Ո՞վ կարող է բացատրել, թե ո՞րն էր մեր երկրի շահը Պաղեստին պետությունըԷրդողանի միջնորդությամբ ճանաչելու գործում: Ի՞նչ կարիք կար թուրքական «բարեխոսությամբ» այդ բանը անելու, երբ Հայաստանը առաջին օրից եւ մշտապես, միջազգային բոլոր հարթակներում քվեարկել է հօգուտ պաղեստինցի ժողովրդի պետություն ունենալու իրավունքի եւ ի շահ Մահմուդ Աբբասի գլխավորած ինքնավարության: Ի՞նչ շահեցինք քաղաքական կրեդիտը ուրիշին, այս պարագայում՝ մեր արքիթշնամուն զիջելով, նրա կասկածելի խաղերի խաղալիքը դառնալով: Նիկոլ Փաշինյանի այդ քայլով, փաստորեն, ոչ թե շահեցինք, այլ՝ պրոարաբական մեր ուրույն դիրքի հետ կորցրեցինք նաեւ Հայկական Երուսաղեմի նկատմամբ հրեական ոտնձգությունները զսպելու թերեւս մեր վերջին հնարավորությունը:
Ո՞վ կարող է բացատրել, թե ինչո՞ւ է Փաշինյանը Բելառուսի խելառ բռնապետի նկատմամբ առաջին օրվանից ունեցած իր հակակրանքը վերածել միջպետական հակամարտության եւ այն տարածել իր կողմից «սառեցված» ՀԱՊԿ-ի վրա: Կամ ընդհանրապես ի՞նչ իրավունքով է անձնականը խառնում պետականի հետ: Իրա՞վ, որ նա, Փաշինյանը, մեր մասնաբաժինը չվճարելով եւ Լուկաշենկոյի հետ կռվելով հույս ունի ՀԱՊԿ-ից դուրս բերել Հայաստանը՝ մնալով հանդերձ ԵԱՏՄ կազմում:
Ինչո՞վ բացատրել նրա ցանկությունը հանրաքվեով «համաժողովրդական» հայտ ներկայացնել անդամագրվելու Երվոմիությանը: Իսկապե՞ս մտածում է, որ այնտեղ գրկաբաց կընդունեն մեզ, հարեւանների հետ լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանին: Գուցե մտածում է նաեւ ընդունվել ՆԱՏՕ: Միամի՞տ, թե՞ խելապակաս: Չեմ կարծում: Այլ ենթադրում եմ, որ այդ եւ նման հանրաքվեներով (Սահմանադրության խուզում, Ադրբեջան-Թուրքիայի հետ «խաղաղության» պայմանագիր եւ այլք), կազմակերպված եւ անցկացված ի՛ր իսկ կողմից, նա ձգտում է «համոզիչ» կերպով ցույց տալ, որ ինքն է «տերը մեր երկրի»:
Իսկ ինչո՞վ բացատրել Արցախ անունը լսելիս Փաշինյանի ընկնավորվելը՝ բառի փոխաբերական իմաստով: Ընդոծին ատելություն կա այս տղայի մոտ Արցախի եւ արցախահայության նկատմամբ: Այլապես ի՞նչին վերագրել Արցախի պետական ու ռազմական ղեկավարների պատանդառված վիճակի վերաբերյալ նրա քար-լռությունը: Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է, ողջ-առողջ, առավել եւս՝ որ նա Արցախի ներկայացուցչական տուն է մտնում, հանդիպում տարբեր մարդկանց, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հետ, լրագրողներ ընդունում, ասուլիս տալիս: Ավելի անհանդուրժելին՝ Շահրամանյանը ծառայողական մեքենա ունի եւ, պատկերացնո՞ւմ եք, վարորդ ու թիկնապահ: Կույր ատելություն բռնատեղահանված բոլոր արցախահայերի նկատմամբ, որոնք արդեն, հուրախություն իրեն եւ յուրայինների, քոչում են Մայր հայրենիքից:
Օրերս երեւան եկավ, որ Նիկոլը անբացատրելի ատելություն ունի նաեւ, ինչպես Արարատ սարի, Էրկրի, Հայոց պատմության, Հայ եկեղեցու, այնպես էլ հայկական քանդակագործության հրաշալիքի՝ խաչքարի նկատմամբ: Ատելավառ այդ ոգին հիշեցնում է Հին Աշխարհի ամենաքստմնելի դեմքերից մեկին՝ Ներոն կայսրին՝ Կլաուդիուս կայսեր որդեգրին, որ կրակի տվեց Հռոմը՝ հրձիգության մեղքը գցելով քրիստոնյաների վրա: Ի դեպ, նա սպանել էր տվել իր հարազատ մորը՝ Ագրիպինա կայսրուհուն եւ սեփական կնոջը:
Ի դեպ, 68 թ.ին Ներոնը ինքնասպան եղավ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ