«Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար, ուստի այն պետք է փակվի»․սա հատված չէ Թուրքիայի խորհրդարանի՝ Հայաստանի ԱԷԿ-ը փակելու մասին օրերս հրապարակած ծավալուն հոդվածից։ Մեջբերման հեղինակը Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքն է, որ 2016-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԳԱՏԵ-ի խորհրդաժողովի ժամանակ հերթական անգամ «ահազանգել» է․ «Մեծամորի ԱԷԿ-ը տեղակայված է սեյսմիկ գոտում եւ պետք է փակվի»։
Օրինաչափությո՞ւն է, թե՞մեկ այլ բան, չգիտեմ, բայց «Մեծամորի» մասին Թուրքիան ամեն տարի խոսում է նույն ժամանակահատվածում՝ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Արցախյան վերջին՝ սեպտեմբերի 19-ի երկօրյա պատերազմից ու մեր հայրենակիցներին ծայրաստիճան դաժանությամբ բռնի տեղահանելուց հետո Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի՝ «Մեծամորի» մասին հայտարարությունը հայ հասարակությունը խիստ էմոցիոնալ է ընկալել։
Մարդիկ մտածում են, թե ատոմակայանը շուտով կփակվի, Հայաստանն առանց լույսի կմնա։ Իրականում ամեն բան այդքան էլ պարզ չէ․ նախ՝ ատոմակայանը, որքան էլ ցավալի է, ոչ թե մենք, այլ Ռուսաստանն է շահագործում, երկրորդ՝ եթե անգամ ԱԷԿ-ը փակվի, ապա դրա պատճառը ոչ թե Թուրքիայի վայնասունն է լինելու, այլ՝ նորը կառուցելու հրամայականը։
Սեւակ Վարդումյան