Երկուշաբթի, 17 Օգոստոս, 2026

Կեսդարյա տարեգրություն

Ստեփան Պապիկյան: Այս անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: 50 տարի առաջ նա  ընդունվեց  Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ եւ մինչեւ օրս մեծ աշխատանքներ է կատարում էներգետիկայի զարգացման բնագավառում:     

Ս. Պապիկյանը ծնվել է 1957 թվականի հուլիսի 9-ին ՌԴ Ալթայի երկրամասի Զալեսովո բնակավայրում: Ավարտել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի ցերեկային ասպիրանտուրան, ինչպես նաեւ դասախոսների վարպետության բարձրացման համալսարանը (Մոսկվա, 1985թ.): Ներկայում դասախոսական աշխատանք է կատարում Հայ Ռուսական Սլավոնական համալսարանում, որտեղ մագիստրոսական թեզերի գիտական ղեկավար է, ինչպես նաեւ Երեւանի տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում: Բազմիցս ղեկավարել է դիպլոմային աշխատանքներ,եղել է պետական քննական հանձնաժողովի նախագահ:   1997թ. ընտրվել է էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի անդամ (ԱՄՆ): Մեծ ծավալի աշխատանքներ է կատարել Էներգետիկ ինժեներների միջազգային ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի հիմնադրման ու  նրա հետագա զարգացման համար: Ստացել է «Վկայագրված էներգետիկ մենեջեր» միջազգային անվանակոչությունը (ԱՄՆ): Բազմաթիվ ակադեմիաների իսկական անդամ է:

Նա Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահն է, ինչպես նաեւ «Էներգետիկայի Ինստիտուտ» ՍՊԸ հիմնադիր տնօրենը:  Հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների, ինչպես նաեւ 22 մեծարժեք մենագրությունների, որոնք առընչվում են ջերմամատակարարման եւ գազամատակարարման համակարգերի, գազատուրբինային կայանքների, ՋԷԿ-երի եւ ԱԷԿ-ների, ՀԷԿ-երի, կաթսայատների ռեժիմային, էկոլոգիական, ինչպես նաեւ էներգետիկայի պատմության հարցերին: Գրել է «Հայաստանի էներգետիկայի պատմությունը» քառահատոր գիտական մենագրությունը:

Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը,  որը զգալիորեն հեշտացնում է ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում: Նրա գիտական աշխատանքները ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում ու բազմաթիվ գիտական եւ նախագծային կազմակերպություններում: Նրա գիտական աշխատանքները միջազգային տարբեր հարթակներում` Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Չինաստան եւ այլք, արժանացել են բարձր գնահատականի:

2009թ. գիտամանկավարժական բազմամյա ու բեղմնավոր գործունեության համար ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման եւ կրթության բնագավառում՝ նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (Մոսկվա), իսկ 2010թ.` «Գիտության եւ կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (Մոսկվա): Գիտա-մանկավարժական բազմամյա ու  բեղմնավոր գործունեության համար պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ պատվոգրով: «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտական ժողովածուի խմբագրական խորհրդի անդամ է:

Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թվականին  ԱՀ նախագահի կողմից պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով: Մշակել է Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման հայեցակարգ:

Ս.Պապիկյանը մեծ ծավալի աշխատանքներ է կատարում նաեւ ՀՀ սահմանամերձ գյուղերում ու բնակավայրերում գրադարաններ հիմնելու եւ գրադարանային ֆոնդերը համալրելու ուղղությամբ: