ՎԵՆԵՏԻԿ – Ռուբեն Կուլաքսըզյանի անունը հայտնի է շատ հայերի, հատկապես Սփյուռքում: Նա ծնվել է 1989-ին Փարիզում, հայ հոր եւ ֆրանսուհի մոր ընտանիքում: Ուսանել է ESSEC բիզնեսի դպրոցում եւ Փարիզի համալսարան 1 Պանթեոն-Սորբոնում: 2018 թվականին հիմնադրել է «Փոքրիկ Հայաստաններ» նախագիծը՝ նպատակ ունենալով կապեր հաստատել հայ համայնքների միջեւ եւ սոցիալական ցանցերում ստեղծել կրթական բովանդակություն՝ մասնավորապես երիտասարդության համար: Նրա կազմած «Փոքրիկ Հայաստաններ. ձեր ճամփորդական ուղեցույցը հայ Սփյուռքում» անգլերեն եւ ֆրանսերեն ուղեցույցներն ընդգրկում են հայկական վայրեր (հայաստանյան ներկայացուցչություններ, եկեղեցիներ, ռեստորաններ, խանութներ) աշխարհի ավելի քան 100 երկրներում:
Մի քանի տարի առաջ Երեւանում Ռուբենի հետ կարճատեւ հանդիպումից հետո մենք կրկին հանդիպեցինք անցյալ օգոստոսին Վենետիկում, որտեղ նա եկավ իր ուղեցույցները ներկայացնելու «Պո-Արաքս» ընկերակցության հայոց լեզվի եւ մշակույթի 38-րդ ամառային խտացյալ դասընթացի մասնակիցներին: (Իսկ այս օրերին Ռուբենը դարձյալ Հայաստանում է՝ մասնակցելու Համաշխարհային հայկական գագաթնաժողովին):
–Սիրելի՛ Ռուբեն, Սփյուռքի հետ իմ երկարատեւ շփումները ցույց են տալիս, որ ֆրանսահայերի մեջ այնքան էլ շատ չեն հայերենին տիրապետող եւ Հայաստանի հետ կապված ֆրանսահայերը, ինչպես դու ես: Ո՞րն է քո ամենամեծ շարժառիթը՝ հայկական ինքնությունդ այսքան վառ պահելու համար:
-Համաձայն եմ, որ ֆրանսահայությունը մյուս համայնքներից ավելի է հակված արագ ձուլման, բայց կարծում եմ, որ իմ ընտանիքի դեպքում, անգամ եթե մենք Ֆրանսիա ենք եկել 1930-ին, Հալեպից, միշտ փորձել ենք հայկական ինքնությունը փոխանցել հաջորդ սերունդներին: Կարող եմ ասել, որ իմ ամենամեծ շարժառիթն այս ընտանեկան ժառանգությունն է: Երբ պատկերացնում եմ, որ իմ նախնիները հպարտանում են իմ արածով, հասկանում եմ, որ իմ ուղին ճիշտ է:
–Դու մի քանի լեզու ես խոսում: Շատերը կարծում են, որ կարիք չկա սովորելու հայերենի պես սահմանափակ գործածությամբ մի լեզու: Այնուամենայնիվ, ի՞նչ կարող է տալ հայերենի իմացությունը:
-Ես ունեմ բազմաթիվ պատմություններ պատահական իրավիճակների մասին, որտեղ հայերենը, որը ես սովորել եմ չափահաս տարիքում, իսկապես օգտակար է եղել: Փաստորեն, նույնիսկ մի քանի բառ խոսելը կապ է ստեղծում աշխարհի որեւէ կետում գտնվող այլ հայերի հետ: Ինչպես հայերս ենք ասում՝ «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»: Կարեւոր է նախնիներիդ լեզուն հասկանալը: Ես շատ կվրդովվեի, եթե (զուտ պատկերացնելով) հանդիպեի իմ նախապապին եւ ընդհանուր լեզու չունենայի նրա հետ խոսելու համար:
Հիշում եմ նաեւ, երբ առաջին անգամ հասա Բուենոս Այրես, հանդիպեցի տեղացի մի հայ զույգի, միասին սուրճ խմեցինք, խոսեցինք հայ սփյուռքի փորձառության մասին… եւ մեկ ժամ հետո նրանք ինձ ասացին. «Մենք ամուսնանում ենք, հաջորդ շաբաթ արի՛ մեր հարսանիքին»: Ես հասկացա, որ ֆրանսահայ լինելն ինձ առավելություն տվեց այլ ֆրանսիացի ճանապարհորդների նկատմամբ, քանի որ ես ունեմ հայրենակիցներ, որոնք շատ երկրներում տեղացիներ են: Հայ լինելով՝ Բուենոս Այրեսում ես հնարավորություն ունեցա շատ ավելի մոտենալ տեղական կյանքին, ինչը հակառակ դեպքում չէր լինի:
–Լինելով աշխարհի 100-ից ավելի երկրներում՝ որտե՞ղ է եղել հայկական ամենաանսպասելի հանդիպումը:
-Ես չափազանց շատ անսպասելի հանդիպումներ եմ ունեցել, դժվար է ընտրել մեկնումեկը… Օրինակ, Պարագվայի Էնկառնասիոն քաղաքում կա մի ջրհոր, որից բնակիչները ջուր են ստանում: Այն կոչվում է Իկուա Սան Բլեզ (տեղական գուարաներեն լեզվով «իկուա» նշանակում է «ջուր») եւ նվիրված է հայազգի սուրբ Բլեզին: Պարագվայում ապրող մի հայ վերանորոգել է ջրհորը՝ Հայաստանից Պարագվայ բերելով Սուրբ Բլեզի խաչքարը, պուլպուլակը (այս բառը Ռուբենն ասաց հայերեն – Ա. Բ.) եւ բրոնզե արձանը:
–Ռուբե՛ն, կուլաքսըզ թուրքերեն նշանակում է «անականջ»: Որտեղի՞ց է այս անսովոր ազգանունը: Եվ ընդհանրապես, ի՞նչ պատմություն ունի Կուլաքսըզյան ընտանիքը:
-Հաստատ չգիտենք մեր ազգանվան ծագման մասին: Հավանաբար ունեցել ենք նախնի, որը կա՛մ խուլ է եղել, կա՛մ համառ: Ընտանիքս ծագումով Կիլիկիայից է, Մարաշից: Ցեղասպանությունից եւ Կիլիկիայից ֆրանսիական զորքերի դուրսբերումից հետո նրանք տեղափոխվել են Հալեպ, ապա Ֆրանսիա՝ Լիոնի մոտ գտնվող Սեն-Շամոն արդյունաբերական քաղաքը: Իմ ազգականներից շատերն այսօր էլ այնտեղ են:
–Ի՞նչը կցանկանայիր ամենաշատը փոխել Հայաստանում եւ Սփյուռքում:
-Ցանկանում եմ բարեկեցիկ ապագա Հայաստանին եւ որ է՛լ ավելի զարգանան նրա կապերը Սփյուռքի բոլոր համայնքների հետ: Սփյուռքի համար ես ցանկանում եմ լավագույնը յուրաքանչյուր համայնքի համար, բայց համատեքստերը շատ բազմազան են: Ընդհանրապես, մենք պետք է ամեն ինչ անենք, պայքարենք, որ մեր հայկական ինքնությունը վառ մնա հաջորդ սերունդների մեջ: Եվ երբ պատմությունը դժվարացնում է մեր՝ որեւէ վայրում մնալը, պիտի անենք հնարավորը՝ պահպանելու մեր ժառանգությունը, մեր տեսարժան վայրերը եւ այլն:
–Մտադի՞ր ես շարունակել «Փոքրիկ Հայաստաններ» նախագիծը: Եթե ոչ, ո՞րն է լինելու քո հաջորդ հայկական նախաձեռնությունը:
-Այո՛, մտադիր եմ շարունակել «Փոքրիկ Հայաստանները»: Գաղափարներ շատ ունեմ, բայց գրքի նոր հրատարակությունը եւ սոցիալական մեդիայի բովանդակության ստեղծումը գալիք տարվա իմ հիմնական նպատակներն են…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ