Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր նախագահը նույն մտահոգությունն է արտահայտում հրապարակավ: Եվ հարցումը գալիս է ինքնաբերաբար. ինչո՞ւ վարչապետի աթոռին հայտնված պատուհասը մի քանի օր առաջ հունիսի 8-ն, այսինքն` ընտրությունների հաջորդ օրը, հռչակեց համաժողովրդային հանրահավաքի օր` մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Սովորաբար համապետական ընտրություններին հաջորդած օրերը խիստ ծանրաբեռնված են լինում մասնակից կուսակցությունների ու դաշինքների համար: Հաղթածները ներքին պաշտոնաբաժանումներն են կատարում, պարտվածները` պատճառները, թերացումներն են արձանագրում` հաջորդիվ նման բան թույլ չտալու համար: Մինչդեռ Փաշինյանը, ի հառաջագունէ, ժողովրդին հրավիրում է «մեծ» հանրահավաքի: Ի՞նչ անելու, ի՞նչ ասելու համար: Չարագուշակ որեւէ բան չի՞ նկատվում այդ հրավերի մեջ: Սեփական պարտության թե հաղթանակի (Աստված մի՛ արասցե) դեպքում սպառնալիք չկա՞ մրցակիցներին չաքուջային, ասֆալտային, պադվալային վրեժխնդրության ենթարկելու վերաբերյալ:
Ահա՛ երկրորդ սպառնալիքը` «կա՛մ Փաշինյան, կա՛մ պատերազմ» թուրք-ադրբեջանական շանտաժը, որը թեւավորել է «Նե՞ օլդու, Փաշինյան, նե՞ օլդու» երգից ոգեւորված մեր «հերոսին», որը պատրաստ է կրկնել ու վերակրկնել նույն «հերոսությունները», այս անգամ նաեւ Եվրոմիության ծափահարությունների ներքո:
Չե՞ք հավատում, հետեւեք, եթե արդեն չեք հետեւել, օրերս Մարզահամերգային դահլիճի սրահներում այսպես կոչված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովի աշխատանքին, մասնակիցների ցանկին, ընթացքում հնչած խոսքերին, կնքված պայմանագրերին:
Այլ հանգամանքերում մենք պիտի հպարտ ու գոհ լինեինք, որ նման համաժողովը տեղի է ունենում մեր երկրում, այն էլ` բարձրագույն մակարդակով, այն էլ աշխարհաքաղաքական վտանգավոր զարգացումների, ռազմական կործանարար բախումների, գերզարգացած սպառազինության կիրառման պայմաններում, միջուկային զենքի օգտագործման սպառնալիքի ներքո նաեւ: Սակայն ուշիուշով հետեւելով համաժողովի ընթացակարգին ու ելույթներին, դրանցում ես տեսա երկու բան. լռելյայն` Փաշինյանի վերընտրությունը, որպես հուսալի գործակալի, ապահովելու ջանքը, իսկ երկրորդ` կովկասյան տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու ձգտումը: Տիրապետողն այնտեղ ռուսոֆոբիան էր, որը առավել հստակ արտահայտվեց իր տիկնոջ` Բրիժիտի դաստիարակչական չափալախներից դեռեւս ուշքի չեկած նախագահ Մակրոնի շուրթերով. ի՞նչ կարիք կա հանդուրժելու Հայաստանի հյուսիսում, Թուրքիայի հետ սահմանագլխին, 4000 հոգանոց ռուսական զորք պահելու, մինչեւ ե՞րբ եք հանդուրժելու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ձեր երկրում:
Այլ խոսքով` համաեվրոպական քաղաքական հարցերը քննարկելու կոչված համաժողովը վերածվեց ՆԱՏՕ-ի ընդլայնման, մեր տարածաշրջանում վերջինիս հաստատման, Հայաստանը Հյուսիսատլանտյան բլոկի կազմում ընդգրկման արշավի, գիրկընխառն` Թուրքիայի եւ նրա աջակից ու ցեղակից Ադրբեջանի հետ, ընդդեմ Ռուսաստանի եւ մեր ազգի մյուս բարեկամ ու հարեւան Իրանի:
Արդ, ո՞վ է կործանարար վարչապետին նման իրավունք տվել տնօրինելու Հայոց երկրի ներկա եւ ապագա քաղաքական, ես կասեի` գոյութենական ճակատագիրը, որը, կրկնենք, չարագուշակ վիճակներ է խոստանում մեր երկրին, ժողվրդին ու համայն հայությանը: Ո՞վ չգիտի, որ նման համաժողովներից առաջ, որպես հյուրընկալ երկիր, իրավունք է իմանալ հավաքի նպատակը, գործողությունների հաջորդականությունը, դրանց նպատակահարմարությունը հյուրընկալ երկրի շահերի տեսակետից: Ժողովրդավարական որեւէ երկրում նման գործադիր իշխանությանը խորհրդարանական իրավունքի ուժով իսկույն կպաշտոնազրկեին ու դատական ատյանի առջեւ կկանգնեցնեին: Սակայն քանի որ մեր ունեցածը ընդամենը խորհրդարանական բռնապետություն է (Parlamentarian Dictatorship), փաստորեն գոյություն չունի Սահմանադրական դատարան: Հետեւաբար, Փաշինյանի նման մարդիկ, ինչպես նրա հյուրերից՝ համաժողովին մասնակից Զելենսկու նման բախտախնդիրներ են, նման հանցանքները թույլատրելի են:
Այս պայմաններում, որքան էլ որ զգացական ու քաղաքական տեսակետից դժգոհ լինենք Ռուսաստանից, իրավունք չունենք ուրանալու, որ այդ երկրի ղեկավարությունը եթե նույնիսկ վատություն չանի մեր դեմ, ապա նույնիսկ լավություն չանելով կարող է վնասել ու պատժել մեզ, մեր ժողովրդին:
Հայաստանը այսօր եւ ընդմիշտ, քաղաքականապես, տնտեսապես ու ռազմաստրատեգիական առումով չի կարող ընդդեմ գործել Ռուսաստանին, եւ փաշինյանները չեն, որ կարող են փոխել պատմական այդ իրողությունը:
ՆԱՏՕ-ն բերել մեր երկիր` նշանակում է թուրքին բերել կրկին ցեղասպանելու մեզ:
Եվ այս ամբողջը ինչի՞ համար: Բռնապետական իշխանությունը շարունակելո՞ւ, երկիրն ու ժողովուրդը հակամարտ պետությունների արանքում խցկված պահելո՞ւ, դարավոր մեր հարեւան Պարսկաստանը թշնամացնելո՞ւ, թե՞ ցեղասպան Թուրքիային անցք տալու, որպեսզի ամբողջացնի իր սեւ գործը: Իսկ վտանգի ժամանակ ի՞նչ է անելու ՆԱՏՕ-ն՝ գլխավորությամբ հոգատա՜ր Ֆրանսիայի, որը, հակառակ Ազգերի լիգայի որոշմանը, դեռեւս 1939 թ. հունիսին, գերազանցապես հայերով, ալավիներով, մահմեդական ու քրիստոնյա արաբներով բնակեցված Ալեքսանդրետի սանջաքը նվիրեց Թուրքիային: 70 տարի հետո ի՞նչը կխանգարի նրան ու մյուս ՆԱՏՕ-ականներին նույն կերպ վարվելու մեզ հետ:
Սեփական երկրի ու ժողովրդի ճակատագիրը ղումարի սեղանին չեն դնում: Մեզ պետք չեն ղումարբազներ:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ








