Երբեւէ կգրուի նաեւ մեր ժամանակների հայաստանեան գրքատպութեան պատմութիւնը, որի էջերում հարկ կլինի առանձնայատուկ ուշադրութիւն դարձնել այդ գործում Սփիւռքի կատարած աշխոյժ եւ մեծ դերակատարութեանը: Դժուար չէ պատկերացնել, թէ ինչ կլինէր անկախութեան ժամանակաշրջանի հայաստանեան գրքատպութիւնը, եթէ նոր պայմաններում յայտնուած եւ գրեթէ զրոյական ֆինանսաւորում ունեցող հրատարակչութիւններին եւ անհատներին ձեռք չմեկնէին գիրքն ու գրականութիւնը գնահատող սփիւռքահայ բարերարները՝ անհատներ եւ հաստատութիւններ:
Սոյն գրութեամբ ցանկանում եմ վերյիշել եւ արժեւորել Հայաստանում վերջին երեսուն տարիներին հրատարակչական գործին սատարած Սփիւռքի գրքասէր անհատներին եւ կազմակերպութիւններին: Ոչ միայն այն պատճառով, որ մեծ մասամբ Սփիւռքի շնորհիւ են կեանքի կոչուել իմ հեղինակած աշխատութիւնները եւ Գրականութեան եւ արուեստի թանգարանում որպէս տնօրէն պաշտօնավարածս տարիներին (1993-2010) թանգարանի հրատարակչութեան լոյս ընծայած գրքերը. սոյն երախտիքի խօսքիս ներքոյ, անշուշտ, կստորագրեն բազում այլ հեղինակներ եւս:
Արդիւնաւէտ եղաւ Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան եւ Երեւանի պետական համալսարանի հրատարակչութեան համագործակցութիւնը: Կիւլպենկեան հիմնարկութեան հայկական բաժանմունքի այդ ժամանակուայ տնօրէն դոկտոր Զաւէն Եկաւեանը, լինելով Երեւանի համալսարանի շրջանաւարտ եւ հայագէտ, կարեւորեց անցեալի եւ ներկայի հայագէտների անտիպ մնացած բազմաթիւ կարեւոր աշխատութիւնների լոյսընծայումը: Այսօր գերազանցապէս Եկաւեանի եւ համալսարանի հրատարակչութեան երբեմնի տնօրէն, երջանկայիշատակ Պերճ Ստեփանեանի ջանքերի շնորհիւ ասպարէզում են հիմնականում հայ բանասիրութեան եւ պատմագիտութեան աւելի քան մէկ հարիւրեակ մեծարժէք հատորներ, սեղանի գիրք դարձած բառարաններ, բնագրեր՝ հայ եւ այլազգի ուսումնասիրողների հեղինակութեամբ: Նրանց շարքում յիշենք այնպիսի անուններ, ինչպիսիք են Հայնրիխ Հիւբշմանը, Եոզէֆ Կարստը, Հրաչեայ Աճառեանը, Կարէն Եուզբաշեանը, Պիոն Յակոբեանը, Գէորգ Աբգարեանը, Ալեքսանդր Մարգարեանը եւ այլք: Հրատարակուած գրքերից են Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի, Վարդան Արեւելցու, Յովհաննէս Սարկաւագ Իմաստասէրի երկերի քննական բնագրերը, Թադէոս Յակոբեանի, Ստեփան Մելիք-Բախշեանի եւ Յովհաննէս Բարսեղեանի խիստ կարեւոր «Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարանի» 3-րդ, 4-րդ եւ 5-րդ հատորները, Աշոտ Սուքիասեանի «Հայոց լեզուի հոմանիշների բացատրական բառարանը», Բախտիար Յովակիմեանի «Հայոց ծածկանունների բառարանը» եւ այլն: Ողջունելի է նաեւ այսօր Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան հայկական համայնքների բաժանմունքի նախաձեռնութեամբ իրականացուող «Գալուստ Կիւլպենկեան թարգմանական մատենաշար» նախագիծը, որի նպատակն է 20-21-րդ դարերի համաշխարհային ակնառու հեղինակների հիմնարար հումանիտար եւ գիտական կարեւոր բնագրերը հասանելի դարձնել արեւելահայերէն եւ արեւմտահայերէն թարգմանութեամբ: Ներկայ փուլում մատենաշարով արդէն լոյս են տեսել Ջորջօ Ագամբէնի, Եուրգէն Հաբերմասի, Ալան Բադիուի, Միշել Ֆուկոյի գրքերը:
Հայկական բարեգործական ընդհանուր միութիւնը ժամանակ առ ժամանակ նախաձեռնում եւ հրատարակում է այլեւայլ գրքեր՝ գիտական թէ գեղարուեստական, որոնցից նշենք Աւետիք Իսահակեանի Երկերի ժողովածուի 6-րդ հատորը, Էդուարդ Մելքոնեանի «ՀԲԸՄ պատմութիւնը», Լեւոն-Զաւէն Սիւրմելեանի «98,6 աստիճանը», Փիթեր Բալաքեանի «Ճակատագրի սեւ շունը» եւ այլն: Յատկապէս խիստ կարեւոր են ՀԲԸՄ-ի անգլերէն հրատարակութիւնները, որպիսիք են ժամանակակից հայ ստեղծագործողների ժողովածուն՝ բաղկացած երեք գրքից (դրամա, արձակ և պոեզիա), Հրավարդ Յակոբեանի, Թամարա Մինասեանի եւ Վահէ Թորոսեանի՝ վերջերս լոյս տեսած «Արցախի եւ Ուտիքի ձեռագրային ժառանգութիւնը»…
Թեքէեան մշակութային միութիւնը նոյնպէս զգալի աւանդ ունի Հայաստանում նոր արժէքաւոր հրատարակութիւններ ասպարէզ բերելու գործում՝ Երուանդ Տէր-Խաչատուրեանի խմբագրութեամբ Փանոս Թերլեմեզեանի «Կեանքիս յուշերը», Սուրէն Սարգսեանի «Միհրան Տամատեանի հրապարակախօսութիւնը», Երուանդ Ազատեանի «Էջեր կորուսեալ եւ անկորուստ» եռապատումը, իմ հեղինակած «Ֆրիկի բանաստեղծական ժառանգութիւնը», Վահան Թէքէեանի բանաստեղծութիւնների ժողովածուն եւ շուրջ երկու տասնեակ այլ գրքեր:
Արժանին մատուցենք նաեւ սփիւռքահայ գրքասէր անհատներին, որոնք ջանքեր չեն խնայել՝ դրամահաւաք կազմակերպելով եւ կամ սեփական միջոցների ներդրմամբ նպաստել նոր հրատարակութիւնների իրականացմանը:
Եկեղեցական, հասարակական գործիչ, արքեպիսկոպոս, ՀՀ ԳԱԱ պատուաւոր դոկտոր Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանը (1941-2003), ի թիւս այլ նախագծերի, հայաստանեան գրատպութեան համար դժուարին 1990-ականների սկզբից հրատարակեց 160 գիրք՝ մանկագրութիւնից մինչեւ գիտական ակադեմիական հատորներ: Կոստան Զարեանի «Դէպի Արարատը», Վիգէն Իսահակեանի «Հայրս», Գարեգին Նժդեհի «Հատընտիրը», մի քանի անտիպ Վազգէն Շուշանեանից, իմ հեղինակած «Պաղտասար Դպիր (ուսումնասիրութիւն եւ բնագրեր), «Վաւերագրեր հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հատորները եւ Մեսրոպ արքեպիսկոպոսի հոգածութեամբ լոյս տեսած այլեւայլ գրքեր ուսումնասիրողի եւ ընթերցողի սեղանի գիրք են քառորդ դարից ի վեր:
Շուէյցարիայում «Vialux» ժամացոյցի գործարանի տէր Յարութիւն Սիմոնեանը (1921-2007) մեծ գրասէր էր, որը բազմաթիւ բարեգործական ձեռնարկներ է իրականացրել Հայրենիքում եւ Սփիւռքում: Նրա մեկենասութեամբ լոյս են տեսել աւելի քան 50 հատորներ: Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի «Գիտութիւն» հրատարակչութիւնը եւ Գրականութեան եւ արուեստի թանգարանի հրատարակչութիւնը մի շարք գրքերի հրատարակման համար պարտական է Յարութիւն Սիմոնեանին: 1974-2001 թուականներին նրա մեկենասութեամբ լոյս տեսան Լեւոն Չորմիսեանի «Համապատկեր արեւմտահայոց մէկ դարու պատմութեան», Խոսրով Թիւթիւնճեանի «Անմահներուն հետ», Անտոնինա Մահարիի «Իմ ոդիսականը», Գեղամ Սեւանի «Սփիւռքահայ գրականութեան ուրուագծեր», Երուանդ Օտեանի «Նամականին», նոյն հեղինակի՝ մամուլում մնացած «Հայ Տիասբորան», «Վերնատունէն», «Թիւ 17 խաֆիէն» (երեք հատոր), Զապէլ եւ Հրանդ Ասատուրների «Սիրային նամակները», Միքայէլ Կիւրճեանի «Մարտիկ աղան», «Հայ ազգագրութիւն եւ բանահիւսութիւն» մատենաշարի երեք հատորը՝ նուիրուած Թալինին, Լոռուն, Տաւուշին եւ այլ արժէքաւոր հատորներ: Յարութիւն Սիմոնեանի գործը մասամբ շարունակեց որդին՝ Յովան Սիմոնեանը, որի մեկենասութեամբ եւ իմ որդու՝ Արծուի Բախչինեանի աշխատասիրութեամբ 2003-ին լոյս տեսաւ իշխանուհի Մարիամ Թումանեանի «Իմ համառօտ կենսագրութիւնը եւ իմ յիշողութիւնները» չափազանց հետաքրքրական հատորը:
Ամերիկաբնակ Հայկ Սվաճեանը «Մատեան պրես» հրատարակչութեամբ 2015-2019 թուականներին նախաձեռնեց գրքոյկների շարք՝ կենտրոնանալով թարգմանութիւնների վրայ: Հիմնականում առաջին անգամ հայերէն լոյս տեսան մի քանի արձակ եւ չափածոյ գործեր՝ թարգմանուած ռուսերէնից, անգլերէնից, ֆրանսերէնից, գերմաներէնից, սերբերէնից՝ Նինա Բերբերովայի «Նուագակցուհին», Վեսելին Ջելետովիչի «Եոհանի սերբական սիրտը», Սոմերսեթ Մոեմի «Վերևում՝ առանձնատանը», Լեոնիդ Անդրէեւի «Յուդա Իսկարիովտացին», Ռոբերտ Մուզիլի, Հերման Հեսսեի, Ալբեր Քամեուի «Պատմուածքներ նկարիչների մասին», Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները», նաեւ Արծուի Բախչինեանի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին», «Հնազը Ճահճաւան քտա-ից» վէպերը եւ «Ամենագեղեցիկ արուեստի նուիրեալները. զրոյցներ պարարուեստի գործիչների հետ» ժողովածուն: Յատկանշական է, որ Սվաճեանը գրքեր էր հովանաւորում դրանց վաճառքից ստացուած հասոյթը Հայաստանի բանակին եւ այլ ազգօգուտ նախաձեռնութիւնների տրամադրելու պայմանով:
Եւ վերջապէս, մէկ այլ ամերիկաբնակ գրողի եւ գրքի երդուեալ նուիրեալի՝ Յովսէփ Նալպանտեանի մեկենասութեամբ Հայաստանում վերջին տասնամեակներին լոյս է տեսել աւելի քան 60 հատոր գիրք, հիմնականում՝ ժամանակակից հեղինակների գեղարուեստական ստեղծագործութիւններ, սակայն դրանց մէջ կան նաեւ գիտական կարեւոր աշխատութիւններ, ինչպիսիք են Ռուբէն Սաքապետոյեանի «Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարանը», Վանօ Եղիազարեանի «Գրիգոր Նարեկացին եւ 10-րդ դարի հայ գրականութիւնը», իմ հեղինակած «Սայաթ-Նովայի կեանքը» եւ «Հայ միջնադարեան բանաստեղծութիւնը» աշխատութեան Ա-Դ հատորները… Յատկանշական է, որ Յովսէփ Նալպանտեանն իր եւ տիկնոջ՝ Գարոլինի անունը կրող մատենաշարով հրատարակել է նաեւ իր աշխատասիրած մի շարք գրքեր: Տպագրել է նաև իր գաղափարներին համահունչ աշխատություններ: Այսպես, իրաւացիօրէն պաշտպանելով յանիրաւի ամբաստանուած Վասակ Սիւնու «դատը», նա մէկ ընդգրկուն հատորի մէջ վերահրատարակել է նշանաւոր պատմաբան Հրանդ Արմէնի երկու մեծարժէք ուսումնասիրութիւնը Հայոց մարզպանի մասին…
Չենք յաւակնում մէկ յօդուածի շրջանակներում սպառել Հայաստանում գրքերի հրատարակութիւն հովանաւորած մեր սփիւռքահայ գրասէրների անունները: Նշենք, որ այսօր եւս քիչ չեն դէպքեր, երբ Հայաստանում հրատարակուած հատորի առաջին էջում գրուած է «հրատարակուել է այսինչ սփիւռքահայ գրասէրի մեկենասութեամբ»: Եւ կամ հայաստանցի հեղինակը դրսում հրատարակուելու առիթ է ունենում դարձեալ սփիւռքահայի հոգածութեամբ (ինչպէս, ավստրալաբնակ Ցոլակ Ապտալեանի, որի նախաձեռնութեամբ լոյս տեսնող ՀԲԸՄ-ի «Վահրամ Ապտալեան մշակութային հիմնադրամը» Բէյրութում 2015-ից սկսած հրատարակում է հայաստանցի եւ սփիւռաքահայ հայագէտների անտիպ աշխատութիւններ):
Եւս մէկ անգամ վկայակոչելով եւ բարձրաձայնելով արտերկրում ապրող եւ Հայաստանում գիրք հրատարակող մեր հայրենակիցներին՝ ցանկութիւն յայտնենք, որ սոյն խնդրով հետաքրքրուած սփիւռքեան կազմակերպութիւններն ու անհատները չբաւարարուեն միայն հայերէն հատորներով: Այսօր, երբ մեր թշնամիներն աշխարհը հեղեղել են մեր պատմութիւնը իւրացնող եւ խեղաթիւրող բազմալեզու գրքերով, քչերին մատչելի հայալեզու գրականութեամբ աշխարհի հետ չես խօսի: Մինչդեռ մեր ժողովրդի ներուժի օգտագործմամբ եւ գրահրատարակչական ուղղորդուած ու խելամիտ քաղաքականութեամբ մենք պիտի կարողանանք այսօր մարտավարական խնդիրներ լուծել: Սա, անշուշտ, արդէն պետական հաստատութիւնների առաջնահերթ օրակարգերից է…
Խմբ. կողմից.- Ինչպես հեղինակն է նշում, այս մեկ հոդվածով չի սպառվում սփյուռքահայ՝ հատկապես անհատ մեկենասների ցանկը: Սակայն անհրաժեշտ ենք համարում այստեղ հիշել Ալեք Մանուկյանի անունը, որն իր հիմնադրամի միջոցով (տնօրեն՝ Եր. Ազատեան) 1991-1992-ին Երեւանում հրատարակեց 5 կամ 6 գիրք՝ հետեւյալ հեղինակների գործերից՝ Պերճ Զեյթունցյան, Գուրգեն Խանջյան, Հենրիկ Էդոյան, Նորիկ Լեւոնյան եւ Ալեքսանդր Թոփչյան: Դրանք առաջնեկներն էին սփյուռքահայ մեկենասների կողմից անկախ Հայաստանում հրատարակված:
ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆԵԱՆ
Բանասիրական գիտութիւնների դոկտոր