Ֆրանսիացի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանը թախանձագին խնդրանքով դիմել է ֆրանսահայերին՝ գումար նվիրաբերելու իրենց նախնյաց մարտնչող հայրենիքին:
Կետիկյանը, որ ծագումով հայ է: Նա կոչ է ուղղել Ֆրանսիայի շուրջ 600,000 հայերին՝ Կենտրոնական Ասիայում (ֆրանսիացի լրագրողն ըստ երեւույթին աշխարհագրության խնդիրներ ունի.- Ծ.Խ.) գտնվող իրենց երկրի եւ հարեւան Ադրբեջանի միջեւ վիճելի տարածքում բռնությունների սրման ֆոնին:
Երկու երկրները տարածքային վեճերի երկար պատմություն ունեն. վերջին 40 տարում մեկ անգամ չէ, որ բռնկվել են բռնությամբ:
«Համոզված եմ, որ այս երկրի գոյատեւմանը նպաստելու համար պետք է նվիրատվություններ կատարել, հակառակ դեպքում, իմ կարծիքով, նրան ոչնչացում է սպառնում»,- ասում է Կետիկյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (հավանաբար նկատի ունի «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղը) պատրաստած տեսանյութում:
«Մի՛ սպասեք, մինչեւ որ շատ ուշ լինի, մի՛ հետաձգեք այս քայլը մի քանի ամսով. մենք հիմա՛ պետք է շարժվենք, եկեք չսպասենք երկրի վերանալուն, որպեսզի օգնենք նրան»:
Նա «Հայաստան՝ ամեն ամիս» վերնագրով տեսահոլովակը դիտողներին խնդրում է ամսական նվիրատվություններ կատարել՝ հայտնելով, որ եթե յուրաքանչյուր ֆրանսահայ ամսական 10 եվրո տա, ապա Հայաստանի համար տարեկան 72 միլիոն եվրո կհավաքվի:
Գումարը կհատկացվի գյուղատնտեսության, կրթության, էներգիայի կենսական ոլորտներին եւ սահմանամերձ շրջանների մասամբ ավերված գյուղերի վերականգնմանը:
Կետիկյանի կոչը հնչել է այն բանից հետո, երբ երկուշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 49 հայ զինվոր:
Հայաստանը դեռեւս կրում է 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմի սպիները, երբ ռուսների միջնորդությամբ ձեռք բերված զինադադարից հետո Ադրբեջանը հայտարարեց իր հաղթանակի մասին:
Երկու երկրները պատերազմներ են վարել նաեւ 1980-1990-ական թվականներին՝ միջազգային վեճի հիմքում ունենալով վիճելի սահմանամերձ շրջանը՝ Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի սահմաններում, բայց բնակեցված է էթնիկ հայերով:
Երկու ազգերն ունեն նաեւ էթնո-կրոնական բաժանարար գծեր. Հայաստանը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, իսկ Ադրբեջանը՝ մուսուլմաններով: Նրանք երկուսն էլ աջակցություն են ստանում տարածաշրջանում տարբեր հզոր դերակատարներից, Հայաստանը՝ Ռուսաստանից, Ադրբեջանը՝ Թուրքիայից:
Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կոչին միացել են նաեւ մի շարք անվանի ֆրանսահայեր, այդ թվում՝ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը եւ Կետիկյանի կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը:
ԹԻՄ ԳԱԼԱՀԵՐ
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ