Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Անչափահասներին ծեծելը իշխանական կադրերի բրենդն է

Էպիլեպսիայի ախտանիշով անչափահասին Թալին խոշորացված համայնքի Արագածավան վարչական շրջանի ՋՕԸ կոմունալ բաժնի  պետ Սուրեն Թորոսյանը ծեծել է: Փորձել է նստեցնել մեքենա, երեխան չի ենթարկվել, նրա դեմքին գազ է փչել, մահակով հարվածել գլխին այնքան անողոքաբար, որ տղային վիրահատել են, գլխին 8 կար են դրել: Արագածավանի բնակիչները, ի նշան բողոքի, շրջապատել են քպ-ական հանցագործի տունը:

Ընդ որում՝ նա քեն է պահել, տղային ծեծելով չի սահմանափակվել, փորձել է հաշվեհարդարը շարունակել: Իսկ ի՞նչն է միջադեպի պատճառը. մեկ ամիս առաջ Արագածավանում քպ-ականների հավաքի ժամանակ անչափահասը նրանց երեսին նետել է՝ դուք ստախոս եք:

Քպ-ականների հասցեին համարձակ գնահատականը  Սուրեն Թորոսյանը չի ներել ու որոշել է մինչեւ վերջ հաշվեհարդար տեսնել՝ տղային փորձելով նստեցնել մեքենա:

Այս դրվագը, կարծում եմ, բոլորին է ծանոթ՝ նստեցնել մեքենա: Այո, Աշոտ Փաշինյան…
Նա էլ նստել էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի մեքենան, բայց ինքնակամ, ոչ թե բռնի ուժ գործագրելու արդյունքում: Բայց դա որակվեց՝ առեւանգում: Իսկ արագածավանցի տղայի դեպքում Սուրեն Թորոսյանը ստիպողաբար է փորձել նստեցնել մեքենա, ընդ որում՝ անչափահասին, իսկ Աշոտ Փաշինյանը վաղուց այլեւս անչափահաս չէ:

Մի դեպքում ուժ է գործադրվել մեքենա նստեցնելու համար, տուժողն անչափահաս է եղել ու իր կամքին հակառակ են փորձել նրան մեքենա նստեցնել, բայց, վստահ ենք, որ դատաիրավական համակարգը երբեք այս գործողությունը չի գնահատի որպես առեւանգման փորձ:

Մյուս դեպքում Աշոտ Փաշինյանն ինքն  է իր ոտքով գնացել դեպի մեքենա ու նստել: Նա լիովին գիտակցել է իր գործողությունները, նա անչափահաս չէ, նրա նկատմամբ բռնի ուժ չի կիրառվել: Բայց մեքենա նստելու առաջարկի հեղինակ Գայանե Հակոբյանի նկատմամաբ մեղադրանք առաջադրվեց՝ նրա քայլը որակելով առեւանգում:

Հետաքրքրական է, որ Արագածավանի միջադեպը մեկ ամիս առաջ է տեղի ունեցել, ու զարգացումները մինչեւ հիմա շարունակվում են:

Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկել 16-ամյա անչափահաս տղային: Սա էլ տեղի է ունեցել ապրիլի 10-ին, բայց բացահայտվել է դարձյալ վերջին մեկ շաբաթվա ընթացքում:

Ստացվում է՝ եթե մի դեպքում անչափահասին քրեականի պետի կողմից ծեծի ենթարկվելու տեսագրությունը չլիներ, դեպքն այդպես էլ կոծկվելու էր գնար:
Մյուս դեպքում էլ,  եթե չլիներ արագածավանցիների բողոքն ու ընդվզումը, առողջական խնդիրներով անչափահասին ծեծելու դեպքը եւս ծածկադմփոց էին անելու:

 Գայանե Հակոբյանին կալանավորելով, անչափահասին դաժանաբար ծեծի ենթարկած քրեականի պետին սկզբում ներում շնորհելով, ինչ է թե նա տեսագրությունը տարածվելուց հետո հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար, հանրության շրջանում ակնհայտորեն վախի մթնոլորտ է տարածվում:

Այսինքն՝ այո՛, թող բոլորն իմանան, որ Գայանե Հակոբյանը կալանավորվել է հենց միայն այն պատճառով, որ վարչապետի որդուն է փորձել Եռաբլուր տարել՝ իր կամքին հակառակ: Քրեականի պետը, այո՛, կարող է երեխա ծեծել ու անպատիժ մնալ, որքան էլ նրա ծնողները բողոք ներկայացրած լինեն ոստիկանությանը: Նրա բախտն ուղղակի չի բերել մի հարցում՝ ծեծը տեսագրվել, է ու տեսագրությունը տարածվել է: Շա՜տ ափսոս:
Վատառողջ անչափահասին ծեծած քպ-ական պաշտոնյան էլ հանգիստ կարող էր մարսել իր արածը, եթե մի քիչ… զսպված ծեծեր, ոչ այն աստիճանի, որ տղային հիվանդանոց տանեին ու վիրահատեին:

«Բեսպրեդել». «ժողովրդավարությունը Հայաստանի բրենդ» համարող վարչապետի ղեկավարած Հայաստանի իրական անունը:

ՆԱԻՐ ՅԱՆ