Աշխարհաքաղաքական իրողություններին եւ այդ համատեքստում մեր տարածաշրջանի վերադասավորումներին, Հայաստանի ու Արցախի շուրջ զարգացումներին լայնադիր հայացքով նայելն ու իրավիճակը տարբեր երկրների շահերի դիտանկյունից վերլուծելը կնշանակի ճիշտ պատկերացնել ու ձեւակերպել նաեւ սեփական խնդիրները:
Փարիզի «Արշակ Չոպանյան» ինստիտուտի հիմնադիր նախագահ, «Եվրոպա եւ Արեւելք» պարբերականի հիմնադիր, ժամանակին Ֆրանսիայում Ազատական կուսակցության վարչության անդամ Վարուժան Սրապյանի վերլուծական միտքն ու աշխարհայացքը խարսխված են աշխարհաքաղաքական վերդասավորումների պատճառները նախանշելու, նաեւ հայկական խնդիրների արմատները սառնասրտորեն վեր հանելու, հաճախ՝ ցավեցնելու չափ ճշգրտորեն մատնանշելու սկզբունքների վրա:
«Ազգ»ի հարցազրույցը Վարուժան Սրապյանի հետ նրա կազմած «Հայ ռազմավարական միտքը» նոր գրքի առիթով է: Մեր ընթերցողին նաեւ հնարավորություն է ընձեռված ծանոթանալու ֆրանսահայ գործչի վերլուծական բազմաշերտ այդ զրույցի մեջ գտնելու իրեն, ճանաչելու իր թերություններն ու բացթողումները:
«Մի քանի տարի առաջ ֆրանսիացի երկու լրագրողի հետ Հայաստանում հանդիպեցի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցրինք՝ ինչ է նա մտածում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Արմեն Սարգսյանը պատասխանեց՝ դա մեր պրոբլեմը չէ, այլ թուրքերի պրոբլեմն է: Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունեցել, փաստեր ունենք, բայց նրա՛նք պետք է ընդունեն պատմական ճշմարտությունը, ընդունեն, որ ցեղասպանություն են իրականացրել ու իրենց անցյալի այդ էջը կարողանան շրջել: Բայց թուրքերի քաղաքականությունն այդ ճշմարտությունը միշտ ժխտելն է, եւ հույս էլ չկա, թե նրանք մի օր կընդունեն այդ ճշմարտությունը»:
Rise and kill first
Ես Պոլսում եմ ծնվել ու 25 տարի այնտեղ ապրած լինելով՝ լավ գիտեմ թուրքերի հոգեկերտվածքը: Նրանք ընդունում են, որ անցյալում ինչ-որ դեպքեր են եղել, բայց «ցեղասպանություն» եզրույթը չեն ընդունում: Գիտեն, որ եթե «ցեղասպանություն» բառն օգտագործեն, օրենքի տեսանկյունից շատ բան մեջտեղ է գալու:
Rise and kill first` առաջինը դու ոտքի կանգնիր ու հարվածիր. այս միտքը հրեաների Թալմուդից է վերցված եւ Մոսադի սկզբունքներից մեկն է:
Եթե թշնամիդ դիմացդ է, ու գիտես, որ բարի նպատակով չի եկել, առաջինը դո՛ւ հարվածիր ու ոչնչացրու նրան:
Հրեաները հեռատես են, մի քանի քայլ առաջ են ծրագրում իրենց անելիքը: Եթե ինչ-որ մեկից հնարավոր է վտանգ սպասել, նա արդեն ցուցակագրված է: Հրեաները վախօրոք են նախապատրաստվում ոչ թե դիմացինի հարվածին, այլ նրա հարվածի մտադրությունը կանխելուն:
Մենք սպասում ենք այնքան, մինչեւ հարվածն ստանում ենք, ջարդվում ենք, մեր հայրենիքը խլում են. թուրքերը մեզ սպանեն, մեր երկիրը վերցնեն, հետո փողոց դուրս գանք, գոռգոռանք, բողոքենք, թե ինչու են մեզ սպանում, մեր երկիրը խլում:
Հայերն ու հրեաները
Զանազան կազմակերպություններ, կառույցներ այսքան տարի օգտագործեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ մեզ խաբելու կամ թմբիրի մեջ գցելու համար, քաջ իմանալով, որ իրենց գործունեությունը ոչ մի արդյունավետ նպատակի չի ծառայելու:
Ես սրա մասին շատ եմ գրել: Գրել եմ նաեւ «Եվրոպա եւ Արեւելք» պարբերականում:
Հայոց ցեղասպանությունն ապակե առաստաղ է:
Տասնամյակներ շարունակ ջանացինք, որ տարբեր երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, բայց եթե Թուրքիան այն այդպես էլ չճանաչեց, ի՞նչ շահեցինք, ի՞նչ նպատակի ծառայեց տասնամյակների ջանքն ու աշխատանքը, որի պատճառով շատ կարեւոր բաներ դուրս մնացին մեր տեսադաշտից:
Իսրայելի 5-րդ վարչապետ Գոլդա Մեիրն ասել է՝ մենք՝ հրեաներս, նախընտրեցինք, որ մեզնից վախենան, ոչ թե մեզ սիրեն:
Հայերս այդպիսին չենք, մենք սիրում ենք, երբ մեզ սիրում են: Սպասում ենք, որ մեկը մեր մասին լավ խոսի, ասի, որ Հայոց ցեղասպանություն է եղել, մենք էլ հուզվենք, մեզ շոյված զգանք:
Երկար տարիներ որպես Հայոց ցեղապանության պատճառ էր նշվում մեր քրիստոնյա լինելը: Ոչ, ցեղասպանությունը կրոնական հողի վրա չի եղել: Մեզ ցեղասպանելու իրական պատճառը մեր հարստությունն ու հողերը մեզնից խլելն է եղել:
Տասնամյակներ շարունակ տարբեր կուսակցությունները մեզ սխալ պատկերացում ու դաստիարակություն են տվել, իսկ մենք երազների հետեւից ենք վազել:
Խլած հողերի մասին երազելու փոխարեն, նախ՝ ունեցածդ հողը պաշտպանիր, բնակչությանդ թիվը մեծացրու:
Ժողովրդագարական ցուցանիշներն ամենավտանգավորն են
Տարիներ առաջ «Չոպանյան» ինստիտուտը քաղաքագետ, պատմաբան Արմեն Այվազյանին Ֆրանսիա էր հրավիրել: Կոնֆերանսի ժամանակ խոսեցինք Արցախի ու Հայաստանի անվտանգության մասին: Ֆրանսիացի մասնակիցներից մեկն ասաց՝ դուք 2-3 միլիոն եք ընդամենը, իսկ ձեր թշնամի հարեւանները 7-8 միլիոն են արդեն, դա ամենամեծ վտանգն է հայերիդ համար: Չկարծեք, թե Արցախի ստատուս-քվոն այսպես պետք է շարունակվի: Նույնը Կիպրոսում է. արդեն 40 տարի թուրքրեը մտել են Կիպրոս ու դուրս չեն գալիս:
Օտարներն այս կարեւոր հանգամանքները տեսնում են, մենք, դժբախտաբար, չենք տեսնում:
Մեր մտածելակերպը, աշխարհայացքը պետք է փոխվի: Ես հայ եմ, չեմ կարող մոռանալ, որ իմ գերդաստանին թուրքերը սպանել են, ու միայն հայրս է ողջ մնացել, բայց Ֆրանսիայում ապրելով՝ ես ունեմ իմ ամենօրյա կյանքը, ու ես ամեն օր պիտի մտածեմ՝ ինչ կարող եմ անել Հայ դատի, լոբբիինգի համար, ինչ կարող եմ անել Հայաստանի ու Արցախի համար:
Սփյուռքի մասնակցությունն ինչպիսի՞ն պետք է լինի:
Մեր «քաղաքական արյունը» փոխելու ժամանակն է
«Հայ ռազմավարական միտքը» գիրքը դեռ չէր տպվել. անցյալ տարվա հունիսին նախագծի մասին պատմեցի նախագահ Արմեն Սարգսյանին: Հարցրի՝ պարոն նախագահ, 2,5 միլիոն բնակիչ ունեցող Հայաստանում «քաղաքական արյունը» փոխելու ռեսուրս ունե՞ք: Պատասխանեց՝ ոչ:
Հարցրի՝ կուզե՞ք, որ սփյուռքահայերը Հայաստանի գործերում իրենց մասնակությունն ունենան, բայց ոչ թե ֆինանսապես, այլ տարբեր ոլորտներում իրենց գաղափարները ներդնելով: Պատասխանեց. «Այո, բայց հիմա դա անհնար է անել, որովհետեւ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս: Եթե օրինակ, Լավրովը գնա թոշակի ու որոշի՝ ես հայ եմ, ուզում եմ Հայաստանի արտգործնախարարությանը իմ խորհրդատվությամբ կամ այլ կերպ օգտակար լինել: Չի կարող դա անել, որովհետև նախ պետք է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ լինեն»:
Հարցրի՝ ո՞վ պետք է այդ բարեփոխումների որոշումը կայացնի: Պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանը: Հարցրի՝ բայց նա կուզենա՞ անել: Պատասխանեց՝ ոչ:
Այսինքն՝ այս առումով էլ սահմանափակումներ կան: Ինչո՞ւ չկիրառվեն Սփյուռքի հայերի գաղափարները, փորձառությունը, եթե նրանք պատրաստ են դրանք ներդնել Հայաստանում: Նրանք կարող են թիմերով գալ, որեւէ ոլորտ ճիշտ հիմքերի վրա դնել: Համաձայն եք, չէ՞, որ սփյուռքահայերի մեթոդները, փորձառությունը, աշխարհայացքն ուրիշ է:
Մենք 30 տարի է՝ Հայաստանում ռազմավարական միտք չունենք
Ամեն մի իրողության «Չոպանյան» ինստիտուտը ոչ հայկական «ակնոցով» է նայում:
Դիտարկենք, օրինակ, Ուկրաինայի պատերազմը:Եվրոպայում, ինչպես նաեւ Ֆրանսիայում, ռուսների դեմ մեծ քարոզչություն է արվում՝ Պուտինն ու ռուսներն ագրեսոր են եւ այլն:
Մենք 200-300 հրատարակություն ենք լույս ընծայել. ջանում ենք ներկայացնել փաստեր՝ ոչ աջակողմյան,ոչ էլ ձախակողմյան ուղղություն չբռնելով: Ուկրաինայի պատերազմին անդրադառնալիս եւս նույն սկզբունքով ենք առաջնորդվում՝ ներկայացնելով բոլոր կողմերին: Մենք թե՛ ֆինանսապես, թե՛ գաղափարապես անկախ ենք, որեւէ կուսակցության չենք հարում, հետեւաբար որեւէ մեկի նկատմամբ պարտավորություն չունենք:
Մեզ համար կարեւորը Հայաստանի ու Արցախի այսօրվա վիճակն է, ինչպես նաեւ՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների մեջ առաջիկա 15-20 տարվա հեռանկարը տեսնելը: Այս թեմաների շուրջն են ծավալվում մեր ուսումնասիրությունները: «Հայ ռազմավարան միտքը» ժողովածուում ընդգրկված են տարբեր հեղինակների՝ Բենիամին Պողոսյանի, Եղիա Թաշչեանի՝ այս թեմաներին վերաբերող վերլուծությունները:
Ֆրանսիացի աշխարհագետ Իվ Լաքոստն է ստեղծել «գեոպոլիտիկա» բառը: Նա աշխարագիտությունը կապեց քաղաքականության հետ: Լաքոստն ասում էր՝ աշխարհագիտությունն առաջին հերթին պատերազմներին է ծառայում: Նրա գործընկերները զարմացան՝ ի՞նչ կապ ունի աշխարհագիտությունը պատերազմի հետ: Նա բացատրեց՝ լեռները, գետերը, սարերը, դաշտերը կարեւոր պատճառ են պատերազմներ մղելու համար: Լաքոստը ստեղծեց այսպիսի թեորիա՝ գեոպոլիտիկա՝ 10 մետրի, 100 մետրի, 1000 մետրի եւ 10.000 մետրի վրա:
Երբ նախաձեռնում էի ժողովածուի տպագրությունը, ընկերներս ասացին՝ շատ դժվար գործ ես ձեռնարկել. գիրք հրատարակել մի բանի մասին, որը չկա, շատ դժվար է լինելու: Ակնհայտ է, որ մենք 30 տարի է՝ Հայաստանում ռազմավարական միտք չունենք:
10, 100, 1000, 10. 000 մետրանոց գեոպոլիտիկա
Օրինակ՝ 2018-ի հեղափոխությունը. Հանրապետության հրապարակում այն 10 մետրանոց գեոպոլիտիկա էր՝ մեկը բարձրախոսով խոսում է, մյուսները, շուրջը հավաքված, լսում են: Եթե բարձրանանք Հայաստանի պատմության թանգարանի տանիքին, 100 մետր հեռավորությունից այդ հեղափոխությունը կտեսնենք այսպես՝ Հրապարակը՝ հարակից փողոցներով. ոստիկանները որտեղ են կանգնած, Աբովյան, Ամիրյան փողոցներում ինչ է կտարվում. պատկերն այլ կլինի: Սա 100 մետրանոց գեոպոլիտիկան է:
1000 մետր հեռավորության վրա բոլորովին այլ բան կտեսնենք, որն անկարելի է տեսնել Հանրապետության հրապարակից կամ անգամ Պատմության թանգարանի տանիքից: Կտեսնենք, թե ովքեր են այդ հեղափոխության հրահանգիչները, խամաճիկներին խաղացնողները: Սա 1000 մետրանոց գեոպոլիտիկան է:
10.000 մետր հեռավորությունից հեղափոխությունը դիտարկելիս կտեսնենք այլ պետությունների, իսկ Հայաստանը կերեւա շատ փոքրիկ մի կետ, որը մեծ տերությունների համար անկարեւոր մի բան է:
Ուկրաինայի պատերազմին եթե 10.000 մետր հեռավորությունից նայենք, կտեսնենք, որ այն ռուս-ուկրաինական չէ, այլ երկու քաղաքակրթությունների պատերազմ է: Վլադիմիր Պուտինի պատկերացրած ընտանեկան, սոցիալական, մշակութային, հասարակական արժեքների եւ Արեւմուտքի՝ ամերիկյան արժեքների պատերազմ է:
Ցեղասպանված ազգերից մեկը հող շահեց, մյուսը հող կորցրեց
Յուրաքանչյուր խնդիր ճիշտ դիտարկելու համար պետք է ճիշտ ախտորոշում անել, հետո միայն աշխատել այն լուծել:
Իսրայելն ինչպե՞ս ստեղծվեց: Մոսադն ինչպե՞ս ստեղծվեց, առհասարակ իսրայելական պատմությունն ինչպե՞ս ստեղծվեց: 20-րդ դարում 2 ազգի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Նրանցից մեկը հող շահեց, մյուսը հող կորցրեց: Նրանցից մեկը շարունակում է հող շահել, մյուսը շարունակում է հող կորցնել: Նրանցից մեկի ժողովրդագրությունը շարունակ աճում է, մյուսինը՝ նվազում:
Հարցրեք՝ ինչո՞ւ է այդպես: Եթե այդ հարցի պատասխանը գտնեք, ուրեմն ճիշտ ճանապարհին եք:
Նապոլեոնն ասում էր՝ կարող ես աշխարհաքաղաքական շփում ունենալ միայն քո հարեւանների հետ:
Եթե այդպես լինի, մենք չենք կարող Ռուսաստանից առանձնանալ: Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող. բայց Հայաստանի ամենամեծ պրոբլեմը Ռուսաստանն է:
Ստանալու համար պետք է տալ, բայց մենք այլևս տալու բան չունենք
Մենք շրջապատված ենք թշնամիներով, մեր առաջին անելիքը մեր անվտանգությունն ապահովելն է: Տնտեսական, սոցիալական և այլ հարցերը հետո պետք է լուծել. առաջնայինն անվտանգությունն է:
Քիչ առաջ ասացի, որ մենք 30 տարի է՝ Հայաստանում ռազմավարական միտք չունենք:
Ընկերս, որ դժբախտաբար մահացավ, Գուրգեն Եղիազարյանը, շատ պատկերավոր բացատրել է՝ որն է հայկական ռազմավարական միտքը: Ասաց՝ սիրիական պատերազմն սկսվել էր, կարծում էինք, որ շուտով Երրորդ համաշխարհայինն էլ է սկսվելու: Կանխատեսումներ էինք անում՝ Եվրոպան, Ռուսաստանը կներգրավվե՞ն պատերազմում: Յուրքանչյուր ոք մտածում էր, որ իր երկիրն էլ հավանաբար կմասնակցի պատերազմին:
Մենք միշտ ուզում ենք ստանալ, բայց տալ չենք ուզում: Մենք էլ պետք է առաջարկենք՝ ինչ-որ բան ստանալու համար: Դժբախտաբար, ինչ ունեինք, արդեն տվել ենք, փոխարենը ոչինչ չենք ստացել, այլեւս բանակցելու, պայմանավորվելու համար առաջարկելիք ոչինչ չունենք:
ՆԱԻՐ ՅԱՆ