության տրամադրում, Հայաստանի տարածքում ռազմական վարժանքների անցկացում եւ ռազմահենակետերի տեղակայում:

Նկատի ունենալով հայ-իրանական ռազմական համագործակցության ծավալների օրավուր աճը, Ֆարզին Նադիմին ենթադրում է, որ  այդ իրավիճակը չի կարող չանհանգստացնել տարածաշրջանին եւ չի կարող անտարբեր թողնել Վաշինգտոնին:

«Iran International»-ը նաեւ մեջբերել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ հունիսի 28-ին Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցի հետեւյալ հատվածը. «Իմ ուղերձը նրանց (ԱՄՆ-ին) հետեւյալն է՝  նրանք անտեղի հայ-իրանական հարաբերություններին չպիտի միջամտեն»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ