Իրանը պատերազմ չի հայտարարի Ադրբեջանին
Ներքին ճգնաժամերը հաղթահարելու, հետեւաբար սեփական իշխանության խարխլված հիմքերն ամրապնդելու նպատակով որոշ երկրների առաջնորդների կողմից միջազգային մակարդակով սադրանքների գնալու միտումը քաղաքագիտության մեջ ստացել է «պրոյեկցիան արտաքին քաղաքականության մեջ» անվանումը։
Պարզագույն տրամաբանության վրա հիմնված այս հայեցակետն, այնուամենայնիվ, միջազգային հարաբերությունների ամենավիճահարույց տեսություններից է, որի հիմքում ընկած են կոնկրետ պատմական իրադարձություններ։ Ըստ այդմ, որեւէ պետության քաղաքական ղեկավարի կողմից իր երկրի ներքին խնդիրների առնչությամբ ծագած նպատակներին հասնելու համար կիրառվող հարձակողական հռետորաբանության անխուսափելի հետեւանքներից մեկը կարող է լինել պատերազմը։
Տվյալ տեսության համաձայն, եթե «պրոյեկցիայի» հետեւանքով պատերազմ է հրահրվում, դրա հիմնական շահառուին՝ իշխանությանը հաջողվում է հանրային կարծիքը շեղել դեպի երկրի ներքին խնդիրներն ու ձեռք բերել բավարար լեգիտիմություն՝ սեփական ժողովրդին միասնական դրոշի ներքո համախմբելու անվան տակ չեզոքացնելու ընդդիմադիր ուժերին։
Իրանում շահական վարչակարգի տապալումից հետո ձեւավորված Իսլամական Հանրապետության հիմքերն ամրապնդելու եւ հեղափոխությունից հետո քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու նպատակով ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հրահրված իրանաիրաքյան պատերազը, քաղաքագետների մեծամասնության գնահատմամբ, նույնպիսի նպատակ էր հետապնդում։ Տվյալ ժամանակահատվածում երկրի ղեկավարությունը պատերազմն օգտագործեց ոչ միայն հակահեղափոխականների նկատմամբ ճնշումները լեգիտիմացնելու, այլ նաեւ ժողովրդին «միասնական դրոշի ներքո» համախմբելու եւ նոր քաղաքական համակարգը սնուցող հայրենասիրական միջավայր ստեղծելու համար։
Սակայն, արտաքին քաղաքականության մեջ «պրոյեկցիան» ոչ միշտ է ծառայում իշխանությունների նախատեսած նպատակներին։ 20-րդ դարի սկզբին ռուս-ճապոնական պատերազմը, ըստ քաղաքագիտական հանրույթի գերակշռող հատվածի, պատկանում էր հենց «պրոյեկցիոն» պատերազմների շարքին, որը հրահրվել էր ցարական Ռուսաստանի կողմից՝ երկրում օրավուր աճող հեղափոխական շարժումները ճնշելու նպատակով։ Չնայած Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ երկրորդին սկզբնական շրջանում հաջողվեց հասնել իր նպատակին, սակայն, ի վերջո, պատերազմն ավարտվեց հօգուտ Ճապոնիայի, ինչը հեղափոխականների հաղթանակի համար հող նախապատրաստեց։
Այլ կերպ ասած, արտաքին քաղաքականության մեջ «պրոյեկցիան» նման է երկսայր թրի, որի վերջնական հաջողության համար անհրաժեշտ են բազմաթիվ այլ գործոններ։
Այսօր, աշխարհում ընթացող բեկումնային փոփոխությունների պայմաններում, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը լրջագույն մարտահրավերների առաջ է կանգնեցրել որոշ երկրների, այդ թվում՝ նաեւ Իրանի քաղաքական ղեկավարությանը։
Սակայն, հայտնի դեպքերի բերումով վերջերս Իրանում բռնկված բողոքի ակցիաների ծավալները մի կողմից, եւ մյուս կողմից՝ տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների աստիճանը որեւէ կերպ չեն կարող լայնածավալ պատերազմն արդարացնելու համար բավարար հիմք հանդիսանալ։
Այդպիսի պատերազմի համար պահանջվող հսկայական միոցներից բացի, կասկածի տակ կդրվի նաեւ Իրանի միջազգային լեգիտիմության հարցը։
Այս պարզ իրողությունը հաշվի առնելով, Հայաստանում չպետք է ձեւավորվի այն մտայնությունը, թե Իրանն, իր ներքաղաքական խնդիրներից ելնելով, կամ Հայաստանի ազգային ու անվտանգային շահերը հաշվի առնելով, ռազմական բախումների կգնա Ադրբեջանի դեմ, եւ անհրաժեշտության դեպքում, ինչպես Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսն էր հավաստիացնում, կպաշտպանի սյունեցիներին։
Իրանի ղեկավարությունը վերջերս հաճախ է իր պաշտոնական խոսափողերն օգտագործում պատերազմական գործողություններից խուսափելու իր մտադրության մասին միջազգային հանրությանը տեղյակ պահելու համար։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակից բացի, այդպիսի հավաստիացումներով օրերս հանդես է եկել նաեւ Իրանի Գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, նշելով, որ Իրանը երբեք մտադրություն չի ունեցել ներխուժելու Ադրբեջան, կամ վերահսկողության տակ առնելու այն։
Հաշվի առնելով 17 տարի Իրանի արտաքին գերատեսչության ղեկն ստանձնած եւ ներկայումս Իրանի Գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդականի կարեւոր պաշտոնն զբաղեցնող Ալի Աքբար Վելայաթիի խոսքի կշիռը, կարեւոր ենք համարում ուշադություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության մասին նրա արտահայտած տեսակետներին, ինչը մեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել հարեւան Իրանի վարած արտաքին քաղաքականության ադրբեջանական ուղղության առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ հնարավորություն կտա հստակեցնել մեր ակնկալիքների սահմանները։
Հատկանշական է, որ ծագումնաբանորեն ազերիների հետ ոչ մի կապ չունեցող քաղաքական գործիչը խորհրդանշանաբար իրեն ազերիական ծագում վերագրելով՝ հավելում է, որ ինքը մյուս իրանցիների նման հայրենիքի բոլոր հատվածները համարում է իր հոգու եւ սրտի մասնիկներն ու պատրաստ է հանուն հայրենիքի կյանքը դնել զոհասեղանին։
Վելայաթիի համոզմամբ, յուրաքանչյուր ազերի իրանցի է, իսկ յուրաքանչյուր իրանցի՝ ազերի, անգամ եթե այդ իրանցին կամ ազերին գտնվեն Իրանից դուրս, կամ ունենան այլ երկրների անձնագրեր։
Փարատելով վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման հարցով մտահոգ մարդկանց կասկածները, իրանցի պաշտոնյան հայտարարում է, որ ոմանք անգիտակցաբար, ոմանք էլ միտումնավոր լուրեր են տարածում, թե իբր Իրանը մտադիր է պատերազմել Ադրբեջանի հետ։ Նա հերքելով այդ լուրերի հավաստիությունը՝ հայտնում է, որ սա Իրանին ուղղված ամենատմարդի զրպարտություններից է։ Նա հավաստում է, որ Իրանը մտադիր չէ ագրեսիա գործադրել Կովկասում եւ այլ տարածաշրջաններում գտնվող երկրների՝ հատկապես իր հարեւանների նկատմամբ։ Շարունակելով միտքը, Վելայաթին ասում է, որ դա հատկապես վերաբերում է իրանցիների հետ միեւնույն ծագումն ու ավանդույթներն ունեցող, ընդհանուր պատմություն կերտած ցեղակից ու դավանակից ազերիներին, կամ Վելայաթիի ձեւակերպմամբ՝ Իրանի աչքի լույսը համարվող Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին։
Խոսքն ուղղելով տարածաշրջան մուտք գործելու ցանկությամբ տոգորված խառնակիչներին (Իրանի ու Ադրբեջանի թշնամիներին), Վելայաթին հայտարարում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու տարածաշրջանի մյուս երկրները թույլ չեն տա տարբեր պատրվակներով բույն դնել տարածաշրջանում եւ խռովություն առաջացնել այնտեղ։
Հստակեցնելով արտաքին քաղաքականության վերաբերյալ Իրանի մտադրությունները, ԻԻՀ առաջնորդի գլխավոր խորհրդականը հավաստիացնում է. թեեւ տարբեր հանգամանքներից ելնելով Իրանի ու Արաքս գետի հյուսիսային հատվածներում բնակվող ազերիների միջեւ բաժանում է տեղի ունեցել, սակայն Իրանը տարածքներ գրավելով, սահմանները վերացնելու մտադրություն չունի։
Վելայաթիի խոսքերով, եթե տարածաշրջանի 6 երկրներից որեւէ մեկը սահմանները խախտելու միջոցով փորձի խաթարել Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանների անվտանգությունը, վստահաբար կհանդիպի Իրանի հակազդեցությանը։
Ի դեպ, վեց երկրների մասին Վելայաթիի ակնարկը վերաբերում էր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար Իրանի ու Թուրքիայի առաջարկած 3+3 հարթակի մաս կազմող երկրներին, որը պիտի փոխարիներ տարիներ շարունակ միջազգային մանդատով Արցախյան հարցի կարգավորմանը կոչված «Մինսկի խմբի» աշխատանքներին։
Ալի Աքբար Վելայաթին իր ելույթի մեկ այլ հատվածում ինքն է անդրադառնում իր նշած վեց երկրներին, պարզաբանելով, որ այս տարածաշրջանի հանրապատկերում առկա Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի անվտանգության հարցերը հեռավոր անցյալից՝ Աքեմենյան Կյուրոսի ժամանակներից մինչեւ 200 տարի առաջ, մինչ Ֆաթհալիշահի տիրապետության շրջանը, փոքր ի շատե վերապահված է եղել Իրանին։
Վստահելով հանդերձ Վելայաթիի գիտելիքներին, այնուամենայնիվ զարմանք է հարուցում Կյուրոսի ժամանակներից Ադրբեջանը տարածաշրջանում որպես առանձին միավոր ներկայացնելու ԻԻՀ բարձրաստիճան պաշտոնյայի հավաստիացումները։
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան