Հայաստանից դուրս նպաստավոր մի մթնոլորտ է ստեղծվել՝ հայրենիքից հեռու որոշ հայերի մեջ սունկի պես աճում է հայրենասիրությունը:
Փորձը ցույց է տալիս, որ այդ մարդկանց մեծամասնությունը հասարակության այն շերտին է պատկանում, որ այստեղ՝ Հայաստանում, ապրում էին օրվա հացով, իրենց գերխնդիրը սոված փորով չքնելն էր ու իրենց չէր հետաքրքրում թե Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, թե միացյալ թագավորություն, Ազգային ժողով է, թե լորդերի պալատ, չէր հուզում Պաշտպանության նախարարի ով լինելը, անգամ անուն-ազգանունը երևի չգիտեին, չէր հուզում, թե որտեղից է սկսվում իրենց պետության սահմանները, առավել ևս չէր հուզում հայրենիքի սահմանները, ընտրություններին մասնակցում էին ոչ թե այն գիտակցությամբ, որ իրենց քվեն որոշիչ է պետության ապագայի համար, այլ այն աչքածակ որկլամոլությամբ, թե ով ավելի բարձր գին կառաջարկի իր «պտիչկայի» համար:
Խոշոր հաշվով, մարդկանց այս տեսակը միշտ բողոքում է Հայաստանից, որ իրեն՝ ոչ մի բան չանելու համար «աղայավարի» չի պահում: Ու բողոքելով էլ մի գեղեցիկ օր մի քանի մաշված հագուստ լցնում են նոր գնված պայուսակի մեջ ու բռնում փրկության ճանապարհը, պատճառաբանելով թե այստեղ ապագա չկա:
Անդրադառնանք վերևում նշված նպաստավոր մթնոլորտին: Մեր հիշյալ հայրենակիցները շնչում են այս մթնոլորտի գերող օդը ու հո՛պ, նրանց մեջ հայրենասիրությունը գլուխ է բարձրացնում: Սկսում են Հայաստանում ապրող հայերին քննադատել, թե երկնքից մորուքով փրկիչ է իջել, բոլոր նախկինների ստեղծած արատավոր բարքերը հօդս են ցնդել, Հայաստանը դրախտ է դարձել, էլ ինչի՞ց եք բողոքում: Բայց այս հորդորներին զուգահեռ նրանք շարունակում են ապրել Հայաստանից դուրս, շարունակում են խառնվել Հայաստանի ու հայաստանցու կյանքին:
Հայի այս տեսակին միայն պիտի ասես. «Հարգելի՛ս, ապրիր այն պետության կյանքով, որտեղ հիմա գտնվում ես, բարևիր Կիրիլին կամ Ջեքին, քննադատիր կամ գովաբանիր Պուտինին կամ, օրինակ` Թրամփին, բայց մի՛ խառնվիր մեր կյանքին ու հիշիր, որ դու մեր զինվոր եղբայրների թիկունքը պաշտպանող քո որդուն փախցրել ես հայրենիքից»:
Հարգանքներս հայի այն տեսակին, որ աշխարհի ցանկացած կետում հայ է ու հայրենասեր:





