Տավշո աշխարհում՝ սահմանամերձ Չինարի գյուղից 2,5 կմ հյուսիս-արեւելք, թավուտ անտառում Խորանաշատ վանքն է: 13-րդ դարասկզբին է այն հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ:
Վանական համալիրը կազմված է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կիրակի եկեղեցիներից, կիսավեր մատուռից եւ երկու գերեզմանից:
2019 թվականին, երբ հարյուրամյակների դադարից հետո Խորանաշատում տեղի ունեցավ եպիսկոպոսական սուրբ պատարագ, որոշվեց, որ 2022-ին մեծ շուքով նշվելու է վանքի հիմնադրման 800-ամյակը: Ոչ ոք չէր պատկերացնի, որ ծանր ու դժվարին ժամանակներ են գալու՝ պատերազմ, Արցախի կորուստ, թշնամին մխրճվելու է Հայաստանի սահմաններից ներս:
Այնուամենայնիվ, Խորանաշատի 800-ամյակը կնշվեի: Միջոցառումների ծրագիրն արդեն հաստատվել է: Մայիսի 11-ին այն մեկնարկեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի «Խորանաշատի ձեռագրական գանձերը» խորագրով ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակից ավելի բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում՝ 1224 թվականի մագաղաթյա պատկառելի ձեռագիր «Խորանաշատի Ավետարանը»:
Խորանաշատը Տավուշի մարզում գտնվող հատկապես մի քանի դրկից գյուղերի՝ Չորաթանի, Չինարիի, Մովսեսի, Այգեձորի հոգեւոր բիբն է: Մայիսի 28-ին նախատեսվում է այցելություն դեպի Չինարի գյուղ՝ Խորանաշատ վանական համալիր: Այդ օրը մագաղաթյա «Ավետարանը» Մատենադարանից կտարվի Խորանաշատ, այնտեղ, որտեղ ստեղծվել է ձեռագիր հուշարձանը: «Ավետարանով» կկատարվի Անդաստանի արարղություն:
«Մենք այս հարցում մի փոքր պահպանողական ենք, որ ձեռագիրը, ինչպես իր ծնողներին լսող երեխան, անպայման գիշերը գա տուն, բայց Խորանաշատի 800-ամյակի առթիվ մեր ոգեւորությունն այնքան մեծ է, որ Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ բացառություն ենք անելու եւ 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարանը» մեկ գիշեր մնալու է հայրական օջախում՝ վանքում»,-նշել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:
Խորանաշատը Հայկական վերածննդի կարեւորագույն օջախներից է, հոգեւոր, կրթական, գրչության կենտրոն եւ վարդապետարան-համալսարան: Վարդապետարանում ուսուցումը եղել է 7-8 տարի, դասավանդել են աստղագիտություն, տոմարագիտություն, երաժշտություն, մատենագիտություն, իմաստասիրություն, բնագիտություն: Այստեղ ուսում են առել փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, Գրիգոր կաթողիկոս Ախթամարցին, պատմիչ Կիրակոս Գանձակեցին:
Մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, Չինարի գյուղի Մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված հոգեւոր կենտրոնի 800 ամյակին: Երեկոյան ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի խումբը:
«Գոշավաքն է եղել Խորանաշատի մայրը: Վանքի հիմնադիր Վանական Վարդապետը եղել է Մխիթար Գոշի աշակերտը: Իսկ նրա աշակերտները հետագայում գործել են Հայաստանով մեկ, կրթական, հոգեւոր արժեքներ սերմանել եւ ուսուցանել: Հայտնի է, որ Գոշավանքն իր դպրոցով 252 տարի մեր հոգեւոր-գիտական կյանքը արթուն ու աշխույժ է պահել՝ այն հասցնելով մինչեւ Տաթեւի վանք: Մենք պետականություն չենք ունեցել, բայց 252 տարի ամուր մշակույթ, գիտություն ու կրթություն ենք ունեցել:
Խորանաշատը սահմանապահ վանք է: Այդպես է ստացվել: Ժամանակին այն գտնվւմ էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք՝ ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Այս տարիների ընթացքում անխափան կերպով՝ թե՛ սուրբ պատարագի մատուցում, թե՛ հոգեւոր տարբեր արարողություններ ենք իրականացրել, եւ այս ամենն ուղեկցվել է, բնականաբար, մեր զինված ուժերի աջակցությամբ, մասնակցությամբ, նաեւ պահպանությամբ: Մենք մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի ուխտի օր»,- հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Խորանաշատը միշտ եղել է թշնամու նշանառության տակ, ենթարկվել է գնդակոծությունների: Չնայած վտանգին՝ տեղացիները ուխտի են գնացել Խորանաշատ, աղոթք արել ու մոմ վառել սրբազան կամարների տակ:
ՆԱԻՐ ՅԱՆ