Առուշ Առուշանյանին ձերբակալելու հիմքերը ոչ թե իրավական են, այլ քաղաքական

207

Դեկտեմբերի 21-ի գիշերը՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկաններն իր տանը ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Նա կասկածվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու մեջ: Ձերբակալվելուց ժամեր առաջ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան էջում կոչով դիմել էր գորիսցիներին՝ առավոտյան ժամը 6-ին հավաքվել Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք:

Առուշ Առուշանյանը տեղափոխվել է Երևան՝ Քննչական կոմիտե: Քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ բողոքի ակցիա են կազմակերպել ՔԿ-ի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Գորիսի քաղաքապետին: Գորիսցիներն էլ քաղաքի գլխավոր ճանապարհներն են փակել՝ նույն պահանջով:

Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը ապօրինաբար է ձերբակալվել, որևէ իրավական հիմք գոյություն չունի. այս ամենի հետևում միայն քաղաքական որոշումն ու քաղաքական հետապնդումն է առկա և չի բացառվում, որ իրավական հիմք չունեցող գործին միացվեն այլ հոդվածներ, որպեսզի խափան միջոց կալանքը շարունակվի: