Միշտ պետք է հիշել, որ գազի գինը քաղաքական գին է։ Քանի որ այն բորսային ապրանք չէ, տարածաշրջանային ապրանք է, գինն, ըստ տարածաշրջանի, փոփոխվում է։ Ռուսաստանը գազի գնի մեջ դնում է նաև որոշակի քաղաքական կոմպոնենտ և ըստ դրա էլ որոշում այն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
«Այս պահին Հայաստանի համար գազի գինը 175 դոլար է՝ 1000 խ/մ դիմաց։ 175 դոլարով գազը վաճառվում է սահմանին, և սա հստակ քաղաքական գին է՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները։
Իսկապես մտահոգություն կար, որ ՀՀ հստակ հակառուսական քաղաքականության հետևանքով հունվարի 1-ից գազի գինը կարող էր թանկանալ։ Բայց ես առիթ եմ ունեցել մի քանի անգամ շեշտելու, որ ՀՀ գործող ռեժիմը շատ առումներով ձեռնտու է ռուսներին, և նրանք չեն գնա որևէ կտրուկ քայլի, քանի դեռ ՌԴ-ի հիմնական խնդիրը շարունակում է մնալ Ուկրաինան»,- ասաց էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը։
Ըստ Արմեն Մանվելյանի՝ այն, որ ռուսները չեն պատրաստվում 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար բարձրացնել գազի գինը, ցույց է տալիս, որ այլ առաջնահերթություններ ունեն։
«Քանի որ Փաշինյանի ռեժիմը շատ կանխատեսելի է, ռուսներն ավելի շատ վախենում են, եթե, Աստված չանի, որ Հայաստանում իշխանության գան իրապես հայրենասեր ուժեր, որոնք կհրաժարվեն կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Սա կարող է իրավիճակի որոշակի սրեցման բերել, որին ռուսներն ստիպված կլինեն արձագանքել»,- նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Մանվելյանը հիշեցրեց՝ Ռուսաստանը Հայաստանին միջազգային շուկայական գներից ցածր գներով վաճառում է ռազմավարական նշանակության երկու ապրանք՝ գազ և հարստացված ուրան։
«Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահ եղած ժամանակահատվածում ռուսները մի քանի անգամ բարձրացրեցին և՛ գազի, և՛ ուրանի գինը՝ ի պատասխան այն բանի, որ Հայաստանը փորձում էր լավ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ։ Այդ ընթացքում ռուսական կողմը պարբերաբար փակում էր Լարսի անցակետը, արգելում հայկական արտադրության գյուղատնտեսական ապրանքների մուտքը ՌԴ, բարձրացնում գազի գինը։ Գազի գինն իջավ այն ժամանակ, երբ Հայաստանը մուտք գործեց ԵԱՏՄ։
Կրկնում եմ, այս պահին ՌԴ-ին ձեռնտու է ՀՀ թույլ և անողնաշար ռեժիմը, քանի դեռ այդ երկիրը կենտրոնացած է ուկրաինական խնդրի վրա։ Իհարկե, տրամաբանական կլիներ, որպեսզի Ռուսաստանը Հայաստանի համար հաջորդ տարվա հունվարի 1-ից բարձրացներ գազի գինը, սակայն թույլ ռեժիմի գոյությունը ռուսներին խիստ շահեկան է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր՝ Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի նաև սակագինը սպառողների համար։