Վերջին օրերին Հայաստանում ամենաքննարկված թեմաներից մեկը, անտարակույս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է՝ ուղղված Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությանն ու Բելառուսի նախագահին: 2018-ի իշխանափոխությունից ի վեր հայկական լրատվամիջոցներում բազմաթիվ հոդվածներ են տպագրվել ՀՀ վարչապետի եւ Բելառուսի նախագահի միջեւ լարված հարաբերությունների մասին: Բելառուսը բացահայտ ցույց է տվել իր անվերապահ բարեկամական կապերը Ադրբեջանի հետ, որին նա ռազմավարական եւ տնտեսական առումներով շատ ավելի կարեւոր երկիր է համարում, քան՝ Հայաստանը: 2018-ից ի վեր ՀԱՊԿ-ն դարձել է Հայաստանի քաղաքականության եւ հատկապես արտաքին քաղաքականության կարեւորագույն թեմաներից մեկը:
Հայաստանն, առաջին հերթին, ՀԱՊԿ-ի դեմ արշավ նախաձեռնեց, երբ ետ կանչեց այդ կառույցում իր ներկայացուցչին՝ գեներալ Յուրի Խաչատուրովին, մեղադրական գործ հարուցելով նրա դեմ: Բայց չնայած Խաչատուրովը Երեւան վերադարձավ, դատական գործը այդպես էլ առաջ չգնաց, եւ նա համաձայն կազմակերպության կանոնադրության, շուտով կարողացավ վերականգել իր պաշտոնը այդ կառույցում՝ այս անգամ որպես Բելառուսի գլխավոր քարտուղար:
Հայաստանի քայլը նշանակալի հարված համարվեց՝ ուղղված ՀԱՊԿ-ի հեղինակությանը, հատկապես որ Խաչատուրովը մեղավոր չէր ճանաչվել:
Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը դադարեցնելու է իր մասնակցությունը Բելառուսում կազմակերպված բոլոր միջոցառումներին եւ ոչ մի հայ պաշտոնական անձնավորություն Բելառուս ոտք չի դնելու, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նման որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Լուկաշենկոն հաստատել էր պաշտոնապես, որ սատարել էր Ադրբեջանին 2020-ի պատերազմի ընթացքում եւ ողջունել վերջինիս հաղթանակը: Հայաստանը ետ կանչեց Մինսկում իր դեսպանին, միաժամանակ հասկացնելով Բելառուսին, որ, իր հերթին, նույն քայլին դիմի եւ խուսափի արձագանքել «ՀՀ վարչապետի հուզախառն ելույթներին»:
ՀՀ վարչապետը մի անգամ եւս հայտնեց, որ մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, հակառակ որ նախորդ օրը ՀՀ արտգործնախարարը հայտարարել էր, որ Հայաստանը նման մտադրություն չունի:
Կարեւոր է այստեղ նշել, որ համաձայն կանոնադրության, ՀԱՊկազմակերպության անդամները կարող են դուրս գալ այդ կառույցից նվազագույնը վեց ամիս առաջ՝ նախազգուշացնելուց հետո միայն: Մինչ օրս Հայաստանը նման բովանդակությամբ ոչ մի գրավոր հղում չի կատարել:
Բելառուսին բոյկոտելը կարող է ազդել նաեւ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի մասնակցության վրա, քանի որ հաջորդ տարի Բելառուսն է նախագահելու այդ կառույցի գործունեությունը: Սա նշանակում է, որ Հայաստանի ներկայացուցիչները բաց են թողնելու ԵԱՏՄ-ի նիստերը, ինչն էլ որոշում կայացնելու գործընթացին է խանգարելու, քանի որ այդ կառույցը հիմնականում գործում է «կոնսենսուսի»՝ ընդհանուրի համաձայնության հիման վրա:
Անշուշտ հնարավոր է, որ Հայաստանի ներկայացուցիչները հեռահար՝ առցանց ռեժիմով միանան նիստերին, խուսափելու համար հաղորդկացվելու ամբողջական խզումից: Հետեւաբար, բոյկոտը ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանը, առնվազն Բելառուսի նախագահության ժամանակահատվածում, խոչընդոտելու է ԵԱՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի գործողությունները:
Արժե այստեղ հիշեցնել, որ 2024-ի մարտին հայ ղեկավար պաշտոնյաներ հանդիպումներ ունեցան Բելառուսի հայտնի ընդդիմադիր անձնավորություններից, քաղաքագետ եւ նախագահության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, որ լքել էր իր երկիրը վիճահարույց ընտրություններից անմիջապես հետո: Այս հանդիպումները դժգոհություն էին առաջացրել Բելառուսում, սակայն Մինսկը դրանց ըմբռնումով էր վերաբերվել, առանց հակադարձ ագրեսիվ գործողությունների: Նախագահ Լուկաշենկոն ընտրությունները համարում է հարմար առիթ հեղափոխություն իրականացնելու. հնարավոր մի սպառնալիք, որի խափանմանը միջոցներ չի խնայում Ռուսաստանը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, պետք է նշել, որ Փաշինյանի իշխանության ղեկը ստանձնելուց հետո դրա շուրջ ստեղծված իրավիճակը բավականին անորոշ է, քանի որ Հայաստանը բազմիցս սպառնացել է դուրս գալ այդ կազմակերպությունից, բայց վերջին վեց տարիների ընթացքում ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Arm. Mirror-Spectator)