«Հայաքվե» նախաձեռնության՝ 58.000 ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելու միջոցառում-ակցիային երեկ ներկա էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Լրագրողների հետ զրույցում նա նախ Արցախից խոսեց՝ ասելով, որ արցախցիներն այս օրերին բացառիկ քաջություն ու տոկունություն են ցուցաբերում: «Այն, ինչ այս օրերին անում են արցախցիները, աննախադեպ է: 120 հազար մարդու՝ փոքր, ծծկեր երեխաներով, մեծահասակներով, ադրբեջանցիները սննդի այլընտրանք են առաջարկում, բայց մեր հայրենակիցներն ասում են՝ չենք ուզում, չենք վերցնի: Սա հերոսություն է, սա մեծ օրինակ է մեր ժողովրդի համար : Միայն համառությամբ ու ուժով կարելի է փոխել իրավիճակը,- ասում է ՀՀ 3-րդ հանրապետության առաջին վարչապետն ու ավելացնում,- Հայաստանն ու Արցախը շաղկապված են. չի կարող մի մարմինն առանց մյուսի գոյություն ունենալ»:
Խոսելով «Հայաքվե» նախաձեռնությունից՝ Մանուկյանը, առանձնացնելով դրա քաղաքական նշանակությունը, ընդգծում է. «Կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն: Ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 92 թ.ին է խորհրդարանը որոշում ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին»:
Թեմայի վերաբերյալ Մանուկյանին նաեւ «Ազգ»-ը հարցեր ուղղեց:
– «Հայաքվե» նախաձեռնության ներկայացրած օրենսդրական փաթեթով՝ դատապարտվելու են բոլոլր այն իշխանություններն ու պետական այրերը, որ Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչելու կամ էլ հարցականի տակ են դնելու Ցեղասպանության լինելիության հանգամանքը: Եթե խոսքն առհասարակ բոլոր իշխանությունների մասին է, ապա ինչո՞ւ է որպես թիրախ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ընտրվել:
– Որովհետեւ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ նման բան չլինի: ՔՊ-ն միակն է, դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված:
– Բայց ՔՊ-ն, որպես հակափաստարկ, ասում է՝ չգիտեք, թե առաջիկայում ո՞վ կգա իշխանության ու ի՞նչ թեզ առաջ կտանի:
– Ես նույնպես չգիտեմ՝ առաջիկայում ով կգա իշխանության, բայց գիտեմ՝ ով կգնա:ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ