Լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան կենտրոնում
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ Թեքեյան կենտրոնում բացվել է լրագրող, խմբագիր, լուսանկարիչ, արցախյան ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ «Հնադարյան Արցախ» խորագրով: Ներկայացված է հեղինակի տարբեր տարիների շուրջ 80 աշխատանք, որոնցում պատկերված է գրեթե ողջ Արցախի հուշարձանային ժառանգությունը՝ վանքեր, ամրոցներ, խաչքարեր…
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին մտավորականներ, հոգեւորկաններ, արվեստի ներկայացուցիչներ եւ բազմաթիվ այլ հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, նշելով, որ ցուցահանդեսը ավելին է քան պարզապես մշակութային ձեռնարկ, քանզի թեման ինքնին ընդգծում է նրա պատմական, հայրենասիրական, հոգեւոր կարեւորությունը:
«Այս ցուցադրության մեջ ուղերձ կա՝ սա մեր ժառանգությունն է, որ ստացել ենք մեր նախնիներից եւ պարտավոր ենք այն փոխանցել մեր ժառանգներին: Ղողանջը, որ հնչում է բոլոր լուսանկարներից, պարտավորեցնող է, ղողանջ է զգոնության եւ սթափության: Մենք պարտավոր ենք վերադառնալ եւ տեր կանգնել մեր ժառանգությանը»,- ասաց Ա. Ծուլիկյանը:
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծ.վ. Բաղումյանն իր օրհնանքի խոսքն ուղղեց հայրենանվեր միջոցառմանը:
Հեղինակը, ներկայացնելով իր աշխատանքները, նշեց, որ լուսանկարները պատմում են բազմադարյան Արցախի՝ հայոց պատմության ակունքներից եկող այն հիմնական հուշարձանների մասին (Ամարաս, Ծիծեռնավանք, Դադիվանք…), որոնց գրեթե 90% այսօր գտնվում է գերության մեջ:
Միջոցառման ընթացքում հանդես եկավ երգահան, երգիչ Արսեն Համբարյանը՝ ռազմահայրենասիրական երգերով, ինչպես նաեւ «Բեկոր» համույթը՝ ազգագրական պարերով:
Թեքեյան կենտրոնում «Հնադարյան Արցախ» ցուցահանդեսը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը:
Զոհրաբ Ըռքոյանը 2010թ-ից Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: 1989-1994թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանական-ազատագրական մարտերին, նաեւ հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» շքանշանով, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով եւ պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով, ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» մեդալով, «Հատուկ գնդի» պատվոգրով, ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով: 2022թ.մայիսին ԱՀ լրագրողների օրվա առթիվ ԱՀ նախագահի կողմից արժանացել է «Երախտագիտություն» մեդալի: