Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ֆրանսահայ ռեժիսորը խնդրում է նվիրատվություններ անել պատերազմից տուժած հայրենիքին

Ֆրանսիացի կինոռեժիսոր Ռոբերտ Կետիկյանը թախանձագին խնդրանքով դիմել է ֆրանսահայերին՝ գումար նվիրաբերելու իրենց նախնյաց մարտնչող հայրենիքին:

Կետիկյանը, որ ծագումով հայ է: Նա կոչ է ուղղել Ֆրանսիայի շուրջ 600,000 հայերին՝ Կենտրոնական Ասիայում (ֆրանսիացի լրագրողն ըստ երեւույթին աշխարհագրության խնդիրներ ունի.- Ծ.Խ.) գտնվող իրենց երկրի եւ հարեւան Ադրբեջանի միջեւ վիճելի տարածքում բռնությունների սրման ֆոնին:

Երկու երկրները տարածքային վեճերի երկար պատմություն ունեն. վերջին 40 տարում մեկ անգամ չէ, որ բռնկվել են բռնությամբ:

«Համոզված եմ, որ այս երկրի գոյատեւմանը նպաստելու համար պետք է նվիրատվություններ կատարել, հակառակ դեպքում, իմ կարծիքով, նրան ոչնչացում է սպառնում»,- ասում է Կետիկյանը Ֆրանսիայի հայկական հիմնադրամի (հավանաբար նկատի ունի «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական  մասնաճյուղը) պատրաստած տեսանյութում:

«Մի՛ սպասեք, մինչեւ որ շատ ուշ լինի, մի՛ հետաձգեք այս քայլը մի քանի ամսով. մենք հիմա՛ պետք է շարժվենք, եկեք չսպասենք երկրի վերանալուն, որպեսզի օգնենք նրան»:

Նա «Հայաստան՝ ամեն ամիս» վերնագրով տեսահոլովակը դիտողներին խնդրում է ամսական նվիրատվություններ կատարել՝ հայտնելով, որ եթե յուրաքանչյուր ֆրանսահայ ամսական 10 եվրո տա, ապա Հայաստանի համար տարեկան 72 միլիոն եվրո կհավաքվի:

Գումարը կհատկացվի գյուղատնտեսության, կրթության, էներգիայի կենսական ոլորտներին եւ սահմանամերձ շրջանների մասամբ ավերված գյուղերի վերականգնմանը:

Կետիկյանի կոչը հնչել է այն բանից հետո, երբ երկուշաբթի գիշերը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է 49 հայ զինվոր:

Հայաստանը դեռեւս կրում է 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմի սպիները, երբ ռուսների միջնորդությամբ ձեռք բերված զինադադարից հետո Ադրբեջանը հայտարարեց իր հաղթանակի մասին:

Երկու երկրները պատերազմներ են վարել նաեւ 1980-1990-ական թվականներին՝ միջազգային վեճի հիմքում ունենալով վիճելի սահմանամերձ շրջանը՝ Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի սահմաններում, բայց բնակեցված է էթնիկ հայերով:

Երկու ազգերն ունեն նաեւ էթնո-կրոնական բաժանարար գծեր. Հայաստանը հիմնականում բնակեցված է քրիստոնյաներով, իսկ Ադրբեջանը՝ մուսուլմաններով: Նրանք երկուսն էլ աջակցություն են ստանում տարածաշրջանում տարբեր հզոր դերակատարներից, Հայաստանը՝ Ռուսաստանից, Ադրբեջանը՝ Թուրքիայից:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կոչին միացել են նաեւ մի շարք անվանի ֆրանսահայեր, այդ թվում՝ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը եւ Կետիկյանի կինը՝ ֆրանսիացի դերասանուհի Արիան Ասկարիդը:

ԹԻՄ ԳԱԼԱՀԵՐ

https://www.euronews.com

Անգլերենից թարգմանեց  ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ