Ակնարկիս խորագիրը քաղել եմ հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի մտորումներից մեկի տողերից: Մարդու ներաշխարհի բացահայտման ուղին նրա ստեղծագործությունն է, եւ Մ. Կոկժաեւի ծննդյան 78-ամյակն առիթ է խոսելու նրա արարումների մասին: Նա ոչ միայն երաժշտության, այլեւ բանաստեղծությունների հեղինակ է, որոնք երբեմն դարձել են նաեւ ռոմանսների խոսքեր, եւ այդ երկուսի ուսումնասիրությունն է, որ կարող է ամբողջական պատկերացում տալ կոմպոզիտորի ներքին մտածումի, ապրումների եւ երաժշտական ընդգրկումների մասին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր, Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս Մ. Կոկժաեւը երաժշտական բազմաժանր եւ բազմաոճ ստեղծագործությունների հեղինակ է: Նա հեղինակել է վեց սիմֆոնիաներ, կամերային երկեր, խմբերգեր, կանտատ, սոնատներ, ռոմանսներ: Նա իր ստեղծագործություններում երաժշտական լեզվով «ընթերցում է» Գյոթեին, Շեքսպիրին, այլ մեծանուն բանաստեղծների, ինչպես նաեւ ռուսալեզու, ծագմամբ հայ բանաստեղծների, որոնց թվում է նաեւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը: Նրա շատ երաժշտական կտավներ գրվել են Սարյանի արվեստից ստացած հուզական տպավորությունների ազդեցությամբ: Մ. Կոկժաեւը դասավանդում է Կոմիտասի անվ. երաժշտանոցում, երկու՝ կոմպոզիցիայի եւ երաժշտագիտության ամբիոնների դասախոս է: «Մենք ունենք հրաշալի սերունդ, որի ձեռքերում է հայկական երաժշտության ապագան,- մի առիթով ասել է կոմպոզիտորը:- Միայն թե մեր բազմաչարչար հայրենիքի շուրջ իրավիճակը բարելավվի»:
Մ. Կոկժաեւի ուսումնասիրությունները վերաբերվում են երաժշտական տարածության հիմնավոր օրինաչափություններին: Մշակել է երաժշտական ստեղծագործությունների վերլուծության մեթոդիկա: Նրա ստեղծագործությունները կատարվել են Երեւանում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ռիգայում, նաեւ Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, Կանադայում, այլուր:
Մ. Կոկժաեւի ստեղծագործությունները կատարողների եւ պրոպագանդողների շարքում են անվանի ջութակահար Բորիս Լիվշիցը, Երեւանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, օպերային երգիչ-երգչուհիներ, նրանց թվում՝ Աննա Պողոսյանը, Գուրգեն Բավեյանը, դաշնակահարուհի Կարինե Բաղդասարյանը, ֆլեյտահար Նելլի Մանուկյանը, այլք: «Ուզում եմ խոսել ոչ թե մարդու, կոմպոզիտորի, այլ՝ երեւույթի մասին,- սա մեջբերում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի խոսքից:- Միխայիլ Կոկժաեւը չի նայում «-իզմերին». ինչ անում է, մարդն անում է համոզված, պրոֆեսիոնալ կերպով»:
Գնահատման խոսքերից առավել ստեղծագործողի մասին խոսում են իր արարումները: Նախ, հիշենք Մ. Կոկժաեւի վաղ շրջանի՝ ռոմանտիկական շնչով գրված երգերը: Դրանք քնարական են, եւ դա թելադրված է իր ընտրած կամ իր իսկ գրած բանաստեղծություններով: Այդ բանաստեղծությունները տիեզերքի շրջապտույտի մասին են, ներանձնական, երազների, մարդու եւ աստվածային սիրո, նաեւ հայրենի երկրի ու եզերքի հանդեպ հավատարմության:
Նրա՝ «Ինձ հարկավոր չեն օտարների տաճարները» տողը մխվում է հիշողությանս մեջ: Բանաստեղծության լեզուն ռուսերենն է, բայց խոսքը Հայաստանի մասին է: Կոմպոզիտորը ապրել է, բռնի տարհանման ողբերգությունը, մահից մազապուրծ՝ 90-ականների սկզբին հաստատվել Երեւանում՝ հայրենի հողի վրա շարունակելով աշխատել ու ստեղծել: Հեքիաթային հունչերով կառուցված, ռոմանտիկ գործերի կողքին տեղ են գտել վտանգի, կորստի վերապրումներից ծնված դրամատիկ երկեր: Դրանցից է, օրինակ, «Զանգը երբեք չի լռի» ստեղծագործությունը, որը հայ ազգի պատմական տառապանքի՝ շուրջ երեք տասնամյակ առաջ ապրած եղեռնի մասին է. այն նկարագրված է հոգեցունց, դաշնամուրային աճող մեղեդիական հնչմամբ, որը գնալով մարում է, նվազում՝ ասես նվաղուն հոգու հիշողությամբ մրմուռով… Տառապալից ապրումների արտահայտություն են նաեւ կամերային նվագախմբի համար գրված նրա մի շարք գործեր, որպիսիք են «Հիշատակի օր»-ը՝ գրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին (1990), «Նահատակներին» երկը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին (1991), «Սուրբ Գրիգոր Նարեկացու լուսավորումն ու ողբը» (2001), երգչախմբի եւ նվագախմբի համար գրված «Ռեքվիեմ»-ը (Lux aeterna. թարգմանաբար՝ «Հավերժական լույս»):
Կոմպոզիտորի բանաստեղծական տողերը նաեւ տենչանքների մասին են. «Երազները՝ ոնց թռչուններ…»:
Ակնարկս ավարտեմ Մ. Կոկժաեւի՝ սիրո մասին մտորումով՝ «Սերն Աստծո ապաստանն է»՝ մեր ապրած տագնապալից ժամանակներում տեղին հիշեցում:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ