Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

Արծվի Բախչինյան
21/11/2025
- 21 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
1
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարի նոյեմբերի 8-ին Բեռլինում երկարատեւ հիվանդությունից հետո 80 տարեկանում մահացել է 1960-ականների վերջի, 70-ականների սկզբի համաշխարհային փոփ երաժշտության աստղ Ռիքի Շեյնը: Շեյնի կատարած ամենահայտնի երգը՝ «Մամի բլյուն», 1970-ականներին երգում էր ողջ աշխարհը, այն հնչում էր անգամ աշխարհից կտրված Խորհրդային Հայաստանի հեռավոր գյուղերում…

Եվ ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա հայերը չգիտեն, որ Ռիքի Շեյնն ունեցել է հայուհի «մամի», որը նույնպես ժամանակին եղել է ճանաչված մեկը Եգիպտոսում՝ նկարչուհի Հասմիկ Պալլարյան-Յասմին Թաբեթը:

Այս փաստը բացակայում է Ռիքի Շեյնի մասին համացանցային աղբյուրներում (անգլերեն Վիքիպեդիան Ռիքի Շեյնի մորը, առանց անունը տալու, համարում է ֆրանսուհի), մինչդեռ ժամանակի մամուլում բազմիցս գրվել է այդ մասին…

Շեյնի մահվան տարելիցի առթիվ ավելորդ չենք համարում անդրադառնալ այդ գրեթե մոռացված արվեստագետ մայր եւ որդու գործունեությանը:

Մայրը

Խարտյաշ, կապտականաչ աչքերով, նրբին եւ հմայիչ Հասմիկ Պալլարյանը ծնվել է 1922-ին, Ալեքսանդրիայում (այլ տվյալով՝ Վիեննայում): Եգիպտահայ նկարիչ Աշոտ Զորյանի զարմուհին եւ աշակերտուհին էր: Տակավին 12 տարեկանում Ալեքսանդրիայի «Գրեգուար» ցուցասրահում կայացել է նրա անհատական ցուցահանդեսը: Հաստատվելով Կահիրեում՝ Հասմիկը հետեւել է Լեոնարդո դա Վինչիի անվան գեղարվեստական դպրոցի նկարչական դասերին: 1943-ից պարբերաբար մասնակցել է Կահիրեի Կանանց ակումբի Նկարչուհիների եւ քանդակագործուհիների տարեկան ցուցահանդեսներին: 1943-ին ամուսնացել է լիբանանցի նավթագործ Ալբերտ Թաբեթի հետ եւ այդուհետ գրվել Ժասմին Թաբեթ, իսկ արաբական շրջանակներում ճանաչվել որպես Յասմին: Սկզբնապես հիմնականում նկարել է նատյուրմորտներ եւ մերկ մարմիններ, ապա՝ աբստրակտ պատկերներ, դառնալով եգիպտական աբստրակցիոնիզմի աչքի ընկնող ներկայացուցիչներից: Նրա արվեստին լայնորեն անդրադարձել է եգիպտահայ եւ եգիպտական («Ալ Ահրամ» եւայլն) մամուլը, նրան բարձր են գնահատել եգիպտահայ ճանաչված մտավորականներ Միքայել Ս. Կյուրճյանը, Սեդի Գոչունյանը, Երվանդ Մսրլյանը:

Հասմիկ Պալլարյան-Թաբեթը 1963-1966-ին Կահիրեում ունեցել է սեփական ցուցասրահ՝ «Ախնաթոն» (Akhenaton) անունով: Նրա պաշտոնական բացումը կատարվել է 1963-ի դեկտեմբեր 7-ին, «Ձմեռային առաջին սալոն» խորագրով ցուցահանդեսով, որտեղ եգիպտացի 55 արվեստագետներ ներկայացել են մեկական գործով (նրանց մեջ՝ ութ եգիպտահայեր՝ Ռոզ Բաբազյան, Աշոտ Զորյան, Նորա Իփեքյան, Բյուզանդ Կոճամանյան, Ալեքսանդր Սարուխան եւ այլք): Հանրածանոթ արվեստագետների  կողքին Պալլարյանը հանրության ուշադրությանն է ներկայացրել նաեւ այնպիսի նկարիչների, որոնք նախապես ոչ մի ցուցահանդեսի չեն մասնակցել՝ նպաստելով նոր տաղանդների բացահայտմանը:

1966-ին Բեյրութում գտնվող Պալլարյանը տեղեկացել է, որ իր ցուցասրահը Կահիրեում լցվել է ջրով, եւ որոշել է այլեւս Եգիպտոս չվերադառնալ: Նա մեկ տասնամյակ գործել է Բեյրութում, 1967-ին արժանացել լիբանանյան «Սայեդ Աքըլ» մրցանակին իր աբստրակտ նկարների ցուցահանդեսի համար: Այնուհետեւ Լիբանանի պատերազմի պատճառով նկարչուհին տեղափոխվել է Փարիզ: Նրա հետագա ճակատագիրը եւ մահվան թվականը մեզ անհայտ են:

Նշենք, որ Պալլարյանի մասին եգիպտահայ մամուլի մատենագիտությունը կարելի է գտնել Հայկ Ավագյանի աշխատասիրած «Նիւթեր եգիպտահայ նկարչութեան եւ քանդակագործութեան մասին (մինչեւ 1970 թուական)» հատորում (Գահիրէ, 2023, Էջ 169-176):

Որդին

«Կան շատ երաժիշտներ՝ թե՛ տղամարդ, թե՛ կին, որոնք նույնիսկ տարբերություն չեն տեսնում վարունգի եւ միկրոֆոնի միջեւ»:

Ռիքի Շեյն

Բարձրահասակ, բարեկազմ, համակրելի դիմագծերով, կանաչ աչքերով, գանգրահեր, 1960-70-ական թթ. արեւմտյան երիտասարդության համար գեղեցկության եւ սեռազգայնության խորհրդանիշ Ռիքի Շեյնի լուսանկարը հաճախ է երեւացել արեւմտյան մամուլի շապիկներին եւ հեռուստաէկրանին, նա մենահամերգներով շրջել է ողջ Եվրոպայում…
Իսկական անունով Ժորժ (Ջո) Ալբերտ Թաբեթ՝ Շեյնը ծնվել է 1944-ին, Կահիրեում: Երգել է մանկուց՝ մոր սովորեցրած երգերը, իսկ 11 տարեկանից կիթառ է նվագել: 15 տարեկանում մեկնել է Լիբանան, երգով ու կիթառ նվագելով հանդես եկել ակումբներում: Ապա մոր հետ տեղափոխվել է նախ Փարիզ՝ երաժշտություն ուսանելու, այնուհետ` Իտալիա՝ բրիտանական փոփ երաժշտության ներխուժման ալիքի հետեւանքով: Այստեղ նրան վիճակվել է դառնալ նոր ասպարեզ իջած բիթ երաժշտության աստղ: Նրան հայտնաբերել են երաժշտական արտադրիչներ Սերջո Բարդոտտին եւ Ալբերիգո Կրոչետտան եւ պայմանագիր են կնքել ARC ձայնասկավառակի ընկերության հետ, որը թողարկել է նրա առաջին ձայնագրությունները՝ Ռիքի Շեյն բեմական անունով: Իր առաջին հիթը՝ «Uno dei Mods» («Մոդերից մեկը») սինգլը, որը հատուկ նրա համար գրել էին Ջանի Մետչիան եւ Ֆրանկո Միլիաչչին, դարձել է բիթ դարաշրջանի խորհրդանիշ եւ գլխավորել հիթ-շքերթները: Երգի միջավայրը Լիվերփուլն է, այն ոգեշնչված է Լոնդոնի արվարձաններում միմյանց դեմ հանդես եկող երիտասարդական խմբակների՝ մոդերի եւ ռոքերի մրցակցությունից: Երգը ներառվել է Ֆրանկո Մոնտեմուրրոյի «Մոդերի ճակատամարտը» իտալա-գերմանական ֆիլմում (1966), որտեղ Շեյնը կատարել է հիասթափված երգիչ Ռիքի Ֆուլերի դերը: Այն «Վեսթսայդյան պատմության» ոճի եւ 1960-ականների ոգով ստեղծված երաժշտաֆիլմ է երիտասարդական խռովահույզ աշխարհի վերաբերյալ… «Մոդերից մեկը» երգը նոր կյանք ստացավ 1990-ին, երբ Շեյնը մասնակցեց Ռեդ Ռոնիի «Ծովեզրյա շուրջպար» հեռուստածրագրի երկրորդ թողարկմանը:

Այս երգի հաջողությունից օգտվելով՝ Շեյնը եւ իր հեղինակները պատրաստել են մոդերից ներշնչված երկրորդ երգը՝ «Vi saluto amici Mods» («Ցտեսություն, մոդ ընկերներ»), որի թեման գլխավոր հերոսի՝ Լիվերփուլից հեռանալն էր: Երգը կառուցված էր դանդաղ ռիթմով եւ դասական գործիքավորմամբ՝ ուղեկցված խոսքերով, ջութակների եւ թմբուկների հնչյուններով, սակայն այն չունեցավ նախորդի հաջողությունը:

Այնուհետեւ Շեյնը հեռացել է բիթ ուղղությունից եւ 1966-ից ձայնագրել է այլ հայտնի արտիստների (Էլվիս Փրեսլի, Թոմ Ջոնս) ստեղծագործությունների քավըր տարբերակներ: 1967-ին տեղափոխվելով Գերմանիա՝ նա իտալերենը փոխարինել է գերմաներենով, ձայնագրել «Ես կկտրեմ բոլոր շղթաները» սինգլը, որը դարձել է համազգային հիթ, «Աշխարհը դեռ նման բան չի տեսել», «Խնդրանքը կդառնա թագավոր» եւ «Ես խոնարհ խոսքեր չեմ ասում» սինգլները: Արժանացել է «Օտտո Զինգեր» բարձրագույն մրցանակի, որը գերմանական երգի «Օսքարն» է:

1967-ին Ռիքի Շեյնը Հռոմում ծանր ավտովթարի է ենթարկվել: Լրագրողները գրել են, որ բարեբախտաբար Ռիքին երկրորդ Ջեյմս Դին չի դարձել, եւ փրկվել է տաղանդավոր երիտասարդի կյանքը: Նա հիվանդանոցում բուժվելիս հարյուրավոր նամակներ է ստացել ողջ Եվրոպայից, Հարավային Ամերիկայից եւ անգամ Կուբայից: Որոշ ընդմիջումից հետո երգիչը 1969-ին Գերմանիայի հեռատեսիլով ներկայացրել է «Ռիքի Շեյն շոուն», 1970-ին Լյուքսեմբուրգում կայացած հիթ-շքերթում գրավել է առաջին տեղը՝ արժանանալով «Ոսկե առյուծ» մրցանակին: Սակայն մեծագույն հաջողությունը դեռ առջեւում էր: 1971 թվականին Շեյնը թողարկեց «Mamy Blue» երգի գերմաներեն տարբերակը: Երգի խոսքերը եւ երաժշտությունը  1970 թվականին ստեղծել էր ֆրանսիացի կոմպոզիտոր եւ երգահան Յուբեր Ժիրոն, որը նախ կատարել էին ֆրանսերեն, ապա երգը դարձավ միջազգային հիթ՝ շնորհիվ տարբեր կատարումների, այդ թվում՝ իսպանական «Փոփ թոփս» խմբի (անգլերեն) եւ Ռիքի Շեյնի (գերմաներեն): Այս երգի ձայնագրությունը մեկ շաբաթում վաճառվել է կես միլիոն օրինակով, հասել Գերմանիայի ազգային հիթ-շքերթի 7-րդ հորիզոնականին, իսկ երգի անգլերեն տարբերակը Ֆրանսիայում գրավել է 8-րդ տեղը, մտել առաջին տասնյակի մեջ ֆրանսախոս Բելգիայում եւ Ճապոնիայում, իսկ Արգենտինայում ու Բրազիլիայում գրավել է առաջին տեղը:

Որպես դերասան՝ Շեյնը հիմնականում նկարահանվել է իտալական եւ գերմանական երաժշտական ֆիլմերում, այդ թվում՝ Էնցո Տրապանիի «Ամենաբարձր ճնշումը» (1965), «Տասնվեցամյա եւ շիկահեր» (1966), Մարիանո Լաուրենտիի «Ոսկեզօծ աղջիկը» (1967) եւ «Դեղին դրոշի տղաները», Կուրտ Վիլհելմի «Օլիմպիա, Օլիմպիա» (1971), Հարալդ Ֆիլիպի «Ուռռա՜, մենք կրկին ամուրի ենք» (1971), գերմանական «Դերիք» հեռուստաշարքի «Կալկաթա» դրվագում (1976) եւ այլն: 1971-ին Բեյրութում պատրաստել է մի ֆոտովեպ՝ գերմանական «Բրավո» շաբաթահանդեսի համար, իսկ նույն թվականի վերջին Շեյնին ԱՄՆ է հրավիրել նշանավոր երգիչ Ռեյ Չարլզը՝ համագործակցելու, ինչպես նաեւ Դին Մարթինի հետ համատեղ ելույթ ունենալու վերջինիս հեռուստաշոուներում:

1975-ին հաստատվելով ԱՄՆ-ում՝ արեւմտյան երիտասարդության երբեմնի կուռքը զբաղվել է գործարարությամբ, սակայն երբեմն վերադարձել է Գերմանիա՝ գործնական նախաձեռնությունների եւ նոստալգիական համերգների համար: 1989 թվականին նա մի փոքր վերադարձ է նշել՝ գերմանացի նշանավոր երգիչ Դիթեր Բոլենի հետ ձայնագրելով «Մի անգամ ես կմնամ հավիտյան» երգը ZDF հեռուստաալիքի «Մրցակիցները մրցուղում» սերիալի համար: Այդ սաունդթրեքը դարձել է գերմանական հեռուստասերիալի համար երբեւէ ստեղծված ամենահաջող ձայնասկավառակը:

1984 թվականին Շեյնը կնոջ՝ Ջինայի հետ Դյուսելդորֆում բացել է խանութ՝ վաճառելով իրենց իսկ ձեւավորած հագուստները: Ավելի ուշ նա Դյուսելդորֆի Ֆլինգեռն թաղամասում կրպակ է ունեցել, որը, սակայն, 2010-ին՝ մեկուկես տարի անց փակել է: Որպես հոբբի՝ Շեյնը գծանկարներ է արել, 2009-ին Դյուսելդորֆում ներկայացրել է իր գծանկարների ցուցահանդեսը: 2012 թվականին նա հանդես է եկել փողոցային երաժիշտի փոքր դերով «Եվ դու հեռացար» հեռուստաֆիլմում:

2019 թվականի Բեռլինալե կինոփառատոնում կայացել է Շտեֆան Գեենեի «Շեյն» վավերագրական ֆիլմի առաջնախաղը, որտեղ երգչի որդիները՝ Թարեք Շեյն Թաբեթն ու Իմրան Շեյն Թաբեթը, վերակերտել են իրենց հոր կերպարը խաղարկային դրվագներում: Ի դեպ, Թարեքը Բեռլինում գործող կինոռեժիսոր, կինոօպերատոր եւ լուսանկարիչ է:

2021 թվականին ճերմակահեր, սպիտակ բեղ-մորուքով 76-ամյա Շեյնը վերջին անգամ հայտնվել է լայն հանրության առաջ Երկրորդ գերմանական հեռուստատեսությամբ (ԵԳՀ) «ԵԳՀ հիթ շքերթի 50 տարի. հավելում» հաղորդման ժամանակ՝ կատարելով «Մամի Բլյուն»: 2022-ին Շտեֆան Գեենեն հրատարակել է «Ազատություն 71. Ռիքի Շեյնը, երաժշտությունը եւ հետպատերազմյան նյութական միջավայրը» գիրքը, որտեղ երգչի գործունեությունը դիտարկվում է հետպատերազյան Բեռլինի վերածննդի համատեքստում:

Չնայած Ռիքի Շեյնը մի առիթով ասել է՝ «Ես որեւէ ազգի չեմ պատկանում,  ես պատկանում եմ Մայր Բնությանը», սակայն իր հարցազրույցներում երբեմն հիշատակել է իր հայկական ծագումը եւ մի անգամ խոստովանել է, որ (թող շատ պրոզայիկ չհնչի) ինքը շատ է սիրում սխտորաբույր հայկական տոլմա ուտել… Ըստ որդու՝ Թարեքի մեզ հայտնած վկայության, մոտ 35 տարի առաջ Ռիքի Շեյնն այցելել է Հայաստան:

Կյանքի վերջին տարիներին Շեյնը երբեք չի խոսել իր հիվանդության մասին եւ ցանկացել է, որ իր մահը գաղտնի մնա, ուստիեւ իր նախկին զուգընկերուհուն ասել է, որ իր հեռացումից հետո թող ասի, թե իբր ինքը Կանադայում է: Զուգընկերուհին Շեյնի մահվան մասին հայտարարել է նրա մահից միայն ութ ամիս անց, այս տարվա հունիսին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բացառիկ գիտաժողով՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին

Հաջորդ գրառումը

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ընդդեմ պատմության խեղաթյուրման

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական