Ապրիլի 25-ին երեկոյան, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը մասնակցում էր Kanal 7 և Ülke TV Kanal- ի համատեղ հարցազրույցին, ուղիղ եթերում հանկարծ վատթարանում է նրա ինքնազգացողությունը: Ülke TV-ի հաղորդումների գլխավոր խմբագիր Հասան Օզթուրքն անմիջապես զգուշացնում է ռեժիսորին, հաղորդումը շուրջ 25 րոպե ընդհատվում է: Վերադառնալով եթեր՝ Էրդողանն ասում է, թե ստամոքսը սաստիկ մրսեցրել է, ներողություն է խնդրում հեռուստադիտողներից, և հարցազրույցն ավարտվում է նախատեսվածից շուտ, այսինքն՝ չի կայանում:
Միջազգաjին առաջնակարգ լրատվամիջոցները իսկույն արձագանքում են Էրդողանի ինքնազգացողության վատթարացմանը՝ սրտի կաթվածի, ուշաթափության տարբեր եզրակացություններով: Մինչ այդ, Էրդողանի առողջության վատթարացման միջադեպը քողարկող, նրա առողջական վիճակի մասին քար լռություն պահպանող հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթթին Ալթունը ստիպված, այն էլ կեսգիշերին միայն՝ ժամը 24-ին, վերոնշյալ եզրակացությունները որակելով ապատեղակատվություն՝ ասում է. «Որքան էլ ապատեղեկատվություն տարածելու լինեն, թուրք ազգն իր առաջնորդի հետ է, Էրդողանն ու նրա «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը հաղթանակով է դուրս գալու մայիսի 14-ի ընտրություններից»:
Նրա խոսքը լրացնում է Էրդողանի կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը՝ միջազգային լրատվամիջոցներին մեղադրելով «անամոթաբար սուտ լուրեր» տարածելու մեջ, իսկ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը նշում է, որ նախագահի առողջական վիճակը «շատ լավ» է, նա շարունակելու է նախընտրական քարոզարշավը, պարզապես, ինչպես ինքն է ասել, թեթևակի մրսել է:
Որքան էլ Օքթայը «շատ լավ» ասի, Էրդողանը չեղարկել է ապրիլի 26-ին Քըրըքքալե, Յոզղաթ, Սվազ, իսկ 28-ին Ադանա այցելելու ծրագիրը՝ հայտարարելով, որ հանրահավաքներն իր փոխարեն կվարի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:
Ինչպես հայտնի է, նա ապրիլի 27-ին մասնակցեց «Աքքույու» ատոմակայանի լիցքավորման արարողությանը, բայց առցանց, տեսակապի միջոցով, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելին՝ առցանց այդ լիցքավորումն իրականացվել է 4 ժամ ուշացումով:
Արարողությունից հետո Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան անցավ միջուկային տերությունների շարքը, Եվրահանձնաժողովը, միջուկային էներգիան որակելով», կանաչ էներգիա», ցրել է իրենց մտավախությունները: Նա միաժամանակ նշեց, որ ատոմակայանն ամբողջ հզորությամբ կգործի 2028-ին և 10 %-ով կապահովի Թուրքիայի էլեկտրաէներգիայի պահանջը, ուստի ծրագրվում է կառուցել ևս 2-3 ատոմակայան: Պուտինը «Աքքույու» ատոմակայանը համարեց Թուրքիայի և Ռուսաստանի խոշորագույն նախագիծը:
Արարողությանը ներկա է եղել «Rosatom»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը:
Նախ պետք է ասել, որ Եվրոպայում ատոմակայանը չի համարվում «կանաչ», այսինքն՝ վերականգնվող էներգիայի աղբյուր, եթե այդպես լիներ, ապա Գերմանիան ընթացիկ տարվա ապրիլի 15-ին չէր փակի երկրի վերջին ատոմակայանը: Ինչ վերաբերում է «Աքքույու» ատոմակայանից ակնկալվող էլեկտրոէներգիային, չմոռանանք, որ այն կառուցել է ռուսական «Rosatom» ընկերությունը՝ թույլ չտալով շինարարական աշխատանքներին թուրքական որևէ ընկերության մասնակցությունը:
Ընդ որում, ատոմակայանի շահագործումն էլ հենց «Rosatom»-ն է իրականացնելու, ինչի մասին ընդդիմադիր «HalkTV»-ի էկրանից նշեց Մոսկվայի թղթակից Հաքան Աքսայը: Դա նշանակում է, որ ռուսական նշված ընկերությունն ատոմակայանի արտադրած էլեկտրոէներգիան վաճառելու է Թուրքիային, որքան էլ այն կառուցված լինի այդ երկրի տարածքում: Թերևս, այդ առումով պատահական չէր «Halk TV»-ի քաղաքական մեկնաբան Էմին Չափայի հարցադրումը. «Եթե մենք ռուսներից ենք գնելու, ապա ի՞նչ իմաստ ուներ մեր երկրում ատոմակայան կառուցելը, դրա արտադրած էլեկտրաէներգիան կգնեինք Ռուսաստանից»:
Թղթակից Աքսայն անդրադարձավ նաև ատոմակայանի լիցքավորման արարողությանը Պուտինի մասնակցության խնդրին:
Ինչպես հայտնի է, Էրդողանը դեռևս մարտի 30-ին հույս էր հայտնել էր, որ Պուտինն անձամբ ներկա կլինի ատոմակայանի լիցքավորման արարողությանը, ապրիլի 3-ին, սակայն, Մոսկվան դա հերքեց: Ինչո՞վ դա բացադրել հարցին ի պատասխան՝ Աքսայն ասաց. «Այդպիսի արարողություն Էրդողանն արդեն մի քանի անգամ կազմակերպել էր, դա նկատի առնելով Պուտինը մերժեց հրավերը, թե ի՞նչ կարիք կա: Հավանաբար Էրդողանը, առաջիկա ընտրություններին ընդառաջ, ուզում էր հանդես գալ հանդիսավոր մի նախաձեռնությամբ:
Հնարավոր է, որ Պուտինը չի ցանկանում ինքնաթիռով թռչել: Մոսկվան գիտակցում է, որ ընտրություններում ընդդիմության հաղթանակը խնդրահարույց է լինելու Ռուսաստանի համար, որովհետև վերջինին ընկալում է որպես Արևմուտքի խամաճիկ, ինչն ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուն կարծես հաստատել է Մոսկվային հասցեագրած ազդանշաններով:
Ահա թե ինչու ռուսական մամուլը, թեև Էրդողանին է պաշտպանում, բայցևայնպես, չի կարողանում նաև անտեսել վերջինի պարտվելու հավանականությունը»:
Հակոբ Չաքրյան