Անցած մայիսի վերջին Երեւանում կայացած ժամանակակից արվեստի տոնավաճառում (Armenia Art Fair) ծանոթացա Վլադիմիր Սուվորովի հետ: Այն, ինչ նա ներկայացրեց, երեւակայությունից դուրս էր. մի ռոբոտ նկարիչ՝ Վան դեր Բոտ անունով, որը ներկերով գեղանկար է ստեղծում: Մտածելով արհեստական ինտելեկտով, նկարելով ռոբոտի ձեռքով եւ հաղորդակցվելով որպես մարդ՝ այն համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները դասական գեղարվեստական գործիքներին՝ կատարելով ներկա դարաշրջանն արտացոլող ֆիզիկական գործեր:
Սուվորովը մասնագիտությամբ ճարտարագետ է, գործարար եւ տեխնոլոգիաների փորձագետ, որն ունի իր անվամբ արտոնագրեր եւ հոդվածներ: Նա աշխատել է ամերիկյան EMC ընկերությունում (այժմ՝ Dell-EMC) եւ եղել է առաջատար հետազոտող AI լաբորատորիայում (Ռուսաստան):
Սանկտ Պետերբուրգցի Վլադիմիրը հայկական արմատներ ունի: Նա վաղուց էր ցանկանում այցելել Հայաստան եւ այժմ ընտանիքի հետ ապրում է այստեղ…
–Վլադի՛միր, հետաքրքրական էր տեսնել Վան դեր Բոտին եւ դիտել, թե ինչպես է նա իր «ձեռքով» գործածում յուղաներկ ու վրձիններ՝ ցանկացած լուսանկար արվեստի գործի վերածելու համար: Բայց հարց է առաջանում՝ լա՛վ, ինչո՞ւ…
-Դա շատ տարածված հարց է: Շատերն իրենց արվեստագետ են համարում: Մենք նույնիսկ տվյալ ունենք, որ մարդկանց 38 տոկոսը կարծում է, թե ինքը նկարիչ է, բայց նրանց միայն 1,5 տոկոսն է կարողանում նկարել: Այսպիսով, մեր ռոբոտով մենք ցանկանում ենք լրացնել այդ բացը: Նկարիչ լինելու կամ նկարել սկսելու համար ձեզ ոչինչ պետք չէ, բայց ձեր նկարածը ձեր ընկերներին ու գործընկերներին ցույց տալու ու նրանց հիացմունքին արժանանալու համար անպայման պետք են որոշակի հմտություններ: Մեր հիմնական հաճախորդը գործարար է, ինքնահաստատված մարդ: Նա ունի աշխատանք, ընտանիք, ամեն ինչ, բայց կարծում է, որ ցանկանում է ինչ-որ բան ստեղծել եւ հետք թողնել պատմության մեջ: Բայց նա չի կարող նկարել: Իհարկե, նա կարող է հաճախել կերպարվեստի դասերի եւ սովորել, բայց դա շատ ժամանակ է պահանջում: Այսպիսով, նա մեր ռոբոտի մեջ տեսնում է ինքնադրսեւորվելու միջոց՝ զբաղվելու արվեստի գործով, հավաքելու իր ընկերներին այդ աշխատանքի շուրջ, օգտագործելու ռոբոտին երեխաների կրթության համար: Սա մի բան է, որը մարդիկ ցանկանում են մտցնել մշակույթ: Ինչ-որ մեկն ինձ ասաց՝ դու երազ ես վաճառում: Մարդիկ «Տեսլա» են գնում ոչ թե այն պատճառով, որ ցանկանում են մեքենա ունենալ, այլ որ մի իսկապես հիանալի բան գնեն: Ոմանք ասում են, թե Վան դեր Բոտի ստեղծածը չի կարելի արվեստ համարել: Այդժամ ես նրանց հիշեցնում եմ լուսանկարչության մասին: Դուք սեղմում եք կոճակը, եւ սարքը տալիս է արդյունք, որը կարող է կամ չի կարող լինել արվեստի գործ: Մենք մեր ռոբոտին տալիս ենք պատկեր, որը նա վերածում է գեղանկարի: Հիշենք նաեւ երաժշտության ոլորտը: Մենք երաժշտություն ենք լսում էլեկտրոնային սինթեզատորով, էլեկտրոնային կիթառով, մենք այն լսում ենք ակուստիկայի միջոցով, ոչ միայն սոսկ գործիքի: Սա այն տեխնոլոգիան է, որը մտնում է փոխանցման տուփ: Կարո՞ղ եք ասել, որ սա այն երաժշտությունը չէ, որ մարդն է ստեղծել: Մենք ոչ թե փոխարինում ենք մարդուն, այլ նրան տալիս ենք ինքանդրսեւորման գործիք: Մարդ կարող է ունենալ մեծ երազանք, բայց չունենալ այն փոխանցելու հմտություններ: Այսպիսով, մենք պարզապես գործիք ենք տալիս նրան՝ իր գաղափարի արտահայտման համար: Եվ երրորդ օրինակը, որ կարող եմ բերել. մարդը պետք է տարբերի ռոբոտի միջոցով ստեղծված որեւէ առարկա կամ տեքստ՝ մարդու արածից: Այստեղ մենք փորձարկեցինք մի նկար: Արհեստավարժ նկարիչների խնդրեցինք եռանկյունի նկարել, հետո ռոբոտը նկարեց նույնը: Շատերին չհաջողվել կռահել՝ ո՛րն է նկարել մարդը, ո՛րը՝ ռոբոտը: Իհարկե, եռանկյունին պարզ գծագիր է, բայց նույնը կարող է վերաբերել ռոբոտի պատկերած գեղանկարներին նույնպես, որոնք կարող ենք ցույց տալ նկարիչներին եւ պարզել, թե կարո՞ղ են նրանք այսպես նկարել, կամ հարցնել, թե ո՛վ է այն նկարել: Մի քանի անգամ մեր ռոբոտին նկարել ենք տվել մոդայիկ մի նկարչի ստեղծագործություն, որն, ի դեպ, ավելի թանկ է վաճառվել, քան բնօրինակը:
–Շատ հայտնի նկարիչներ ունեն օգնականներ: Ի՞նչ ես կարծում, ձեր ռոբոտը կարո՞ղ է լինել նկարչի օգնական:
-Միանշանակ այո՛: Օրինակ, ռոբոտը կարող է նկարել ուրվագծերը, իսկ նկարիչը՝ լրացնել մանրամասները: Սա համագործակցության մի տարբերակ է: Նաեւ այս արվեստի տոնավաճառում տեսանք, որ շատ արվեստագետներ կցանկանան համագործակցել ռոբոտի հետ: Մեր թիմի բոլոր պրոֆեսիոնալ նկարիչները եւս ցանկանում են օգտագործել ռոբոտին իրենց գաղափարներն արտահայտելու համար: Այսպիսով, այո՛, ռոբոտը կարող է օգնել նկարիչներին, ինչպես այսօր համակարգիչն է օգնում կոմպոզիտորին երաժշտություն ստեղծելու գործում: Բայց քանի որ այն բավականին թանկ է, մինչ այժմ մենք այն չենք վաճառել նկարիչների:
–Ի՞նչ կարծիքի են արվեստաբանները Վան դեր Բոտի ստեղծագործությունների վերաբերյալ:
-Մեր արվեստի մասին արդեն մոտ 30 հոդված են գրել, հիմնականում լրագրողները, մեծ մասը՝ դրական: Երբ ես ընդգրկվեցի նախագծի մեջ, սկզբում կարծում էի, որ մարդիկ չեն հավանի ռոբոտի նկարները արվեստի տեսանկյունից, տեխնիկապես վատ կհամարեն: Բայց մարդկանց մեծ մասի կարծիքով՝ նկարները հիանալի են, նկարիչներն էլ եզրակացնում են, թե արդյունքը զիլ է: Ոմանք ասում են, թե ռոբոտը փոխարինելու է մարդկանց, մյուսներն էլ ասում են, թե սա է ապագան: Ոչ մի պրոֆեսիոնալ նկարիչ չի ասել, թե սա զուրկ է հոգուց կամ նման բան, պարզապես սովորական մարդիկ ասում են, թե ռոբոտի նկարը չի կարող արվեստ լինել: Շատ հաճելի են նման քննարկումները, տարբեր կարծիքներ լսելը: Արվեստն ինքնին միշտ քննարկում է:
–Վան դեր Բոտը ստեղծել է բազմաթիվ հայտնի անձանց դիմանկարներ: Նրանցից արձագանք եղե՞լ է:
-Այո՛, մենք ունենք Անջելինա Ջոլիի, Իլոն Մասկի եւ այլոց դիմանկարները: Մենք նրանց հաղորդագրություն ենք ուղարկել Ինստագրամում, բայց չենք համարձակվել անմիջական կապ հաստատել եւ առաջարկել գնել իրենց դիմանկարները: Մենք իրականում սկսել ենք մարդկանց նկարել անցյալ տարվա նոյեմբերից, հիմա աշխատում ենք մի քանի միլիարդատերերի դիմանկարների վրա:
–Ո՞րն է հաջորդ փուլը: Կարո՞ղ է պատահել, որ Վան դեր Բոտը սկսի նկարել առանց որեւէ լուսանկարի:
-Տեխնիկապես դա շատ հեշտ է, քանի որ նրանք կարող են դա անել մեկ օրում: Տարբերակներից մեկն այն է, որ տեսախցիկը կցվի տարածքին եւ հրաման տրվի ռոբոտին նկարել: Մեկ այլ միջոց է՝ ստեղծել որոշ գեներացված պատկերներ, ինչը նույնպես հեշտ է: Սա արդեն արվեստի ոլորտում է, մեր հաճախորդներից մեկը հենց այդպես է անում եւ փորձում է դրանք նկարել մեր ռոբոտի միջոցով: Վան դեր Բոտի հեռանկարի համար ես կասեի, որ մենք կնախընտրեինք ընդգրկվել մեր նկարիչների եւ այլ մարդկանց հավաքածուների մեջ: Շատ լավ կլինի, եթե, օրինակ, Իլոն Մասկը կամ մեկ ուրիշը տրամադրի իր հավաքածուն՝ օգտագործելով մեր ռոբոտին: Դա կլինի հաջորդ քայլը՝ ցույց տալու, որ բոլորը կարող են նկարել, բոլորը կարող են նկարիչ լինել: Սա մի բան է, որը համահունչ է մեր ընկերության կարգախոսին:
–Ի՞նչ ես կարծում, ապագայի արվեստը պատկանում է արհեստական բանականությա՞նը:
-Ես կասեի, որ այն անպայման իր տեղը կգտնի արվեստում: Նկարիչներ, համամարդկային գործեր միշտ կլինեն, ինչպես եղել են դարեր շարունակ, բայց արհեստական ինտելեկտն էլ իր ուրույն տեղը կունենա արվեստի ասպարեզում:
–Խնդրեմ պատմի՛ր, թե ինչպես է ձեր ընկերությունը հայտնվել Հայաստանում:
-Ես միշտ սիրել եմ Հայաստանը, քանի որ ունեմ հայազգի հարազատներ: Նրանց նախնիները փախել են Թուրքիայից, տեղափոխվել են Աբխազիա, ապա գնացել Ռուսաստան: Միշտ ցանկացել եմ այցելել Երեւան: Մենք եկանք մարտին եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Մեր ընկերությունը որոշ ժամանակ աշխատել է ԱՄՆ-ում, հետո վերադարձանք Ռուսաստան, բայց այս տարի նորից ստիպված էինք տեղափոխվել եւ նոր երկիր էինք փնտրում: Մենք մտածում էինք Սերբիայի, Վրաստանի, Ղազախստանի, Թուրքիայի, Միացյալ Էմիրությունների եւ Հայաստանի մասին, եւ վերջապես ընտրեցինք վերջինը: Այստեղ ռուսների համար շատ առավելություններ կան. մուտք գործելու համար մեզ օտարերկրյա անձնագիր պետք չէ, քրիստոնյա երկիր է (ինչը խիստ կարեւոր չէ, բայց սա մեզ մերձեցնում է մշակութապես), հեշտ է գրանցել ընկերությունը, հարկերը բարձր չեն, նաեւ կարեւոր է, որ մարդկանց մեծ մասը խոսում է ռուսերեն: Մեր աշխատակազմի մեծ մասն այստեղ է, հիմնականում Սանկտ Պետերբուրգից են, մի մասը շարունակում է գործել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում:
–Իսկ ի՞նչ կասես հայաստանյան կյանքիդ մասին:
-Ես այն շատ եմ վայելում: Իրականում ես մեծ տարբերություն չեմ տեսնում իմ պետերբուրգյան կյանքի հետ համեմատ, բացի նրանից, որ ապրում եմ շատ ավելի գեղեցիկ մի տեղ, սեփական տանը: Ամեն օր երեխաներիս հետ գնում եմ ֆուտբոլ խաղալու մի գեղեցիկ դաշտում, ամենուր վարդեր ենք տեսնում, կարող ենք թութ ու ծիրան հավաքել (ծիծաղում է): Եվ ես հույս ունեմ այստեղ լավ դպրոց գտնել երեխաներիս համար…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ