Լավ է ասված` կյանքը երկար ապրելու արվեստ է, պարտավորություն` հայրենիքի, ընտանիքի եւ հարազատ-մտերիմների հանդեպ: Եվ այդ կյանքում, ոչ մեծ վերապահումներով, յուրաքանչյուրն ստանում է այն, ինչ ցանում ու ցանկանում է: Հայտնի պատմություն է` հույն փլիսոփաներից մեկը օրը ցերեկով վառված ճրագը ձեռքին շրջում է եւ երբ հարցնում են, թե ինչ է անում, պատասխանում է` մարդ եմ փնտրում: Նույնը հանգիստ կարելի է ասել նաեւ մեր օրերի ու մեր իրականության համար:
Մեր այս դժվարին օրերում ամեն ինչ անում ենք, ամեն ինչից խոսում-վերլուծում ենք, իսկ մարդուն բոլորովին մոռացել ենք: Հիշում ենք մեկ-մեկ` ընտրությունից-ընտրություն եւ մեկ էլ` երբ հայրենին պաշտպանելու կարիք է լինում:
Իսկ անկախության երեսուն տարում եւ հատկապես վերջին չորս տարում մեր իշխանությունները ինչ ուղղություն ասես չորդեգրեցին, ուր ասես չթեքվեցին. Էլ հյուսիս, էլ հարավ, էլ արեւմուտք: Ու դրանով ում ասես առիթ չտվեցին մեզ հարվածելու-պատժելու…: Այսօր էլ չգիտես կարճատեսությունի՞ց, գիտելիքների ու փորձի պակասի՞ց, պատմության չիմացությունի՞ց, թե ինչ այլ պատճառով ակնհայտ թուրքամետ քաղաքականություն են վարում: Այսօր ողջ հայ ազգը Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում պառակտված է, Արցախի մեծ մասը կորսված, պետական շատ ինստիտուտներ անգործության են մատնված…
Տասնամյակներ առաջ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ Դավիթ Անանունն (Տեր-Դանիելյան, 1879-1942) ասում էր, որ Ղարաբաղն ամբողջական Հայաստանից դուրս՝ «դա խոց է, որ նախ եւ առաջ գերեզման պիտի իջեցնե անկախ Ադրբեջանի գաղափարը: Բայց միաժամանակ նա պիտի թունավորե եւ Հայաստանի անդորրությունը: Եթե Ադրբեջանում խելքը գլխին քաղաքագետներ լինեն, նրանք ամենից առաջ պիտի հրաժարվեն Ղարաբաղից: Եթե Հայաստանում հայրենիքի հավաքման համոզիչ գործիչներ կան՝ նրանք օրն ի բուն պիտի մտածեն Ղարաբաղի մասին»: Կարծում եմ` չեն մտածում: Հակառակ դեպքում կարելի էր օգտագործել ռուս-ուկրաինական պատեզամի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ մեզ այնքան անհրաժեշտ դիվիդենտներ շահել եւ ոչ թե հակառուսական ցույցեր արտոնել: Պատերազմն, իհարկե, կավարտվի, բայց արձանագրենք, որ այդ իրավիճակից իր երկակի խաղերով փայլուն օգտվում է հենց Ադրբեջանը: Ռուսներին հավատարմության երդում է տալիս, ուկրաինացիներին` ձրի բենզին, Պուտինի հետ ողջագուրվում է`ուկրաինացիներին օգնող կամավորներ ցուցակագրում, միջազգային հարթակներում «պաշտպնում է», իսկ իր երկրում` հակառուսական ցույցեր ու պաստառներ հրահանգում: Եվ երբ պատասխան տալու առիթ ներկայանա, երկու կողմին էլ կարող է պատճառաբանել այդ արարքները, որոնցից որոնք որ ձեռնտու չլինեն այդ պահին` կվերագրի ընդդիմությանը: Հենց սա է դիվանագիտությունը եւ ոչ թե ոչինչ չտվող մերկապարանոց հայտարարությունները:
Ռուս-ուկրաինական պատերազմն ինքնադրսեւորվելու առիթ է դարձել: Բոլորը գրում են, դիրքորոշում արտահայտում, կանխատեսումներ անում, ոմանք էլ, ի պաշտպանություն ուկրաինացիների, ցույց կազմակերպում: Ամենաթունդը Ռուսաստանի դեմ ծռված ծռերն են, որոնց հետ բանավիճելն անիմաստ եմ համարում, քանի որ պատմությանը տեղյակ եմ ու գիտեմ, որ բացարձակապես իր պետական շահերից ելնելով առայժմ մեզ միակ իրական օգնության ձեռք մեկնողը Ռուսաստանն է: Գիտեմ, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ նրան ձեռնտու չի եղել ու չի օգնել: Իսկ մենք էլ` մեզ հատուկ կարճատեսությամբ հետեւություններ անելու փոխարեն, աջ ու ձախ շաղակրատել ենք ռուսների դավաճանության մասին: Գիտեմ նաեւ, որ ներկայիս Ուկրաինայի ճգնաժամում պաշտոնական Մոսկվան ԼԻՈՒԼԻ ՔԱՂՈՒՄ Է Արցախյան Երրորդ պատերազմում իր զբաղեցրած դիրքորոշման հետեւանքները: Եթե այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն ավելի վճռական լիներ եւ լիարժեք օգներ ու աջակցեր մեզ եւ ցուցադրական ծեծ ապահովեր թուրքական կողմին, այժմ շատ շատերն այլ կերպ կմտածեին… Արդյունքում հիմա շատերը մտածում են, որ, ահա, եթե 2020 թ-ին Ռուսաստանի Դաշնությունը ՎԱԽԵՑԱՎ եւ չցանկացավ ընդհարվել թուրքական կողմի հետ, ապա նա այնքան թույլ է, որ հնարավոր կլինի նրան կոտրել անհամեմատ ավելի ուժեղ Միացյալ Արեւմուտքի հարվածով…Արդար է, ցավոք…
Այսօր հարկավոր է սթափվել: Այսօր ոչ թե խաղալու, այլ սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է: Այնպիսի տպավորություն է, որ մենք այս մոլորակից չենք, որ ներկա աշխարհաքաղաքական փոփոխությունները մեզ չեն վերաբերում: Այնինչ մենք էլ ենք այդ մեծ ջրապտույտում եւ եթե ճիշտ չկողմնորոշվենք ու ամուր մեկից չկառչենք, կանհետանանք առհավետ: Թեեւ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կասկածում է, որ իրավիճակը կարող է հասնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն միեւնույն ժամանակ տարօրինակ է համարում այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները: Մոսկվայի համար տարօրինակ է նաեւ, թե ինչո՞ւ հանկարծ պաշտոնից հեռացվեց Հայաստանի Պաշտպանության նախարարության էլիտան: Միգուցե ինքն ուզում էր հարձակվե՞լ, թե՞ Ալիեւը իրավիճակը սադրեց այն սցենարով, որ փոխվեր Հայաստանի ՊՆ ղեկավար կազմը, Փաշինյանն էլ չառարկեց: Կարելի է տարբերակներ ենթադրել, բայց առայժմ ստույգ ինֆորմացիա չկա: Այդ հատվածը խաղաղապահ առաքելությունից դուրս է: «Ինչ ասում է Երեւանը՝ մի բան է,-զարմացած արձանագրում է Տարասովը,-Ադրբեջանը՝ այլ: Արձանագրենք, որ անհասկանալի պատճառաբանությամբ ազատվեց Պաշտպանության նախարարը եւ նրա փոխարեն նշանակվեց Սուրեն Պապիկյանը: Որ Հայաստանի Զինված ուժերում տեղի ունեցող վերափոխումներն առնվազն զարմանալի են, քանի որ տպավորություն է, թե որոշ ուժեր պարտադրում են, որ կադրերը մաքրվեն, հեռացվեն սարգսյանական չինովնիկները: Բայց Զինված ուժերը մաքրելն այդքան հեշտ չէ, թեպետ հնարավոր է՝ ինչպես որ ժամանակին արեց Էրդողանը: Բայց մեկ հարվածով նոր համակարգ չի ստեղծվի, սա պետք է հաշվի առնել: Միգուցե վարչախումբը ռազմական հեղաշրջումի՞ց էր վախենում, միգուցե չէ՞ր վստահում զինվորականներին: Վարկածները շատ են Մոսկվայում»: Ամենակարեւորն այն է, որ, Տարասովի ասելով, Ռուսաստանն այս իրավիճակում Հայաստանին չի կարողանա օգնել եւ ավելացնում է. «Հենց մի բան լինում է, միանգամից Ռուսաստանին են դիմում, բայց Ռուսաստանն ի՞նչ կապ ունի: Դուք ձեր սեփական խնդիրները չե՞ք կարողանում լուծել, Ռուսաստանից ի՞նչ եք ուզում, ինչքա՞ն կարելի է: Ռուսաստանին դարձրել եք գնդակ, ինչքան կարելի է խաղալ. սեփական որոշումներ կայացնելու ժամանակն է»:
Համբերությունը հիանալի հատկություն է, բայց կյանքը չափազանց կարճ է երկար համբերելու համար: Քանի որ հստակ է մեկ բան, որ այսօրվա պատերազմը շատ արագընթաց է բոլոր իմաստներով, ինչպես մի առիթով իրավացիորեն ասել է Վազգեն Սարգսյանը, ուշանալ մեկ րոպե` կարելի պարտվել կռվում, ուշանալ մեկ ժամ` կարելի է պարտվել ճակատամարտում, ուշանալ մեկ օր` կարող ենք կորցնել հայրենիք: Հետո էլ պետք չէ մոռանալ, որ նույնիսկ ոչխարն իրենից մեծ վտանգ է ներկայացնում, եթե դու խոտ ես (Մ. Գ. Ցյուբխեն) եւ ոչխարների բանակը, որ ղեկավարվում է առյուծի կողմից, ավելի ուժեղ է, քան առյուծների բանակը, որ ղեկավարվում է ոչխարի կողմից: (Նապոլեոն):
Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, որովհետեւ ՌԴ քաղաքական վերնախավին դուր չէր գալիս Ուկրաինայի վարած քաղաքականությունը: Իսկ մեր լրատվականներն իրար հերթ չտալով հրապարակում են նախկին ՀՀԿ-ական, դաշնակցական, հանրային, գիտական եւ այլ «էլիտաների» ներկայացուցիչների հպարտ հոխորտանքը, «թե տեսեք ինչ է լինում, երբ կլոուներն են գալիս իշխանության եւ արեւմտամետ են դառնում»: Այսինքն, ըստ սրանց տրամաբանության՝ ստացվում է, որ, եթե հետխորհրդային որեւէ երկիր փորձի եվրոպական զարգացման ուղի բռնել կամ ասենք ազգային զարգացման ուղի, ապա Ռուսաստանը ի պատասխան պիտի պատերազմի այդ երկրի հետ, եւ դա կլինի նորմալ: Այս մարդիկ իրականում մեզ ուզում են համոզել, որ կոռուպցիան, թալանը, ընտրակեղծիքները, պետական ինստիտուտների ոչնչացումը հանցագործություն չեն, այլ անվտանգության ապահովման ռազմավարություն: Այժմ ՌԴ-ն ըստ իր պաշտոնական վարկածի «փրկում է Ուկրաինան եւ աշխարհը նացիզմից»: Հիմա հարկավոր է, որ Ուկրաինայի հարցում հայ ազգը պարզապես պահպանի չեզոքություն, բացառապես չեզոքություն:
Ակնհայտ է, որ արեւմտյան ցինիզմը եւ ուկրաինացիներին նետված «ինքնիշխանության» դատարկ գաղափարը քարուքանդ արեցին Եվրոպայի երբեմնի ամենամեծ պետությունը: Արեւմուտքը մեզ «համոզում» է, որ երկրի ղեկավար պետք է ընտրել երիտասարդի եւ «թոշակի» է պետք ուղարկել հնացածներին, բայց իրենք ղեկավար են ընտրում 80 տարեկանին մոտեցողին: Նրանք մեզ «համոզում» են, որ պաշտպանության նախարարի համար զինվորական լինելն ու համազգեստ հագնելը պարտադիր չէ, բայց իրենք նախարար են նշանակում կոչումով ամենաբարձրին՝ բանակի գեներալին: Մեզ քարոզում են այնպիսի «բարձրագույն արժեքներ», որոնք իրենք երբեք չեն կրում ու հենց դրա համար էլ հանդես են գալիս ուժեղի դիրքերից: Նրանց բրենդը «ժողովրդավարությունն» է, որը կուրացած երկրպագելուց մեկ էլ կպարզվի, որ մեր ճակատագիրը «անհայրենիքությունն» է:
Ռուս դասական պատմագետ Կլյուչեւսկին ասում էր, որ պատմությունը ոչինչ չի սովորեցնում, սակայն դաժանորեն պատժում է նրանց, ովքեր մոռանում են այն: Ցավոք մեր պատմությունը լի է էջերով, որոնց համար, մեղմ ասած, չես կարող հպարտանալ: Մենք շատ անգամներ ենք պարտվել, ճակատամարտեր ու պատերազմներ տանուլ տվել: Մենք պետականություններ ենք ստեղծել ու շատ հաճախ կորցրել: Մեզ շատ անգամ են կոտորել ու մենք նույնիսկ չենք կարողացել, իսկ շատ դեպքերում չենք ցանկացել դիմադրություն կազմակերպել: Մենք մեր իսկ ձեռքով սպանել ենք մեր ազգի մեծերին, հանուն րոպեական շահի, սակայն դիմացը ստացել ենք մահ եւ ավերածություն:
Մենք դավաճանել ենք մեր իսկ սերունդներին, նրանց մատնելով ցավի, սովի ու աղքատության հանուն ուրիշի շահի ու մեր միջի պնակալեզի: Մենք փորձել ենք ոչ թե պայքարել, այլ հարմարվել, ոչ թե մարտնչել, այլ հանձնվել, այսպես կոչված՝ համակեցության եզրեր գտնել մեր երկիրը ասպատակած քոչվոր հարեւանների հետ, նրա հետ առեւտուր անել, նրա լեզվով խոսել, նրան նմանվել: Սակայն նույնիսկ այս պայմաններում արժանացել ենք արհամարանքի եւ որպես հետեւանք բռնության ու կոտորածի: Սակայն դեռ չէր եղել դեպք, երբ մենք այդ ամենը անեինք միաժամանակ եւ պատմական մի կարճ ժամանակահատվածում, երբ մենք մեր ձեռքով իսկ ավերեինք մեր ծաղկուն տունը ու ներս թողեինք քաջնազարներին…: Որ Հայոց պետականությունը հերթական անգամ դավաճանվեր հենց նրանց կողմից, ովքեր ի պաշտոնե պետք է այն պաշտպանեին: Որ հայ ժողովուրդը վերածվեր անաստված ամբոխի, որը միայն անեծքներ է տեղում շուրջ բոլոր, սակայն դուրս չի գալիս իր իսկ Հայրենիքը փրկելու:
Հերթական անգամ մենք, ինչպես միշտ, մեղադրում ենք բոլորին, բայց ոչ ինքներս մեզ, հույսներս դնում հարավի, հյուսիսի, արեւմուտքի եւ արեւելքի վրա, բայց ոչ երբեք ինքներս մեզ վրա: Մենք վաշխառուի նման մեր վնասները եւ օգուտներն ենք հաշվում, սակայն չենք նկատում մեր կողքին զոհված զինվորի ընտանիքի վիշտը: Մեր զավակներից Հայրենիքի նվիրյալ ռազմիկներ դաստիարակելու փոխարեն նրանց վերածում ենք վաշխառուների, այսօրվա լեզվով ասած՝ մենեջերների, տալիս ենք կեղծ կրթություն, կեղծ դիպլոմներ, վերածում ենք «առնեմծախեմի մասնագետների»: Պետության ղեկավար ընտրելու փոխարեն մարգարեներ ենք փնտրում, որը մեզ կասի ականջահաճո խոսքեր, խոտումներ կտա, հեշտ կյանք կխոստանա: Մեզ կեղծ մարգարեներ են պետք, այլ ոչ թե ռազմիկներ, մեզ նեղմիտ տհասներ են պետք, այլ ոչ թե իմաստուներ:
Բայց ժամանակն է վերջապես, որ այս դաժան փորձությունների միջով անցնող Հայ ազգը դասեր քաղի, մեկընդմիշտ հրաժարվի ստրկամիտներից, ազատագրվի, մաքրվի ու Հայաստանից դուրս շպրտի Հայրենիքի առքուվաճառքով զբաղվողներին: Այսօր, երբ ամբողջ աշխարհը ռուս-ուկրաինական անունով նոր աշխարհակարգ ձեւավորող շուրջպարի մեջ է, Հայրենիքը կարիք ունի հայրենասեր ու ազգանվեր մարդկանց՝ իրական մտավորականության, հայրենանվեր ռազմիկների, որոնք այս արհավիրքից պատմական դասեր կքաղեն ու կվերակառուցեն մեր բոլորի Հայաստանը՝ Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր